ԿարևորՔաղաքական

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում անդրադարձել է ԵԱՀԿ տարածքում անվտանգության, Հայաստանում ժողովրդավարության եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին։

 

Ժողովրդավարության մասին

«Հայաստանի կառավարությունը բարեփոխումների ծավալուն փաթեթ է իրականացնում՝ առավել ամրապնդելու ժողովրդավարական կառույցները, օրենքի գերակայությունը, պաշտպանելու եւ ամրապնդելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, բարելավելու ընտրական գործընթացները եւ համապատասխան օրենսդրությունը, ամրապնդելու անկախ դատական համակարգը եւ ընդլայնելու քաղաքացիական հասարակության դերը», հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի այսօրվա իր ելույթում։
Խոսելով այս տարի անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին՝ նա արձանագրել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից դրանք որակվել են որպես ԵԱՀԿ-ում ստանձնած պարտավորություններին եւ ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային չափանիշներին համապատասխանող: Նախարար Նալբանդյանը նաեւ Հայաստանի վճռականությունն է հայտնել նախագահաըան ընտրությունները ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

 

 Ադրբեջանում հայատայցության մասին

«Ադրբեջանը ոչ միայն անտեսում է միջազգային հանրության սպասելիքները, այլ նաեւ անընդմեջ նոր քայլեր է ձեռնարկում` հակադրվելով քաղաքակիրթ աշխարհի արժեքներին: Վերջին նման դեպքը Ադրբեջանի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումն է, որը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրի ժամանակ կացնահարել էր քնած հայ սպային վերջինիս՝ պարզապես հայ լինելու պատճառով: Ադրբեջանի ղեկավարությունը նրան դարձրեց ազգային հպարտության խորհրդանիշ եւ երիտասարդության համար հետևելու օրինակ: Աշխարհի արձագանքը միաձայն էր եւ շատ հստակ` քննադատելով Բաքվի արարքը, որը լրջորեն վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին եւ վտանգեց տարածաշրջանային փխրուն անվտանգությունն ու կայունությունը:

Ադրբեջանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար՝ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ուժ գործադրելու իր մշտական սպառնալիքներով, որոնք զուգորդվում են այդ երկրի ղեկավարության ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով` մերժելով երեք համանախագահ երկրների առաջարկները` զինադադարի ռեժիմի ամրապնդման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, հրադադարի շարունակական խախտումներով՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում, այլեւ սադրանքներ կազմակերպելով Հայաստանի հետ սահմանին, հայկական պատմական ու մշակութային արժեքների հանդեպ անդադար բարբարոսություններ իրականացնելով:

Ադրբեջանական իշխանությունները հայտնի են սեփական երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումներով, եւ այժմ փորձում են այն տարածել այլոց վրա։ Նրանց մոտեցումը հետևյալն է. եթե մի պետություն ճանաչված չէ, ապա այնտեղ ապրող մարդիկ պետք է զրկված լինեն մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից։ Ըստ այդ տրամաբանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը չպետք է իրականացնի ազատ տեղաշարժվելու իր իրավունքը, չպետք է ստանա բուժօգնություն, կրթություն, չպետք է խմելու ջուր օգտագործի եւ նույնիսկ չպետք է ծնունդ պարգևի։

Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:  Այս տարվա հունիսին Լոս Կաբոսում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի եւ Ֆրանսուա Հոլանդի կողմից ընդունված վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահ երկրների ղեկավարների արդեն չորրորդ հայտարարությունն է: Պարզ է, թե ում են նրանք հասցեագրում հիմնական ուղերձները: Հայաստանը եռանախագահ երկրների հետ համակարծիք է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու առումով: Ինչպես եւ եռանախագահ երկրները, մենք բազմիցս կոչ ենք արել հարգել 1994թ. մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը եւ զերծ մնալ թշնամություն սերմանող և լարվածությունը սրող թշնամական հռետորաբանությունից:

Ինչպես եւ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, մենք եւս ափսոսում ենք, որ չնայած Դովիլի՝ 2011թ. մայիսի հայտարարության մեջ հնչած կոչին` հունիսին Կազանում կայացած գագաթաժողովում չհաջողվեց առաջընթաց արձանագրել: Դա չհաջողվեց անել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով»:

 

Ղարաբաղյան հակամարտության մասին

«Մինչ Հայաստանը բարձր է գնահատում այն ջանքերը, որոնք գործադրվում են երեք համանախագահների կողմից խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու, խաղաղությունը պահպանելու համար, մենք ականատես ենք լինում Ադրբեջանի շարունակական արշավին՝ ընդդեմ Մինսկի խմբի համանախագահների, որոնք լիազորված են ԵԱՀԿ-ի կողմից հանդես գալու որպես միակ բանակցային ձևաչափ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանի պաշտոնյաները փորձում են բանակցային գործընթացը դուրս բերել գործող ձեւաչափից, փոխարինել միջնորդներին, նվազեցնել բանակցությունների միջոցով լուծում գտնելու  համանախագահների ջանքերի նշանակությունը: Ադրբեջանական կողմը նաեւ շարունակաբար թիրախի տակ է դնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, չնայած նրա եւ նրա անձնակազմի ջանքերին՝ ուղղված տեղում իրավիճակի սրման կանխարգելմանը:

Ադրբեջանի համար արդեն սովորական է դարձել հետ կանգնել անգամ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից: Չնայած շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ համաձայնությանը, ինչպես գիտեք, Ադրբեջանն ամեն ինչ արեց` այդ մեխանիզմի ստեղծումը արգելափակելու ուղղությամբ՝ անգամ իսկ սպառնալով  կիրառել վետո ընդհանուր ԵԱՀԿ-ի բյուջեի նկատմամբ:

Նույնը կրկնվեց վերստին այս տարի հունվարին տեղի ունեցած Սոչիի գագաթաժողովից հետո։ Չնայած ձեռք բերված համաձայնությանը`  արագացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը, որի մասին կոչ էր արվել նաև  Լոս Կաբոսի հայտարարության մեջ, Ադրբեջանն իր մաքսիմալիստական միակողմանի առավելություն ձեռք բերելու փորձերով  անում է հնարավորինը անտեսելու,  մերժելու հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը:
Չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը՝ Հայաստանը շարունակելու է իր ջանքերն ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով, բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ արտացոլված նպատակների, սկզբունքների և նորմերի, Լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս Կաբոսում համանախագահ երեք երկրների ղեկավարների արած հայտարարությունների դրույթների վրա»։

Թողնել պատասխան

Back to top button