Հասարակություն

Ճանապարհների օգտագործման եւ տնօրինման համար պատասխանատուները թերանում են.«Աքիլես» ՀԿ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ճանապարհային երթեւեկության անվտանգ կազմակերպման համար կարեւոր նշանակություն ունեցող բաղադրիչ հանդիսացող ճանապարհների խնդիրն այսօր ցավալի հարցերից է: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` այսօր հստակ չէ, թե ով է պատասխանատու ճանապարհների տարբեր հատվածների համար` չնայած կառավարության որոշումը հստակ նշում է, որ տնօրինողը համայնքն է:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով` հաճախ ճանապարհներին բացակայում են երթեւեկության կազմակերպման համապատասխան նշումները, սակայն վարորդներին վերագրվում են խախտումներ` տեսանկարահանող սարքերի կողմից:
Ճանապարհային նշանների ու գծանշումների վերաբերյալ կառավարության որոշումը հստակ պահանջներ է ներկայացնում` մանրամասն նկարագրությամբ, թե ինչպես պետք է դրանք տեղադրվեն ու գծանշումներ կատարվեն: Այդուամենայնիվ, ըստ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի, իրականում շատ հաճախ չեն պահպանվում կառավարության տվյալ որոշումների պահանջները: Ճանապարհների օգտագործման եւ տնօրինման համար պատասխանատուներն են հաճախ թերանում` ասաց Էդուարդ Հովհաննիսյանը: Նա հստակեցրեց` մարզային ճանապարհների համար պատասխանատուները համայնքներն են, միջպետական ճանապարհների համար` Կապի եւ տրանսպորտի նախարարությունը: Նա նաեւ նշեց, որ երբ իրենք դիմում են կոնկրետ դեպքերով` դրանք լուծվում են, սակայն, մասնակի խնդիրների լուծմամբ հարցն ամբողջությամբ չի լուծվում:

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով` եթե Երեւանում եւ միջպետական ճանապարհներին խնդիրը մեծավ մասամբ կարելի է համարել լուծված, ապա` մարզային քաղաքներում ընդհանրապես անմխիթար վիճակ է: Ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի միջոցով, Էդուարդ Հովհաննիսյանի փոխանցմամբ, 350 քաղաքացի է դիմել դատարաններ` արձանագրված խախտումներն անվավեր ճանաչելու պահանջով: Նա ասաց, որ ՀԿ-ն տեղեկություն ունի, որ մեկ դատ է արդեն ավարտվել` հօգուտ վարորդի, մնացած գործերով դեռեւս դատ չի եղել: Խոսքն այս դեպքում Ռուբինյանց փողոցի վրա տեղադրված արագաչափի արձանագրած խախտման մասին է: Հիշենենք, որ այստեղ տեղադրված մինչեւ 40 կիլոմետր սահմանափակող նշանը, ըստ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի, ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 29-ը եղել է անտեսանելի վարորդների համար, ինչի արդյունքում արագաչափը 49-ից մինչեւ 60 կմ/ժ արագությունն արաձանագրել է որպես խախտում:

Նշված ժամանակահատվածում տվյալ արագաչափն արձանագրել է 24 հազար խախտում: Խոսելով արագաչափ սարքերի մասին` Էդուարդ Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ իրենք կասկածներ ունեն, որ դրանց մի մասն ունի անճշտություն` մինչեւ 3 կմ/ժամ արագության, մինչդեռ` առկա կասկածները փարատելու համար ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ին չեն տրամադրվում այդ սարքերի շահագործման ուղեցույցն ու տեխնիկական չափանիշերը:

Թողնել պատասխան

Back to top button