Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնին:

Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանն ասել է. «Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական
հարաբերությունները քսանամյակը և կարող ենք փաստել, որ կողմերի միջև համագործակցությունը կայուն հիմքերի վրա է»:

Նախարար Լիդինգտոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես
երկարաժամկետ և արժեքավոր գործընկեր ու իր այցելության նպատակը և ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:

Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ նախարար Լիդինգտոնի պատվիրակության կազմում ներգրավված են նաև գործարարներ, ինչը հնարավորություն կընձեռի նոր լիցք հաղորդել տնտեսական փոխգործակցությանը:

Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը տեղեկացրել է, որ մոտ ապագայում ծրագրվում է բրիտանացի գործարարների խոշոր պատվիրակության այցելություն կազմակերպել Հայաստան:

Զրուցակիցները կարևորել են Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի զարգացմանը, ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների աջակցմանն
ուղղված ծրագրերի իրականացումը, Բրիտանական խորհրդի կրթամշակութային գործունեությունը:

Քննարկման գլխավոր թեմաներից է եղել Հայաստան-Եվրամիության համագործակցությունը և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը և
ընթացող բանակցությունները, այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը:

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն և Լիդինգտոնը անդրադարձել են մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների, մասնավորապես՝ մերձավորարևելյան զարգացումներին և Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առկա իրավիճակը:

Անդրադարձ է կատարվել հունգարաադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովի ազատ
արձակման պատճառով տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը հասցված հարվածին: Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը նշել է, որ ՄԹ սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների
կողմից գործադրվող ջանքերին:

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը նշել է,
որ Սաֆարովի ազատ արձակման առնչությամբ իր երկիրը լիովին կիսում է Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների դրույթները:

Հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս, որի
ժամանակ ՀՀ արտգործնախարարն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ մի երկրի մեջ, որտեղ զինվորները «դիպուկահարների դասընթացների ժամանակ կրակում են մի թիրախի վրա, որի ճակատին հայ է գրված»:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այս հանդիպումը լավ հնարավորություն է շարունակելու քննարկումները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ և ավելացրել, որ այս տարի Հայաստանը նշում է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը։

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ բանակցությունների կարևոր թեման եղել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

«Մենք մանրամասն անդրադարձանք Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին: Ընդգծվեց այն մեծ առաջընթացը, որը գրանցվել է այդ ուղղությամբ»,– ասել է նա:

«Դեյվիդ Լիդինգտոնին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին իրադարձությունները: Բնականաբար, անդրադարձ եղավ նաև Սաֆարովի ազատ արձակմանը և այն մեծ վնասին, որն այդ քայլը հասցրել է բանակցային գործընթացին, և, ընդհանրապես, տարածաշրջանում անվտանգությանը և կայունությանը»,– նշել է արտգործնախարարը:

Հարցին, թե հունգարա-ադրբեջանական գործարքին միջազգային հանրությանը արձագանքից ելնելով կարելի է ասել, որ Ադրբեջանը պարզապես կորցնում է միջազգային հանրության վստահությունը, Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ միջազգային հանրությունը պակաս չունի փաստերի, որոնց պատճառով արդեն բավական վաղուց կարող էր չվստահել Ադրբեջանին:

«Եթե մի կողմ դնենք թե ինչու ներկայիս Հունգարիայի կառավարությունը հավատաց ադրբեջանական խոստումներին և ազատ արձակեց Սաֆարովին, ապա գիտեք, որ սեպտեմբերի 2-ին հունգարական արտգործնախարարությունը և արդարադատության նախարարությունը հայտարարեցին, որ ադրբեջանական կողմը խոստում էր տվել, որ Սաֆարովն առնվազն 25 տարի դատավճռից սկսած բանտում կանցկացնի: Բայց Ադրբեջանն իր խոստումը չկատարեց»,– ընդգծել է նա:

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ բազմաթիվ անգամներ Ադրբեջանը իր խոստումները և պայմանավորվածությունները չի հարգել, ինչպես եղավ այն պայմանավորվածության հետ, որը ձեռք էր բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով և որի մասին երկու անգամ հայտարարվել էր 2011թ. մարտին և 2012թ. հունվարին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքում երեք նախագահների կողմից ընդունված հայտարարություններում:

Նախարարն ասել է, որ խոսքը շփման գծում հրադադարի խախտումների վերաբերյալ քննության մեխանիզմի ստեղծման մասին է: Չնայած այդ պայմանավորվածությանը, և չնայած նրան, որ փաստորեն դա պաշտոնապես հայտարարվել էր նաև Ադրբեջանի նախագահի կողմից, Բաքուն ամեն ինչ արեց, որ չիրականացվեն այդ պայմանավորվածությունները, որ խոչընդոտվի այդ մեխանիզմի ստեղծումը, ասել է Էդվարդ Նալբանդյանը:

«1994թ. մայիսին, երբ եռակողմ հրադադար էր կնքվել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկու ամիս անց պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, որն Ադրբեջանը տապալեց:
1995թ. փետրվարին նոր համաձայնություն ձեռք բերվեց հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, որ մինչ այսօր Ադրբեջանը մերժում է իրականացնել»,– ասել է:

ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանը մերժեց այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից առաջ, Աստրախանի հանդիպումից առաջ, Սոչիի հանդիպումից առաջ, Կազանի հանդիպումից առաջ:

«Քանի-քանի անգամներ կարող ենք այսպիսի օրինակներ բերել: Անգամ, եթե վերցնենք 2001թ.-ը, երբ այսպես կոչված Փարիզյան սկզբունքների շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել և դրանք դրվեցին Քի-Վեսթում՝ փաստաթղթի վրա, Ադրբեջանը նորից մերժեց դրանք»,– ավելացրել է նա:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ իր գործողություններով Ադրբեջանը ավելի է խորացնում անդունդը Ադրբեջանի և միջազգային հանրության միջև:

Լրագրողը հիշեցրել է, որ ՄԹ արտգործնախարար Ուիլիամ Հեյգը նույնպես նշել է, որ ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության անկյունաքարային սկզբունքներից մեկն է և հարցրել, թե արդյո՞ք, երբ ինքնորոշման իրավունքը բխում է Մեծ Բրիտանիայի շահերից, այն գերակա է, իսկ երբ ոչ՝ Մեծ Բրիտանիան ունի այլ մոտեցում այդ ինքնորոշման իրավունքի հարցում, որին Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է՝ ասելով, որ ինքնորոշման իրավունքը ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության գլխավոր նպատակ է, դա ոչ միայն միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունք է, այլ այս հարցում շատ մեծ նշանակություն ունի նաև անվտանգության գործոնը:

«Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ մի երկրի մեջ, որտեղ զինվորները դիպուկահարների դասընթացների ժամանակ շարունակաբար կրակում են մի թիրախի վրա, որի ճակատին հայ է գրված: Արցախի բնակչությունը չի կարող ապահով զգալ, որի ոստիկաններին Սաֆարովի նման մարդասպաններին որպես օրինակ են բերում:

Անվտանգության գործոնը վերջին տարիների ընթացքում ինքնորոշում ստացած ժողովուրդների դեպքում կարևորագույն գործոն է եղել: Այստեղ միացել են, կարելի է ասել, բոլոր գործոնները:

Թե որպես ՄԱԿ-ի կանոնադրության նպատակ, թե որպես միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունք, թե Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործոն»,– ասել է նա:

Թողնել պատասխան

Back to top button