ԿարևորՔաղաքական

ՀՀԿ- ն ու ԲՀԿ- ն փորձում են դառնալ գլխավոր դերակատարներ

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը ՀԱԿ-ին ինքնուրույն քաղաքական գործոն չի համարում: Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններից առաջ փորձում են քաղաքական դաշտի գլխավոր դերակատարներ դառնալ։
«Եթե չձևավորվի լիբերալ- դեմոկրատական ընդդիմություն, ցավոք սրտի, հրաշք տեղի չի ունենա»,- ասում է նա։

Իսկ ինչը կարող է հրաշքի իրականացման նախադրյալ հանդիսանալ. Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ հրաշքի իրագործմանը կարող է նպաստել քաղաքացիական հասարակությունը։ «Լուրջ փոփոխություններ տեղի են ունենում երբ ակտիվանում է քաղաքացիական հասարակությունը»,- ասում է։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից բացի այլ կուսակցությունների ու դաշինքների դերակատարմանը, ապա դրանց մի մասը,  նրա ձևակերպմամբ, այս երկու կուսակցությունների արբանյակներն են:  Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ ԲՀԿ-ն դեռ չգիտի իր անելիքը ու սպասում է Ռուսաստանին։ Լուրջ որոշումները կայացվում են հյուսիսում, ասաց ազգային անվտանգության նախկին ղեկավարը՝ ավելացնելով, թե վստահ է նաև, որ Մոսկվան դեռ հստակ որոշում չունի ԲՀԿ- ի մասով:
Մյուս քաղաքական ուժերի մասին  

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ առանձին վերցրած որևէ թեկնածու չի կարող լուրջ ազդեցություն ունենալ, եթե իրավիճակը չփոխվի: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին նա թեև լիբերալ- դեմոկրատ համարում է, սակայն ավելի դեռևս չի կարող ասել։
Ի տարբերություն Լեւոն Տեր- Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանի՝ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կոնգրեսին այսօրվա քաղաքական դաշտում լուրջ խաղացող է համարում: Նա չբացառեց առաջիկա նախագահական ընտրություններին առաջին նախագահի առաջադրումը, սակայն նշեց՝ առայժմ  որոշում չկա:

Որքանով են լուրջ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին խոսակցությունները՝ ՀԱԿ անդամը չգիտի. «Ինձ որևէ բան հայտնի չէ»,- ասաց: Իսկ ոմանց հայտարարությունները նա շտապողականություն համարեց:
«Ջուրը չտեսած բոբիկանալ պետք չէ։ Կգա ժամանակը՝ կտեսնենք»,- ասաց:

 

 

Թողնել պատասխան

Back to top button