Տնտեսական

Վարչապետը՝ դեղագործական ընկերությունում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և զարգացման ծրագրերի:

1991 թ. հիմնադրված ընկերությունն իրականացնում է ներերակային (կաթիլային)` 100-3000մլ տարողությամբ, ներարկման` 1-20մլ տարողությամբ և ակնաբուժական ստերիլ դեղամիջոցների արտադրություն` 5 և 10մլ տարողությամբ, որի անվանացանկը պարունակում է մոտ 60 անուն դեղորայք և ընդգրկում է շուրջ 30 դեղագիտական խմբեր:
2012թ.-ի 9 ամիսների արդյունքներով ընկերության մասնաբաժինը կազմում է Հայաստանում արտադրված դեղամիջոցների ծավալի 37,  իսկ արտահանված դեղորայքինը` 38 տոկոսը:

«Լիկվոր» դեղագործական ընկերությանը պետական աջակցություն է տրամադրվել  երկու ուղղությամբ՝ ՀՀ կառավարության հակաճգնաժամային օպերատիվ շտաբի (2009թ.) 860 մլն դրամ վարկավորմամբ՝ տրամադրված «ՓՄՁ ներդրումներ ՈւՎԿ»-ի կողմից  և ՀՀ կառավարության  2011 թ. համապատասխան որոշմամբ`  ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերության կողմից ներմուծվող ապրանքների հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի 3 տարով  երկարաձգմամբ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունն ընդլայնել է իր գործունեությունը կառուցելով մոտ 3200 ք.մ. մակերեսով նոր գործարան` հագեցած դեղագործական արտադրության համար ժամանակակից սարքավորումներով, որը շահագործման է հանձնվել 2011թ. հոկտեմբերին: Գործարանի կառուցման ու նոր սարքավորումների ձեռքբերմանն ուղղված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 5 մլն դոլար:

Արտադրությունը հագեցած է իտալական, ավստրիական և գերմանական տեխնոլոգիաներով: Մոտակա ամիսներին ընկերությունը կավարտի միջազգային GMP հավաստագիր ստանալու գործընթացը:  Նոր գործարանը տարածաշրջանում առաջինը կգործի եվրոպական GMP ստանդարտների պահանջներին համապատասխան, ինչը, հաշվի առնելով գործարանի արտադրական հզորությունների ներուժը` եռապատկելու  ներկայիս արտադրական ծավալները, հնարավորություն կտա ընդլայնել արտահանվող երկրների շրջանակը, դուրս գալ նոր արտահանման շուկաներ, ավելացնել արտադրանքի ծավալների և աշխատատեղերի քանակը:

2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գործարանի արտադրանքի ծավալը կազմել է 1.05 մլրդ դրամ` աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 18.8 տոկոս, որից արտահանվել է 0.56 մլրդ դրամի արտադրանք` աճը 37.1 տոկոս: Ընկերության արտադրանքի մոտ 53 տոկոսն արտահանվում է Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Տաջիկիստան, Թուրքմենստան և այլ երկրներ:

Գործարանի շահագործման պահից՝ 2011 թվականի հոկտեմբերից մինչ օրս ստեղծվել է 40 նոր աշխատատեղ:

Ներկայում ընկերությունում աշխատում է 124 մարդ` 175 հազար դրամ միջին աշխատավարձով:

Թողնել պատասխան

Back to top button