ԿարևորՏնտեսական

Պարենային ապրանքները աշնանը թանկացել են 1,9 տոկոսով, հացամթերքը մեկ տարում՝ 10 տոկոսով

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Այս ամռանը գների առումով բավականին «բարի էր», սակայն ամառն անցավ` իր հետ տանելով նաեւ միրգ-բանջարեղենի ցածր գները: Ազգային վիճակագրական ծառայությունը եւս արձանագրել է սեզոնային գործոնի ազդեցությունը գների բարձրացման վրա: Պարենային ապրանքները` ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ, թանկացել են 1.9%-ով:
Հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ հացամթերքը  թանկացել է 10 %-ով, որից միայն 2.6%-ն ընդամենը վերջին մեկ ամսում: Ալյուրի թանկացման հետեւանքով թանկացել են հացը, մակարոնեղենը:
Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության նախագահ Մելիտա Հակոբյանը, նույն ընկերակցության մարքեթինգի և մոնիտորինգների բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը եւ Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանն այսօր միմյանց լրացնելով իրենց մտահոգություններն ու դժգոհությունն էին փոխանցում հացի շուկայի մասին:
«Այսօր կարելի է 25 հազար դրամ մուծել, լիցենզիա ստանալ և նկուղում հաց թխել: Օրենքը պետք է խստացվի»,- ասաց Մելիտա Հակոբյանը:
Ըստ նրա` շուկայում շատ քիչ կարելի է հանդիպել հացի, որն ունի փաթեթավորում և մակնշում, մինչդեռ բոլոր հացերը պետք է նման տեսքով հայտնվեն վաճառակետերում: Հայերը հաց ուտող ժողովուրդ են, սակայն անգամ հացի պահեստ չունենք:
Վեց ամսից մինչև մեկ տարի Հայաստանը պետք է ունենա պահուստային ֆոնդ: Իրենց իրավունքներին հետամուտ չլինող մեր սպառողներին վաճառվող հացի քաշը գնալով պակասում է, գինն ավելանում: Զավեշտալի է, որ շատ դեպքերում հակասանիտարական պայմաններում թխվող հացի քաշը բարձրացնում են աղի կամ խոնավեցման միջոցով. նկատում են սպառղների շահերի պաշտպանները:

 

Թողնել պատասխան

Back to top button