ԿարևորՀասարակություն

2013թ հունվարի մեկից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացվելու է զբոսաշրջային այցելությունների հերթական վիճակագրական հետազոտությունը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը Ազգային մրցունակության հիմնադրամը, Միացյալ նահանգների միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրն ու Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացում ծրագրի հայաստանյան խումբն այսօր հինգակողմ հուշագիր են կնքել: Մոտավորապես 150 հազար դոլար ծախսելով՝ Հայաստանում 2013թ հունվարի մեկից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացվելու է զբոսաշրջային այցելությունների հերթական վիճակագրական հետազոտությունը:

2013թ հունվարի մեկից մինչև դեկտեմբերի 31-ը Բագրատաշեն, Այրում, Մեղրի ու Բավրա սահմանային անցակետերում ու Երևանի Զվարթնոց ու Գյումրիի օդանավակայաններում հարցումներ են անցկացվելու: Սա Ազգային Վիճակագրական ծառայության նախաձեռնությամբ, ինչու չէ նաև պարտադրանքով: Վերջին հետազոտություններն իրականացվել էին 2006-2007թթ և ուսումանսիրությունները թարմացնելու անհրաժեշտություն էր նկատվում: Սա նաև նրա համար, որ ինչպես էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն է նկատում.«Որևիցե մեկը, որևիցե կասկած մեր ներկայացրած թվերի նկատմամբ չունենա: Մեզ պետք է իրական պատկերը, որ մենք կարողանանք այդ պատկերով ճիշտ քաղաքականություն վարենք»:

Հետազոտությունը կօգնի պարզելու, թե ինչ պատկեր ունի Հայաստանը զբոսաշրջության ոլորտում: Միջազգային ստանդարտներն են պահանջում, որ տեղեկատվությունը թարմացվի հինգ վեց տարին մեկ անգամ: Հետազոտության հիմնական նպատակը կառուցվածքային ցուցանիշերի բացահայտումն է, ինչն էլ կօգնի հասկանալ, թե զբոսաշրջիկները ուղևորահոսքերի որ մասն են կազմում: «Հակառակ պարագայում սահմանային անցման բոլոր կետերում սահմանը հատողների միջոցով ցանկացած պահի պետք է հարցումներ կատարենք, ինչն ըստ էության մարդու ազատ տեղաշարժի սահմանափակում է»,- ասում է ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը:

«2013թ թերևս վերջին տարին է, որ մենք այդ կառուցվածքը կօգտագործենք, եթե նոր հետազոտության համար ռեսուրսներ չհայտնաբերվեն, մենք դատապարտված ենք լինելու 2014թ դադարեցնել զբոսաշրջության վիճակագրության ձևավորումը և հրապարակումը»:

Հետազոտության ընթացքում կարևորվելու է, թե ասենք մեր երկիր ժամանողներրից քանիսն են Հայաստանը գտել համացանցում, տոմսերը պատվիրել են առցանց, ինչպես են մուտքի արտոնագիր ստացել, արդյոք, միայն Հայաստան են այցելել, թե տարածաշրջանի որևէ այլ երկիր: Ծրագիրն ի դեպ, 15 հազար դոլար արժի:

Թողնել պատասխան

Back to top button