ԿարևորՀասարակություն

Նիկոլայ Գրիգորյան.Վաղվա օրվան վստահ նայելու համար պետք է հետ նայել

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վաղվա օրվան վստահ նայելու համար պետք է հետ նայել. 88-ին մենք չունեինք աղետների կառավարման համակարգ: Այս մասին այսօր հիշեցրել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փոխտնօրենՆիկոլայ Գրիգորյանը` անդրադառնալով Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցին: Արդեն մեկ տարի է, ինչ մեր երկիրն ունի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, ինչը նույնպես կարեւոր ձեռքբերում է: Խոսելով այդ մասին` կառույցի ղեկավար Մովսես Պողոսյանը շեշտել է, որ Հայաստանն այսօր փրկարար ծառայություն արտահանող երկիր է: Մեր  նպատակը աղետակայուն պետություն  ունենալն  է: Ամենակարևոր դասը, որը մենք քաղեցինք Սպիտակի երկրաշարժից, այն է, որ  Հայաստանում ստեղծվեց  ԱԻ նախարարություն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլայ Գրիգորյանը:

Անդրադառնալով աղետների ռիսկի նվազեցման խնդիրներին` Նիկոլայ Գրիգորյանը նկատեց, որ վերջին շրջանում աղետներն ավելացել են, իսկ դրանց անգամ ԱՄՆ-ը, Ճապոնիան չեն կարողանում լիարժեք դիմագրավել: «Ասել, թե մենք  պատրաստ ենք լիարժեք դիմագրավելու աղետներին,  ճիշտ չի լինի, բայց քաղաքական կամք կա  այսօր մեր երկրում. երկրի բարձրագույն ղեկավարությունն  աղետների ռիսկի նվազեցումը դիտում է կարևոր խնդիր»:
ԱԻ նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալի խոսքով՝ ԱԻ նախարարության  հպարտություններից  մեկը  աղետների ռիսկի նվազեցման պլատֆորմի ստեղծումն է: Նիկոլայ Գրիգորյանի փոխանցմամբ` ազգային պլատֆորմը հնարավորություն է տալիս երկրի ամբողջ ներուժը ներգրավել աղետների ռիսկի նվազեցման գործում:
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ մեր երկիրն ունի արդեն մեկ տարի: «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանի փոխանցմամբ` Հայաստանն արդեն փրկարար աջակցություն արտահանող երկիր է, ինչն անչափ կարեւոր է: «Եկեք աղետներին պատրաստվենք այսօրվանից, քանի որ աղետը միշտ խփում է թիկունքից և այն ժամանակ, երբ ոչ ոք չի սպասում»:

Մովսես Պողոսյանը կարծում է, որ դեկտեմբերի 7-ը պարզապես պետք է լինի յուրօրինակ հաշվետվության օր, երբ կներկայացվեն ԱԻՆ գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները, նաեւ` առաջնային անելիքները` հիմնական նպատակ ունենալով աղետակայուն երկրի տեսլականը:

Թողնել պատասխան

Back to top button