ԿարևորՔաղաքական

Զարուհի Փոստանջյան.ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի թե որ դաշտում է գործում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Այս նախընտրական շրջանում մի քաղաքական գործչի կարծիքը հրապարակելը եւ դա դիտարկել որպես պաշտոնական տեսակետ, սխալ է»,-այս մասին այսօր կայացած ասուլիսում նշել է Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Նման տեսակետ ԲՀԿ-ն հայտնելու եւ հետապնդելու հնարավորություն ուներ, երբ իշխանության մեջ էր` նկատել է Փոստանջյանը: Եթե կուսակցության դիրքորոշում լիներ, ապա կլիներ քաղաքական որոշում եւ ծրագրային դրույթ` ասել է նա: Պատգամավորի խոսքով` դա նախընտրական փուլում արված հայտարարություն է, որն ունի իր ուրույն նպատակը:

Ընդդիմադիր Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, թե ինքը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի տարանջատում իշխանությունից: Նրա խոսքով` նախ ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի թե որ դաշտում է գործում: Փոստանջյանը չբացառեց, որ ԲՀԿ-ն ապագայում նորից կընդգրկվի իշխանության մեջ: Կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ն չի կարող լինել անկեղծ: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որ իրենք կողմ են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ապա` դա սխալ է ընդունել որպես կուսակցության մոտեցում: Այդ մասին ԲՀԿ-ն կարող էր հայտարարել, երբ իշխանության մեջ էր եւ այն պետք է լիներ կուսակցության ծրագրային դրույթ` նկատեց Փոստանջյանը:

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանի համար անհասկանալի եւ ոչ տեղին ու ոչ ժամանակին են այս օրերին ընտրակարգի վերաբերյալ քննարկումները, մանավանդ` «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների ժամանակ բազմաթիվ քննարկումներ արդեն տեղի են ունեցել, հանրային լսումներ են անցկացվել եւ տրվել են բոլոր նման հարցերի պատասխանները:
Հանրապետական պատգամավորը դրական է գնահատում հանուն ինչ-որ գաղափարի համախմբվելու գործընթացը, խորհրդակցությունները: Ըստ նրա, սակայն, ընդդիմադիր դաշտում նախագահի միասնական թեկնածուի շուրջ համախմբում այլեւս անհնար է, քանի որ արդեն իսկ կան հայտարարություններ:

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մինչդեռ, նախագահի միասնական թեկնածուի հարցը փակված չի համարում: Նա համոզմունք հայտնեց, որ Ժառանգության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին մեծ բանակ կազմող, Փոստանջյանի բնութագրմամբ, ազատամիտ քաղաքացիների միասնական թեկնածուն է:
Անշուշտ կլինեն քաղաքական ուժեր, որ կսատարեն` համոզմունք հայտնեց Փոստանջյանը` հավելելով, որ կուսակցությունները հնարավորություն ունեն աջակցելու իրապես ընդդիմադիր քաղաքական լիդերի: Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը գործընկերոջ անցկացրած զուգահեռները չի կիսում: Նկատեց, թե ՀՀԿ-ն ցանկացածի հետ կարելի է կապել, սակայն պետք է նման հայտարարություններ անող քաղաքական ուժերը նախ նայեն կուսակցությունների գործունեությանը:

Թողնել պատասխան

Back to top button