ՀասարակությունՏնտեսական

Գործարար. Հիմա է պետք ազգասիրություն ցույց տալ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանն այսօր կոչով դիմել է հայ գործարարներին՝ առաջարկելով թևերը լայն բացելով ընդունել սիրիահայերին, իսկ կառավարությունը պետք է արտոնություններ սահմանի սիրիահայ գործարարների համար, որ նրանք գան և այստեղ բիզնես հիմնեն: Սփյուռքահայ գործարարի կարծիքով, քայլեր պետք է արվեն, որ «այս ժողովուրդը շունչ մը առնի այստեղ»:

Վահագն Հովնանյանին պատկանող գործարանները անհամբերությամբ են սպասում սիրիայից հայրենիք վերադարձած մեր հայրենակիցներին: Սփյուռքի նախարարությունը սիրիահայերի հասցեներն արդեն փոխանցել է Հովնանյանին, սակայն, այնտեղ մասնագիտությունների մասին ոչինչ նշված չէ: Անկախ ամեն ինչից, նրանց սպասում են.
«Ատաղձագործ կփնտրինք, քար շարող կփնտրենք, տարբերություն չկա, ամեն տեսակ, տեղեր ունենինք, որ կարող ենք իրենց գործարարներում տեղադրիլ, ձրիաբար կըրնանք տալ իրենց, որ էրթան, իրենց գործերը ստեղծին, Գյումրիին մեջը: Գյումրիում մենք կսկսինք քյարփինջին գործերը»:

Գործարարը կարծում է, որ կառավարությունից ավելի շատ յուրաքանչյուր հայ պետք է փորձի օգնել բարեկամ սիրիահայերին, կառավարությունն էլ պետք է արտոնություններ սահմանի սիրիահայ գործարարների համար, որ գան և այստեղ բիզնես հիմնեն: Նրանք այսօր դժվարությունների մեջ են, յոթ-ութ տասնամյակ ստծեղծած հարստությունը թողել ու Հայաստան են եկել, անորոշության մեջ են, չգիտեն, կմնան հայրնեիքում, թե կվերադառնան ծննդավայր:

«Հոս է, որ այստեղի հարուստները հավաքվին իրարու և ինչպես կրնանք մենք այս ժողովրդին օգնենք: Ատ է ամենեն կարևոր հարցը, որ այս ժողովուրդն աստեղեն չփախչի: Եկած են իրենց տունը, իրենց հայրական, ազգային տունը եկած են, ինձի համար ամենեն մեծ ուրախությունն ըլլավ, որ անոնք չփախան ուրիշ տեղեր»:

Սփյուռքահայ գործարարը կոչով դիմեց բոլոր հայ գործարարներին՝ «Պետք է լայն թևերով իրենց ընունինք՝ առանց ածական անուններուն, առանց ախպարի կամ այլ ածականներուն, ընդունինք և օգինքն իրենց, որ հոս մնան: Շատ հարուստներ կան, որ պետք է իրենց դուռները բանան, առիթներ ստեղծին՝ գործեր գտնալու համար: Հիմա է պետք իրենց ազգասիրությունը ցույց տալ»:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button