Մշակույթ

Թատերական իրարանցում մեկ ներկայացման շուրջ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 27-ին առաջին անգամ բեմ բարձրացած «Սառցե սիրտը» մանկական ներկայացումը կոտրեց վերջին տարիների այն սառցե կարծրատիպը, թե ժամանակակից հայ թատրոնն ունի հանդիսատեսի խնդիր:

Ճիշտ և ճաշակով բեմադրված ներկայացումը փաստեց, որ հանդիսատեսի խնդիր չկա, կա լավ ներկայացման խնդիր:

Պրեմիերայից մինչ օրս «Սառցե սիրտն» ունեցել է 16 հազար հանդիսատես: Կարծիքները միայն դրական են:  Մեկ ներկայացման շուրջ ստեղծված թատերական իրարանցմանը Ռադիոլուրն է անդրադարձել:

Համաձայնեք, որ մեր իրականության համար  փոքր- ինչ արտասովոր իրավիճակ է՝ մարդիկ ներկայացման տոմս են ուզում գնել ու պարզվում է, որ դա լուրջ խնդիր է: Ամանորի տոնական օրերին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմ բարձրացած «Սառցե սիրտը» մանկական ներկայացման տոմսերը վաճառվում էին չափազանց արագ: Պրեմիերայից մինչ օրս «Սառցե սիրտն» ունեցել է 16 հազար հանդիսատես:

«Սառցե սիրտը» եկավ փաստելու, որ հանդիսատեսի դիֆիցիտի մասին վերջին տարիներին անընդհատ շրջանառվող խոսակցությունները, մեղմ ասած, այնքան էլ հիմնավոր չեն: Ճաշակով ու գեղեցիկ բեմադրված ընդամենը մեկ ներկայացում ու կոտրվեց տասնամյակների կարծրատիպը: Ներկայացման ռեժիսոր Լիլի Էլբակյանի խոսքով, հանդիսատեսը գնահատում է լավ աշխատանքը:

Բացի այդ, ըստ ռեժիսորի, «Սառցե սրտի» հաջողությունը պայմանավորված է նաև նրանով, որ այն մանկական ներկայացում է, իսկ երեխային լավագույնը նվիրելու համար ծնողը ոչինչ չի խնայում:

Մայր թատրոնի փոխտնօրեն  Հրաչ Ներսիսյանը ևս համոզված է՝ լավ աշխատանքը հանդիսատեսը գնահատում է, իսկ փոքրիկ հանդիսատեսն ավելի քան ազնիվ ու անաչառ է, նաև՝ գեղեցիկը տեսնող ու գնահատող: Հենց նրանց ոգևորությամբ էլ պայմանավորված է ներկայացման շուրջ ստեղծված այս գեղեցիկ  իրարանցումը:

«Սառցե սիրտն» արդեն առանց Ձմեռ պապի ու Ձյունանուշի կընդգրկվի Մայր թատրոնի մշտական խաղացանկում: Սա այն դեպքն է, երբ  իսկապես կարելի է ասել՝  հանդիսատեսի պահանջով թատրոնի կոլեկտիվը ստիպված է ավելացնել ցուցադրությունների թիվը:

Back to top button