Քաղաքական

ԿԸՀ- ն բաշխեց նաեւ գովազդային վահանակները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում քննարկել է հանրապետության նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի դիմումը, որով դիմումատուն խնդրում էր չքննարկել հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառներ տեղադրելու համար տրամադրվող արտաքին քաղաքական գովազդային վահանակներից օգտվելու համար նախկինում ներկայացրած իր հայտը: Արամ Հարությունյանի դիմումը բավարարվել է:

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածուների միջև բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու իրավունքը:
Բաշխումն իրականացվել է` հաշվի առնելով գրանցված 5 թեկնածուների կողմից արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար ներկայացված 522 հայտերը, ինչպես նաև վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված վահանակների ցանկերը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված 410 վահանակներից 138-ի վերաբերյալ հայտեր չէին ներկայացվել: Այն 145 վահանակները և վահանակների կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել է միայն մեկ հայտ, պաստառներ փակցնելու իրավունքը վերապահվել է միակ հայտը ներկայացրած թեկնածուներին, իսկ մնացած 127 վահանակները, այդ թվում` վահանակների 213 կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել էին մեկից ավելի հայտեր, առանձնացվել են որպես մրցակցային վահանակներ և խմբավորվել:
Յուրաքանչյուր խմբում ներառվել են այն վահանակները, որոնց միևնույն կողմի վրա հայտ էին ներկայացրել  միևնույն 2, 3, 4 կամ 5 թեկնածուներ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մրցակցային համարվող վահանակների մրցակցային կողմերը «MS VISUAL STUDIO» ծրագրի միջոցով բաշխել է հայտ ներկայացրած թեկնածուների միջև` հաշվի առնելով մրցակցային համարվող վահանակների մրցակցող բոլոր կողմերի ընդհանուր թիվը և այդ կողմերի համար ներկայացված հայտերի ընդհանուր թիվը` ապահովելով ամեն թեկնածուի հայտի մրցակցող մասի համամասնորեն  հավասար բավարարման սկզբունքը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button