ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. Հայաստանը ԵՏՄ անդամակցությունը չի հակադրում ԵՄ հետ երկխոսությանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը  երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով, այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր սերբ պաշտոնակցի՝ Տոմիսլավ Նիկոլիչի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ։ «Եվրասիական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով և մատչելի էներգակիրների հասանելիությամբ ու միասնական տրանսպորտային լուծումների ներդրմամբ պայմանավորված մեր տնտեսության մրցունակության և արդյունավետության բարձրացման նոր հնարավորություններ են առաջ գալիս»,- ասել է ՀՀ նախագահը։

Միաժամանակ նա շեշտել է, որ այս գործընթացը Հայաստանը չի հակադրում Եվրոպական միության հետ ունեցած երկխոսությանը: «Այն շարունակվում է և շարունակվելու է, քանի որ մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր, մենք ունենք ընդհանուր ժառանգություն, որի վրա հենվելով՝ շարունակում ենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը»:

Սերժ Սարգսյանը Սերբիայի նախագահի այցը գնահատել է եվրոպական երկրների հետ բոլոր բոլոր մակարդակներում ինտենսիվ քաղաքական շփումների վկայություն։

Տոմիսլավ Նիկոլիչն իր հերթին արձանագրել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ Եվրամիության անդամ՝ միաժամանակ  ձգտելով բարեկամներ ունենալ աշխարհով մեկ։ Նա ընդգծել է, որ Սերբիան չի մոռանա իր բարեկամներին Եվրամիությանն անդամակցելուց հետո, բայցև չի լքի Եվրամիությունը բարեկամների համար, այդ ճանապարհին ոչ մեկին չի վտանգի: Նա նշել է, որ Սերբիան ցանկանում է ավելի լավ կյանք ապահովել իր քաղաքացիների համար: Այն, որ իր երկիրն այժմ տնտեսական ճգնաժամ է ապրում, նախագահ Նիկոլիչի խոսքով, Սերբիայի նախկինում կատարած որոշակի սխալների հետևանքն է, երբ մոռացել է իր հին բարեկամների մասին՝ ընկնելով միայն սեփական շահերի հետևից: Նախագահ Նիկոլիչն ընդգծել է՝ մեր շահն այսօր բարեկամությունն է:

Կոսովոյի եւ ԼՂ մասին
Բանակցություններում ՀՀ նախագահը կարեւորել է փաստը, որ չնայած կարգավիճակի չճանաչմանը Սերբիան ուղիղ բանակցություններ է վարում Կոսովոյի հետ։ Սերժ Սարգսյանը անհեռանկարային է համարում հակամարտությունների իրավիճակում ընտրված իշխանություններին լեգետիմ գնահատելը, քանի որ դրա այլընտրանքը քաոսն է։

«Ես վերահաստատել եմ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ և նշել, որ մենք գնահատում ենք Սերբիայի հավասարակշռված մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասով և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին»։

Նախագահ Նիկոլիչն իր երկրի անունից աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված խաղաղ բանակցային գործընթացում ձևավորված Մադրիդյան սկզբունքներին և հաջողություն մաղթել Հայաստանին՝ իր իրավունքներն իրացնելու և պաշտպանելու գործում:

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի և Մետոխիայի անկախությունը չճանաչելու և նաև Կոսովոյում միջազգային խաղաղապահ գործողություններին հայ զինվորների մասնակցության համար: Նախագահ Նիկոլիչն ընդգծել է, որ այդ զինվորները պաշտպանել են նաև սերբերին, ամեն ինչ արել են, որպեսզի պահպանեն խաղաղությունն ու կայունությունը:

Back to top button