Քաղաքական

Արտախորհրդական ուժերը քաղաքական գործունեություն ծավալելու հայտեր են ներկայացնում

 

Ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած եւ, ըստ էության, անգործության մեջ հայտնված քաղաքական ուժերը, կարծես, ապրիլին ընդառաջ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու հայտեր են ներկայացնում:

Այս անգործությունը որոշ չափով խախտելու նշաններ երեւացին հունվարի սկզբներին արձանագրված թանկացումների արդյունքում: Խորհրդարանական ընդդիմադիր «Ելք»-ն առաջիններից մեկն արձագանքեց դրան՝ հայտարարելով հունվարի 19-ին բողոքի ակցիա անցկացնելու մասին: Թանկացումներին արձագանքեցին նաեւ արտախորհրդարանական մի շարք ուժեր՝  արձանագրելով, որ այդ թանկացումները տանում են սոցիալական պայթյունի:

Նրանց արձագանքը, սակայն, հայտարարություններից այն կողմ կարծես առաջ չի անցնում: Համենայնդեպս՝ առայժմ այդպես է երեւում. Արտախորհրդարանական ուժերը շարունակում են պասիվ մնալ: Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, սակայն, համաձայն չէ, նման դիտարկման հետ: Կոնկրետ Ազատ դեմոկրատները մշտապես արձագանքում է թե՛ երկրի ներքին, թե՛ արտաքին կարեւոր անցուդարձերին՝ ասաց:

Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ իրենք «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային մասնակցելու որեւէ որոշում չունեն, քանի որ նախ՝ այդպիսի հրավերք չի եղել, հետեւաբար, կուսակցությունում էլ նման քննարկում չի անցկացվել:

«Բայց այն մոտեցումն ունենք, որ Հայաստանում միայնակ ոչ ոք ոչինչ անել չի կարող՝ լինի դա կուսակցություն, թե քաղաքական գործիչ: Համատեղ ջանքեր են պետք եւ մենք այդ համատեղ ջանքերի կողմնակիցն ենք եղել միշտ»:

Քաղաքական պայքարի տարբեր փուլերում էլ մեր ընդդիմադիր գործընկերների հետ համագործակցել ենք ու այդ մոտեցումն էլ մնում է՝ հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

Սակայն, նրա խոսքով, ամեն ինչ իր ժամանակն ունի եւ չի կարծում, որ հունվարի 19-ը լավագույն ժամանակն է, առավել եւս, երբ թանկացումներն ընդամենը հետեւանք են, մինչդեռ, անհրաժեշտ է պատճառները վերացնելու համար պայքարել եւ համախմբված ուժերով:

Հակառակ դեպքում՝ գոլորշի բաց թողնելու անարդյունավետ քայլ է ստացվում ընդամենը՝ փոքր կամ մանր դիվիդենտներ շահելու համար, ասաց Ժառանգության փոխնախագահը: Նման մտավախություն հայտնեց նաեւ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Մեզ հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նույնպես չկիսեց դիտարկումը, որ արտախորհրդարանական ուժերը պասիվ են: Նա վստահեցրեց, որ կոնկրետ Ժառանգության քաղաքական օրակարգը համահունչ է հասարակությունում առկա տրամադրություններին եւ երկրում գոյություն ունեցող իրավիճակին: Ասաց, որ փորձում են ընդդիմադիր միասնական դաշտ ստեղծելով պայքարել երկրում արմատապես իրավիճակ փոխելու համար: Ժառանգության փոխնախագահը միաժամանակ տեղեկացրեց նաեւ, որ նախընտրական իրենց դաշինքը, որպես այդպիսին, գոյություն չունի:

Ապրիլին ընդառաջ էլ Ժառանգությունը պատրաստ է շարունակել համակարգի փոփոխության համար պայքարը, եթե միասնական ընդդիմադիր դաշտ ձեւավորվի՝ հետագա հնարավոր քաղաքական օրակարգը հստակեցրեց Արմեն Մարտիրոսյանը:

Ժառանգության երբեմնի դաշնակիցներից մոտեցումներ հստակեցնել այսօր մեզ չհաջողվեց:

Ազատ դեմոկրատների ներկայացուցիչը գարնանային քաղաքական անցուդարձերում էլ չի տեսնում այնպիսի գործընթաց, որը կարող է ձեւավորել արտախորհրդարանական ուժերի համախմբման անհրաժեշտություն: Ներկայիս խորհրդարանում ձեւավորված պատկերն էլ թույլ է տալիս իշխանությանը հանգիստ իրականացնել ապրիլին տեղի ունենալիք փոփոխությունները՝ վերջնական անցում կատարելով լիարժեք  խորհրդարանական կառավարման համակարգին:

ԱԴ-ն էլ իր քաղաքական օրակարգը չի պայմանավորում այդ փոփոխություններով՝ թեպետ դրանք որոշակի ազդեցություն կուսակցության օրակարգի եւ մոտեցումների վրա կունենան: Հստակ նախանշումներ էլ, Անժելա Խաչատրյանի փոխանցմամբ, կարվեն առաջիկա համագումարում:

Back to top button