Մշակույթ

Օպերայի մասին Սերգեյ Առաքելյանի գրքի շնորհանդես՝ Oպերային թատրոնում

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը  հանրությանն է ներկայանում նոր գրքով՝ նվիրված Երևանի օպերային թատրոնին:

Գրքում հանգամանորեն ներկայացված է  թատրոնի հիմնադրման պատմությունը, հիմնադիրների և արտիստների  կենսագրությունները: Աշխատությունն առանձնանում է թատրոնի հարուստ պատմությունը  ներկայացնող լուսանկարներով:

«Չգիտեմ՝ ե՞րբ, ու՞մ կողմից, բայց  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը անպայման պիտի գրվեր: Երջանիկ  եմ, որ այդ բախտը հենց ինձ վիճակվեց»,- «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» աշխատության հեղինակ  Սերգեյ Առաքելյանի խոսքերն էին՝ հնչած Օպերային թատրոնում կայացած շնորհանդեսին.

«Որովհետև մենք թատրոնի հետ գրեթե հասակակիցներ ենք. ես մեծացել եմ թատրոնի հետ, թատրոնի կողքին, թատրոնի մեջ  և դեռ 4-րդ դասարանից հավաքել եմ նյութեր Օպերային թատրոնի մասին»:

«Չափազանց երջանիկ եմ ներկայացնելու այս հանճարեղ գիրքը՝ գրված հանճարեղ մարդու կողմից: Սա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին արժեքավոր տեղեկատվություն  պարունակող հանրագիտարանային աշխատություն է: Այն մեր թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերն է»,- ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` «Այս գիրքը ոչ միայն պատմություն է, այլև ոգևորության առիթ է, որպեսզի մենք ևս ստեղծենք այս մշակույթին համարժեք  մշակույթ,  ապահովենք այս պատմության շարունակականությունը»,-մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նաև հույս հայտնեց, որ Սերգեյ Առաքելյանի «ձեռամբ» կգրվի նաև Օպերային թատրոնի վերջին տասնամյակների ձեռքբերումների, Մաեստրո Օրբելյանի օրոք թատրոնի վերածննդի պատմությունը»:

«Սերգեյը շատ զարմանալի ու «տարօրինակ մարդ է, զգույշ եղեք հետը: Բոլորիս մասին, ինչ ասես, ունի գրած,-կատակեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը՝ հավելելով.

«Սերգեյ Առաքելյանի մոտ է  գտնվում Սայաթ Նովային վերաբերող 2500 փաստ, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի, Շիրվանզադեի ձեռագրերը: Ես շատ եմ ուզում, որ մենք այնքան հասունանանք, որ եկող տարի հերթական սուպերմարկետը բացելու փոխարեն, բացենք մի շենք, որտեղ կպահպանվեն այդ նյութերը»:

«Եկող տարի ծրագրված է Սայաթ Նովայի թանգարանը բացել Հաղպատում, և մենք արդեն բանավոր պայմանավորվածություն ունենք Սերգեյ Առաքելյանի հետ»,-արձագանքելով Ղազանչյանի դիտարկմանը, շտապեց տեղեկացնել նախարար Ամիրյանը:

Back to top button