ԿարևորՔաղաքական

Ալ.Իսկանդարյան.Գագիկ Ծառուկյանի որոշումով ազդարարվեց նախընտրական շրջանի մեկնարկը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Գագիկ Ծառուկյանի որոշումն, ըստ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի, նախընտրական շրջանի մեկնարկն ազդարարեց: Բոլոր մնացած քաղաքական ուժերը սպասում էին այդ որոշմանը` նախընտրական քարոզարշավը սկսելու համար` կարծիք հայտնեց Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ, ընտրություններին չմասնակցելու որոշում է կայացրել՝ հաշվի առնելով իր շահերը: Քաղաքագետը նաեւ չբացառեց, որ բանակցությունների ընթացքում հօգուտ իրեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Սա քաղաքականություն է, սա բոյկոտ չէ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ` ընտրությունների արդյունքներն առավել քան կանխատեսելի են: Նրա դիտարկմամբ` Սերժ Սարգսյանը կարող է հավաքել 51 կամ 80-85 տոկոս՝ կախված նրանից, թե ինչ թեկնածուներ կլինեն և ինչպես կվերադասավորվի ընդդիմադիր դաշտը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, ընդդիմության համախմբումը հնարավոր չէ: Նրա խոսքով` դա հնարավոր չէր լինի ոչ մի պարագայում, նույնիսկ` Գագիկ Ծառուկյանի առաջադրման դեպքում: Բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերն ընտրություններին կմասնակցեն առանձին: Կարևոր չէ, թե ինչ կասեն թեկնածուները, միևնույն է՝ հաղթողը լինելու է մեկ մարդ` համոզմունք հայտնեց քաղաքագետը: Նրա գնահատմամբ էլ` ԲՀԿ-ի ընտրազանգվածը կբաժանվի բոլոր թեկնածուների միջև՝ թե´ գործող նախագահի, թ´ե Րաֆֆի Հովհաննիսյանի, թե´ ՀՅԴ ներկայացուցչի:

Թողնել պատասխան

Back to top button