Հասարակություն

Հայաստանում ամեն տարի թմրամոլների թիվն աճում է 50% տոկոսով

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Աշխարհում կա թմրամոլության սարսափելի աճ, և կոնկրետ Հայաստանում ամեն տարի նրանց թիվը ավելանում է հիսուն տոկոսով, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերճյանը: Այդուհանդերձ այլ երկրների համեմատ Հայաստանը դեռևս ամենաբարենպաստ վիճակում է: Ճիշտ հակառակ վիճակը Իրանում է, որտեղ գրանցված են ավելի քան 2 մլն թմրամոլներ: Պետրոս Սեմերճյանը ներկայացրել է նաև համաշխարհային տվյալները: Ըստ այդմ` աշխարհում կա 200 մլն թմրամոլ, որոնցի 180 մլն-ը կանեփ օգտագործողներն են: Իսկ առանձնապես ծանր թմրամիջոցներ օգտագործում են 20 մլն-ը:

Հայաստանում ամեն տարի թմրամոլների թիվն աճում է 50% տոկոսով: Պաշտոնական տվյալներով` Հայաստանում գրանցված է 3 893 թմրամոլ, իսկ ոչ պաշտոնական` հաշվարկային տվյալներով մեր հանրապետությունում կա 12 700 ներերակային և 21 000 կանեփ օգտագործող թմրամոլ, ներկայացնելով թմրամոլության հայաստանյան վիճակագրությունը այսօր ասաց  Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերճյանը: Ու չնայած թմրամոլության աճի նման տեմպերին, այլ երկրների համեմատությամբ Հայաստանում իրավիճակն ամենաբարենպաստն է:

«Ամենաշատ թմրամոլները մեր հարևան Պարսկաստանում են: 3.5 մլն ափիոնամոլ` գրանցված: Հաշվարկային տվյալներով` նրանց թիվն անցնում է 25 մլն-ը»:

Աշխարհում թմրամոլների 80 տոկոսը տղամարդիկ են, 20 տոկոսը` կանայք: Իսկ ամենակտիվը 35-45 տարիքային խումբն է, ներկայացնելով համաշխարհային տվյալները` նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գրանցված թմրամոլներից միայն 32-ն են կին: Ու չնայած թմրամոլները թմրամիջոց օգտագործել սկսում են հիմնականում դեռահաս տարիքից, մեր երկրում թմրամոլ դեռահաս գրանցված չկա, ավելացրեց Նարկոլոգիական կլինիկայի ղեկավարը: Նա նաև նշեց, որ գերդոզավորումից տարեկան գրանցվում է մահացության 10-11 դեպք:

Անդրադառնալով բուժմանը.«Բուժման արդյունավետությունը պետք է դիտարկել 2 տեսանկյունից. Երբ մարդիկ դիմում են բուժման, բուժման ավարտին նրանք 100 տոկոսով ձերբազատվում են կախվածություններից: Իսկ արդյոք նա կարող է վերադառնալ դեպի թմրամոլություն. Իհարկե կարող է: ԲՈլոն էլ կարող են վերադառնալ դեպի թմրամոլություն ելնելով տարբեր հանգամանքներից»:

Խոսելով պատճառներից` հոգեբան Արմինե Փաշայանը նշեց, որ թմրամոլները թմրամիջոցով փորձում են լրացնել այլ հաճույքների բացը: «Կան շատ տարածված դեպքեր երբ մարդը մի կախվածությունը փոխարինում է մյուսով: Օրինակ ծխող մարդը հաղթահարելով իր կախվածությունը, որոշ ժամանակ անց սկսում է ավելացնել քաշը: Ինչ է տեղի ունենում: Ծխախոտից կախվածությունը փախարինվում է սնունդով»:

Թմրամիջոցների դեմ, ի դեպ, յուրաքանչյուր երիկիր յուրովի է պայքարում: Եվ քանի որ թմրամիջոցների բիզնեսը չափազանց մեծ գումարներով և հսկայական եկամուտներով է պայմանավորված, թմրամիջոցների շարժն ամբողջովին վերահսկելն ու կասեցնելն անհնար է: Հետևաբար որպես պայքարի այլընտրանքային տարբերակ ամբողջ աշխարհում ընտրվել է վնասի նվազեցումն ու հակազդումը, նկատեց Պետրոս Սեմերճյանը:

Թողնել պատասխան

Back to top button