Մշակույթ

Երկու ծավալուն ժողովածու, որոնք կոտրում են կարծրատիպը, թե հայ կնոջ տեղը խոհանոցում է


Երկու ծավալուն ժողովածուներ, որոնք կոտրում են կարծրատիպը, թե հայ կնոջ տեղը խոհանոցում է: «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» և  «Հայ հերոսուհի կանայք». Էդիկ և Տաթևիկ Մինասյանների հեղինակած ժողովածուները հրատարակվել են ՀՀ սփյուռքի և Մշակույթի նախարարությունների  հովանավորությամբ:

 

«Սկսած Ռբեից, որը հեղինակի՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի պապի մայրն էր, Մորուք Կարոյի կնոջից՝ Մարթայից  ու սասունցի այլ հերոսուհիներից,  մինչև Ուրֆայի, Շապին Գարահիսարի, Տարոն աշխարհի հերոսամարտերի հայ հերոսուհիները. առաջին գրքում ամբողջությամբ ներկայացված է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի  հայ ազգային-ազատագրական պայքարում  ակտիվ մասնակցություն  ունեցած հայուհիների  կյանքն ու քաջագործությունները: Երկրորդ գրքում հայդուկային պայքարի, Երկրորդ աշխարհամարտի, ինչպես նաև Արցախյան  հերոսամարտի մասնակից  հայուհիների սխրագործություններն են»,-ասում է Էդիկ Մինասյանը:

Էդիկ Մինասյանի խոսքով ներկայացված գրեթե բոլոր հայուհիներին միավորում է հայրենիքի ազատագրության գաղափարն ու մասնավորապես թուրքական բռնակալության դեմ պայքարը:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն աշխատությունները կարևորում է նրանով, որ դրանցում առավելապես շեշտադրված է հայ կնոջ դերը ազգային-ազատագրական շարժման մեջ, որտեղ ամբողջանում է հայ կնոջ նվիրված ու հերոսական կերպարը:

«Եթե ուրիշ երկրներում, օրինակ՝ եվրոպական,  կանանց տեղն ու դերը իմաստավորվել է ֆեմինիստական շարժման մեջ, ապա մեզանում կինը ոչ թե անձի ազատագրման համար է մտածել, այլ կապանքների մեջ գտնվող ազգի: Նա հայտնվել էր հոր, ամուսնու, եղբոր, որդու  կողքին՝ ազգը փրկելու նպատակով: Եվ հետաքրքիրն այն է, որ հայ ազգային- ազատագրական շարժման պատմության մեջ տղամարդու կողմից կինը դարձյալ շարունակում է ընկալվել  որպես մայր, մայրության խորհրդանիշ»:

Միտքը ընդհանրացնելով Աշոտ Մելքոնյանն ասում է. «Հայ կինը ընտանիքի մայրն է, ընտանիքի հիմքը, բայց իրավիճակից  ելնելով նա նաև զինվոր է՝ տղամարդու կողքին կանգնած»:

Back to top button