Քաղաքական

ՀՀ նախագահի թեկնածուն ԿԸՀ- ից տվյալներ է ուզում

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նամակ է հղել ԿԸՀ նախագահին՝ խնդրելով իրենց տրամադրել ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, ՀՀ-ից հեռացած քաղաքացիների,  ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց մասին տվյալները։

«Հայաստանում այսօր, ցավոք, ընտրությունների իրավաչափությունը ճանաչելու համար նախատեսված իրավական չափորոշիչները վստահություն չեն ներշնչում, ինչը հանգեցրել է հանրության մի զգալի մասի մոտ այն ոչ անհիմն համոզմունքի ձևավորմանը, ըստ որի իշխանությունները մշտապես կեղծել են ընտրությունները: Ստեղծված պայմաններում այս խնդիրը կարող է լուծվել միայն հասարակության ու իշխանության միջև գործնական երկխոսության արդյունքում, այսինքն` վիճելի հարցերի վերաբերյալ քաղաքական փոխհամաձայնության հանգելու ճանապարհով:

Քանի որ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող բոլոր մակարդակների ընտրությունների գործնական կազմակերպումը և ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանության ապահովումը ՀՀ ԿԸՀ-ի գործառույթն է, որպես առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու հարկ եմ համարում մտահոգությունս հայտնել այն կապակցությամբ, որ ՀՀ-ից արտագաղթած հարյուր հազարավոր ընտրողների քվեները կարող են տարբեր եղանակներով օգտագործվել ընտրակեղծարարների կողմից հօգուտ իրենց նախընտրած թեկնածուի: Նախկինում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններում քվեարկած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ ներկայացված պաշտոնական ամփոփիչ տվյալները բացահայտորեն անարժանահավատ են և ամենապարզ հաշվարկներով առնվազն 400-500 հազարով գերազանցում են ՀՀ-ում փաստացիորեն մնացած ընտրողների քանակը: Այս առումով, համեմատաբար ճշմարիտ կարելի է համարել միայն 2012թ. տարեվերջին երկու ընտրատեղամասերում անցկացված լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների մասնակիցների վերաբերյալ թվային տվյալները, որոնց համաձայն դրանց մասնակցել էր գրանցված ընտրողների միջինը` մոտ երեսունհինգ տոկոսը: Առաջիկայում ընտրություններին իրականում մասնակցած ընտրողների թվի  վերաբերյալ ցանկացած կասկած կանխելու համար նպատակահարմար եմ գտնում հրապարակել ՀՀ անկախացումից ի վեր`

— ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների,

— ՀՀ-ից հեռացած քաղաքացիների,

— ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց

վերաբերյալ պաշտոնական վիճակագրական  տվյալները: Հասկանալի է, որ այդ տվյալները  բացարձակ ճշգրիտ լինել չեն կարող և կունենան սխալմունքի որոշակի չափ, սակայն,  անգամ մոտավոր տվյալների հրապարակումն արդեն որոշակիություն կմտցնի այս հարցում: Մեր գնահատմամ,բ երկու աշխատանքային շաբաթը բավարար  ժամանակ է համապատասխան տեղեկատվությունը  ստանալու համար, եթե նման հրահանգ տրվի` գյուղական բնակչության մասով գյուղապետերին, իսկ քաղաքային բնակչության մասով` շենքերի լիազորներին:

Իմ նախընտրական շտաբը ևս, հիմնվելով բաց շրջանառության մեջ գտնվող պաշտոնական և ոչ-պաշտոնական տվյալների վրա, ինքնուրույն կկատարի համապատասխան հաշվարկներ, որոնք և կներկայացվեն հանրությանը»,- ասված է նամակում։

Թողնել պատասխան

Back to top button