Ըստ վերլուծաբանների՝ հանդիպում առանց ակնկալիքների
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Եթե որոշել ենք շարունակել բանակցությունները, ապա անպայման պետք է նախապայմաններով ներկայանանք՝ խոսելով վաղը Փարիզում նախատեսված Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման մասին ասում են արցախցի վերլուծաբանները:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքական վերլուծաբան Դավիթ Բաբայանը որևէ ակնկալիք չունի նախատեսված հանդիպումից, «բայց բանակցությունները կարող են շարունակվել զուտ խաղաղությունը պահպանելու նպատակով»:
Ոճրագործի ազատ արձակումն ու հերոսացումը Ադրբեջանում Դավիթ Բաբայանի կարծիքով փորձություն էր միջնորդների համար ու հիմա ժամանակն է, որպեսզի եռանախագահները ցույց տան, որ գոնե ի զորու են ձևական բանակցությունների պայմաններում պահպանել խաղաղությունը:
Ի տարբերություն Դավիթ Բաբայանի՝ Արցախի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը կտրականապես դեմ է բանակցությունները շարունակելու հայկական կողմի մոտեցմանը։
Եթե բանակցային սեղանի շուրջ ենք նստում առանց նախապայմանների, պարզապես խոսելու տոնայնությունը փոխած ու առավել կոշտացված ասելիքով, դա ոչին չի տա, ասում է նա։