ԿարևորՏնտեսական

Ձո՞ւկ, թե՞ կարթ. կառավարության մոտեցումը՝ ըստ հանրապետական պատգամավորի

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

ԱԺ 6 խմբակցություններից 4-ը դեմ է արտահայտվել 2013-ի թվականի բյուջեի նախագծին ու քննադատության է արժանացրել հաջորդ տարվա համար կառավարության ներկայացրած ֆինանսատնտեսական գլխավոր փաստաթուղթը: ԱԺ ֆինանսավարակային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով, սակայն, 4 խմբակցությունների ընդդիմադիր կեցվածքը կասկածի տակ չի դնում բյուջեի ընդունումը:
Իսկ արդյո՞ք խոցելի չի դարձնում փաստաթուղթը ՝ հետաքրքրվեցին Գագիկ Մինասյանից:

«Փաստաթղթի խոցելիության աստիճանը կախված չէ այն բանից, թե դրան կողմ են քվեարկում, թե՝ դեմ: Զարմանալի կլիներ, եթե Ձեր նշած 4 ուժերից 3-ը, որ իրենց ընդդիմադիր են հռչակել, կողմ քվերակեին: 4-րդ ուժն էլ իրեն այլընտրանք է հռչակել և այս կողմնորոշումն է ընտրել»։
Իսկ քննադատելը ցանկացած ընդդիմություն իր սուրբ պարտականությունն է համարում, ասում է Գագիկ Մինասյանը: Նրա կարծիքով ՝ բյուջեի խորհրդարանական քննարկումները ավելի շատ մասնագիտական, քան պոպուլիստական հունով ընթացան: Չնայած այս դիտարկմանը՝ Գագիկ Միանսյանը ընկալելի չի համարում ԲՀԿ-ի այն բնորոշումը, թե  2013-ի բյուջեն սողալու բյուջե է:

«Մեծ երևակայություն է պետք ունենալ այս բյուջեն այդպես բնորոշելու համար: Մեր տնտեսական աճը, ըստ բյուջեի նածխագծի, երկու անգամ ավելի է լինելու, քան համաշխարհային միջին և ԱՊՀ երկրների միջին աճը, իսկ այդ երկրներց մեջ նաև այն երկրներն են, որոնք նավթ ու գազ են արտահանում»:

Հարցին, թե հնչած առաջարկությունների որ մասը կառավարությունը հաշվի կառնի, հանրապետական պատգամավորը դեռևս պատասխան չունի, բայց կարծում է, որ կառավարության ներկայացրած նախագիծը հավասարակշռված է, հաշվի է առնում առկա մարտահրավերներն ու տնտեսական աճ է խոստանում:
«Մենք ակնկալում ենք 6.2 տոկոսի տնտեսական աճ, գնաճը, ինչպես նախորդ  տարիներին, նախատեսվում է 4 ± 1.5 տոկոսի միջակայքում, աճ ապահովող ճյուղերը շարունակելու են մնալ տնտեսության արտահանելի ճյուղերը՝ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, և որ չափազանց կարևոր է, մենք պատրաստվում ենք էականորեն նվազեցնել բյուջեի դեֆիցիտը ՝ հասցնելով այն  2.64 տոկոսի»:

Բյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ առանցքային հարցերից մեկն այն էր, թե ինչպես է շարքային քաղաքացին զգալու տնտեսական աճի ազդեցությունը, հատկապես  այն  դեպքում, երբ իր եկամուտները, ըստ բյուջեի նախագծի, չեն ավելանալու:
Հարցն այսօր նաև Գագիկ Մինասյանին  տրվեց:  Ըստ պատասխանի ՝ կառավարությունը փորձում է սկզբունքորեն փոխել սոցիալական խնդրիրների լուծման մոտեցումը:  Պատկերավոր կերպով այդ փոփոխությունը Գագիկ Միանսյանն այսպես է ներկայացնում. «Եթե մարդ գտնվում է կարիքի մեջ, ապա երկու ճանապարհ կա նրա խնդիրները լուծելու՝ կամ նրան պարբերաբար ձուկ տալ, կամ կարթ տալ և սովորացնել այդ կարթով ձուկ բռնել»:

Կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով , ըստ Գագիկ Մինասյանի, երկրորդ տարբերկան է առաջարկում:

 

 

 

Կարդացեք նաև

Թողնել պատասխան

Back to top button