ԿարևորՀասարակություն

Էդվարդ Նալբանդյան.«Հայաստանը խիստ մտահոգված է Գազայի հատվածում աճող լարվածությամբ»

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն։ Առավոտյան ԱԳ նախարարին ընդունել է Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԳ նախարարը Քուվեյթի ղեկավարին է փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջյուններն ու բարեմաղթանքները և ՀՀ Նախագահի անունից վերահաստատել Էմիրին ուղղված Հայաստան այցելելու հրավերը։ Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը խնդրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ամենաջերմ մաղթանքները և տեղեկացնել, որ սիրով ընդունում է Հայաստան այցելելու հրավերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 թ. ՀՀ Նախագահի Քուվեյթ կատարած պետական այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավավորվածությունների կատարման ընթացքը: Գոհունակությամբ նշվել է, որ Էլ-Քուվեյթում և Երևանում բացվել են երկու երկրների դեսպանատները, գործում է միջկառավարական հանձանաժողովը։

Քուվեյթի ղեկավարը դրվատանքի խոսքեր է ասել երկրում ապրող  հայերի հասցեին՝ ընդգծելով, որ նրանք իրենց գործունեությամբ նպաստում են Քուվեյթի բարգավաճմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Քուվեյթի իշխանությունների կողմից դրսևորվող ջերմ ու հոգատար վերաբերմունքի և Քուվեյթում հայկական եկեղեցու կառուցման հարցում իշխանությունների աջակցության համար:

Քուվեյթի էմիրն ու Հայաստանի արտգործնախարարը մտքեր  են փոխանակեցին նաև մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Քուվեյթի վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Ահմադ Ալ Սաբահի հետ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Քուվեյթի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին, մտքեր փոխանակել գործարար համաժողով կազմակերպելու հնարավորության շուրջ։ Վարչապետ Ալ Ահմադ Ալ Սաբահին ասել է, որ կառավարության առաջիկա նիստին համապատասխան հանձնարարականներ կտրվեն պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին։

Նույն օրը տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Քուվեյթի հետ, ընդհանրապես արաբական աշխարհի հետ իր հարաբերությունների զարգացմանը և շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Անդրադառնալով Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. «Հայատանը, ինչպես և միջազգային հանրությունը խիստ մտահոգված է   Գազայի հատվածում և նրա շուրջն աճող լարվածությամբ։ Ուժի կիրառումը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի, լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն իրավիճակին։ Պետք է վերջ դնել ուժի սպառնալիքին և ուժի կիառմանը։ Խորապես համոզված ենք, որ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցերի լուծմանը այլընտրանք չկա»։ Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն է հայտնել նաև Սիրիայում իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ հակամարտության պատճառով Հայաստանը շարունակում է հազարավոր սիրիահայ փախստականներ ընդունել։ Այս ենթատեքստում Քուվեյթի ԱԳ նախարարը տեղեկացրել է Հայաստանում գտնվող սիրիահայերին մարդասիրական օգնություն հատկացնելու Քուվեյթի իշխանությունների որոշման մասին։ Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները և ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Քուվեյթի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումն՝ ի սատարումն միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի։

Էդվարդ Նալբանդյանը Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահին հրավիրեց այցելել Հայաստան։

Քուվեյթում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրեց իր այցելության արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Հայաստան — Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Թողնել պատասխան

Back to top button