ԿարևորՔաղաքական

Չախալյանը ռուսական էմիսա՞ր, թե՞ Սահակաշվիլիի վարչակարգի զոհ

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»Թբիլիսի

Ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը սուր քննադատության է ենթարկվել Վրաստանի նախագահի և նրա ղեկավարած կուսակցության կողմից: Չախալյանն ազատ էր արձակվել հունվարի 24-ին` Վրաստանում հայտարարաված համաներման շրջանակներում:
Նա ձերբակալվել էր 2008 թվականին: 2009թ դատարանը նրան դատապարտել էր 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» համար:
Նրան ազատ արձակելուց հետո հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, ով Չախալյանին համարեց «վրացական պետականության ներքին թշնամի»։

«Ազատ արձակեցին վրացական պետականության ներքին թշնամուն։ Նա պահանջում է Վրաստանի պառակտումը, նրան անկարգություններ են պետք և քաղաքացիական պատերազմ երկրում»,- հայտարարեց Սահակաշվիլին։
Երկրի նախագահը կանխատեսում է, որ Չախալյանի վերադարձը Ախալքալաք կարող է վտանգի տակ դնել Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը:

Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին Չախալյանին անվանել է ռուսատանյան ռազմական հետախուզության «էմիսար», ով «2003 – 2008 թվականներին պայքարել է ռոսական զորքերի դուրսբերման, Ջավախեթիի սոցիալական, քաղաքական և տնտեսական ինտեգրման դեմ»:
Ի պատասխան Սահակաշվիլիի ու նրա կուսակիցների հայտարարության՝ Վրաստանի պատիժների իրագործման նախարար Սոզար Սուբարին հիշեցրել է, որ Վրաստանում ազատված հայ ակտիվիստը Ռուսաստանի հատուկ ծառայությունների օգտին աշխատելու համար չէր պատիժ կրում։
Չախալյան ասում է, որ եթե իր գործունեության մեջ լիներ անջատողականության փոքր նշույլ անգամ, նախկին իշխանություններն իրեն արդեն դատապատած կլինեին այդ հոդվածների հիման վրա: Ջավախահայ գործիչն ասում է, որ ինքն անազատության մեջ էր, քանի որ պահանջում էր իշխանություններից հարգել Ջավախքի բնակչության իրավունքները։
«Սահակաշվիլիի ռեժիմն ուղղված էր հատկապես հայության դեմ: Այդ տարիներին 30-40 հազար հայ է լքել Վրաստանը»,- ասել է նա։
Չախալյանը ափսոսում է, «որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղի տվեց իր հանդեպ Սահակաշվիլիի ռեժիմի նախկին սպասավորների զրպարտությունների տարափին` իր անունը հանելով Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատված քաղբանտարկյալների վերջնական ցուցակից»։
Չախալյանի ազատ արձակումը ողջունում են ծննդավայրում: Ախալքալաքում գործող «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանն ասում է, որ «Չախալյանը նախկին իշխանությունների ռեժիմի զոհն էր. եթե մարդն օրենք է խախտում և նրան դատում են այլ բան է, իսկ երբ նրան դատապարտում են քաղաքական հայցքների համար, դա շատ ծանր է: Մեր տարածաշրջանում օրենքները չէին գործում և ամեն ինչ կարգավորվում էր անձերով` այս բանը կարելի, սա չի կարելի… եթե նոր իշխանության օրոք սահմանդրությունն աշխատի, մասնավորապես նաև հայության համար, մենք պահանջ չենք ունենա…»։

Թողնել պատասխան

Back to top button