Տնտեսական

2013թ հունվարի մեկից Հայաստանում ներդրվելու է եկամուտների հարկման նոր համակարգ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանի առևտրարդյունաբերական պալատն այսօր սեմինար-խորհրդակցության էր հրավիրել հանրապետության փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների մի մասին, նրանց ղեկավարած ձեռնարկությունների հաշվապահներին: Վերջիններիս ներկայացվել են 2013թ հունվարի մեկից կիրառության մեջ մտնող միասնական եկամտային հարկին անցնելու մեխանիզմներն ու ընդհանրապես, թե ինչ է իրենից ներկայացնում բարեփոխումների նոր փաթեթը:
Հանրապետության գործատուներն այլընտրանք չունեն. 2013թ հունվարի մեկից նրանք պարտավոր են միասնական եկամտահարկ վճարել, բացառապես էլեկտրոնային եղանակով: Չնայած ոլորտի պատասխանատուներին մեղադրում են, որ վերջիններս իրականությունից կտրված են որոշումներ ընդունում, սակայն, ֆինանսների նախարարության Պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Թող չթվա, որ կտրված ենք իրականությունից, մենք հասկանում ենք, որ չունենք դեռևս այդքան էլեկտրոնացված հասարակություն, որը միգուցե պատրաստ կլինի առանց դժվարությունների այս փորձությունը հաղթահարելու»:

2013թ հունվարի մեկից Հայաստանում ներդրվելու է Եկամուտների հարկման նոր համակարգ: Գործատուները նախկին մի քանի հարկերի՝ սոցիալական ապահովության վճարների ու եկամտահարկի փոխարեն վճարելու են մեկ միասնական եկամտահարկ: Մինչ այժմ եռամսյակը մեկ թղթային կրիչի միջոցով հարկային մարմիններին ներկայացվող հաշավետությունները փոխարինվելու են յուրաքանչյուր ամիս էլեկտորնային եղանակով ու էլեկտրոնային ստորագրության միջոցով ներկայացվող հաշվետվություններով: Միասնական եկամտահարկի նեռրդրումն իրականացվում ՝ կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում: Ոլորտի պատասխանատուները միաբերան պնդում են, որ կատարվող փոփխություններով որևէ մեկի աշխատավարձը չի նվազի, գործատուն պարտավոր է ավելացնել անվանական աշխատավարձն այնքան, որ աշխատողի փաստացի եկամուտը չնվազի: Պաշտոնյաները վստահեցնում են՝ համակարգն առավել թափանցիկ ու արդյունավետ է դառնալու, զերծ է լինելու կոռուպցիոն ռիսկերից:

Թողնել պատասխան

Back to top button