Հասարակություն

Ընտրարշարվը ձանձրալի ու կանխատեսելի է, ասում են խմբագիրները

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Տպագիր մամուլի մեր գործընկերների համար ներկայումս ընթացող նախընտրական պայքարը, ի տարբերություն նախորդների, բավականին անսովոր է: «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը համապետական ընտրությունները լուսաբանում է ավելի քան 20 տարի և ընթացիկ ընտրարշավը, ըստ իրեն, բավականին ձանձրալի և կանխատեսելի է։

Տիկին Օհանյանը կարծիք հայտնեց, որ այս նախընտրական քարոզարշավում բացակայում է իրական պայքարը, մրցավազքը, ինչը վկայում է երկրի քաղաքական կյանքի մեռյալ վիճակի մասին:Այստեղ  մեղքի իրենց բաժինը ունեն թե իշխանությունները, թե ընդդիմությունը, նշեց նա:

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն իր հերթին նկատեց, որ լրատվամիջոցների համար ստեղծվել է բավականին դժվար իրավիճակ` լուսաբանման տեսանկյունից: Շատ հաճախ լրագրողներն են ստիպված լինում կատարել քաղաքական ուժերին բնորոշ գործառույթները։

Ըստ Բաբաջանյանի՝ քաղաքական դաշտը այժմ իրականում իր մեջ էներգիա է կուտակում` նախագահական ընտրություններին հաջորդող զարգացումների համար, մասնավորապես՝ 2017-2018 թվականներին սպասվող հերթական համապետական ընտրություններին ընդառաջ: Դրանով է պայմանավորված խորհրդարանական հիմնական` այլընտրանքային և ընդդիմադիր քաղաքական ուժերի պասիվ կեցվածքը այս ընտրարշավում, նշեց «Ժամանակի» խմբագիրը:

Այնուամենայնիվ՝ օրաթերթերի ղեկավարներն ունեն նախագահի նախընտրած թեկնածու, սակայն փորձում են հաշվի առնել նաև ընթերցողների արձագանքները՝ ներկայացնելով և ընտրապայքարի այլ մասնակիցներին, որոնք, ի դեպ, այսօր բավականին անտարբեր են մամուլի հանդեպ։

Թողնել պատասխան

Back to top button