Քաղաքական

ՀՀ նախագահն ընդունեց ԵԺԿ նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին: ԵԺԿ նախագահը Երևան է ժամանել կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ թեև Հայաստանի հանրապետական կուսակցությունը ԵԺԿ համեմատաբար նոր անդամներից է, այդուհանդերձ, անդամակցությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԺԿ շրջանակներում ակտիվ և արդյունավետ համագործակցություն է ծավալել և այսօր արդեն ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովը հյուրընկալում է Երևանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը նման հանդիպումները լավ առիթ են համարել եվրոպական ինտեգրման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը քննարկելու, միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու համար:

Եվրոպական ժողովրդական կուսակցությանը ՀՀԿ-ի և հայաստանյան ևս երկու՝ «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների անդամակցությունից բացի, Վիլֆրիդ Մարտենսը անցած մեկ տարում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից է համարել նաև Հայաստանում ազատ և կոռեկտ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:

Սերժ Սարգսյանը և Վիլֆրիդ Մարտենսն անդրադարձել են նաև ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Թողնել պատասխան

Back to top button