ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արտենիի խմելու ջրի խնդիրը լուծվում է, բայց բնակիչները թերահավատ են

Թալին համայնքի Արտենի գյուղը ավելի քան յոթ տասնամյակ խմելու ջրի խնդիրներ ունի։ Գյուղի միակ աղբյուրը տարիներ շարունակ Արմավիր-Իսահակյան-Գյումրի մայրուղու հարևանությամբ է եղել: Մարդիկ ժամերով հերթ են կանգնել ջրի համար։ Թալինի համայնքապետարանն այս տարի սուբվենցիոն ծրագրով նախատեսել է լուծել տարիներ շարունակ չարչրքված հարցը: Անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ուղարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Թալին համայնքի Արտենի գյուղի բնակիչների առօրյա հոգսերից մեկն էլ փողոցում ջրատար մեքենայի ազդանշանը ժամանակին լսելն է։ Ջրի ցիստեռնի հայտնվելուն պես, նրանք թողնում են մյուս բոլոր գործերը, որ հասցնեն ջուր գնել:

72 տարվա պատնություն ունեցող գյուղի մի քանի սերունդ վաղուց արդեն ընտելացել է այդ կենսակերպին։

«Մեր գյուղը խմելու ջրի խնդիր ունի, որի մասին մենք միշտ ենք մտածել, և առ այսօր խմելու ջուրն առնում ենք: Չորս դույլի համար, այսինքն՝ 40 լիտր ջրին վճարում ենք 300 դրամ: Ջրի ցիստեռը 2 օրը մեկ անգամ է գալիս, բայց պատահում է, որ մեքենան փչանում է, ջուրն՝ ուշանում»:

Մինչև 80-ական թվականները, գյուղի սկզբնամասում խմելու ջրի երկու աղբյուր է եղել: Գյուղացիներն ասում են, որ խորհրդային տարիներին մի քանի անգամ փորձել են ջրի խնդիրը կարգավորել, ջրագծերը հասցրել են մինչև գյուղ, որ միացնեն այդ աղբյուրներին:

-Դա այնքան էլ մեծ բան չէ պետության համար, մենք նույնիսկ ջրի գծեր ունեինք, քաշել, հասցրել էին գյուղ, բայց ջուրը տեղ չի հասել։

-Տներում ջուր չի եղել, չէ, մայրուղու վրա երկու աղբյուր կար, մեկը՝ ներքևում, մյուսը բաղնիքի մոտ: Երկու աղբյուրից է ջուր եկել ու երկու ջրագիծ է եղել՝ Արևիկից ու Իրինդից։

-Այդ ջուրը Իրինդից էր գալիս՝ երկաթգծի ներքևի մասում և բաղնիքի մոտ: Հետո ջուրը կտրեցին ու չլկաններին տվեցին: Մարալիկը կտրեց Արագածավանի ու Արտենիի ջուրը, դրանից հետո Արևիկից տվեցին: Դա էլ խափանվեց, ու մինչև առ այսօր մենք առանց ջրի ենք: Խմելու ջուրն առնում ենք:

Ջուր կրելու հոգսը միշտ կանանց ուսերին է եղել. փայտե ղանթարներն ուսերին՝ երկու դույլերը կախած, կանայք երկար ճանապարհ են անցել, որ հեռավոր աղբյուրներից ջուրը տուն հասցնեն, ճաշ եփեն, լվացք անեն, կենցաղային մյուս հոգսերը հոգան:

Արտենիի բնակիչ Թերեզա Հովհաննիսյան.

«Ասֆալտի կողքին ծորակ կար, գնում էինք առավոտից մինչև իրիկուն հերթ կանգնում, ջուր էինք կրում ղանթարով, դույլերով, իսկ եթե չէր լինում, 2 կմ բարձրանում էինք վերև, ջարդված խողովակի միջից ջուրը լցնում, ղանթարով բերում էինք, որ լողանայինք, խմեինք, լվացք անեինք, կենցաղի օգտագործման համար»:

Արտենիում ջուր կրելու «ոդիսականը» շարունակվել է նաև հետխորհրդային տարիներին: Գյուղացիների մշտական պահանջը տարիներ շարունակ մնացել է անլուծելի։ 2000–ականների սկզբներին դարձյալ փորձ է արվել կարգավորել խնդիրը, որոշակի քայլեր են ձեռնարկվել, բայց գյուղացիների ուրախությունը կարճ է տևել:

«Անդրանիկ Մարգարյանը Իրինդից ջուր քաշեց, բերեց, 7000 դոլար պետք է համայնքը մուծեր, բայց հեչ արեց՝ չեղարկեց: Միայն մեկ օր է փորձարկվել, ցույց տվեցին, որ ջուրն եկավ, հասավ ջրի աշտարակ: Մի օր եկավ ու կտրվեց, չբավարարեց: Այդ ջուրը մատակարարվելու էր 5 գյուղի՝ Դդմասարին, Դաշտադեմին, Աշնակին, Լուսակնին ու Արտենիին»:

Խոդեդան Բաքոյանն ասում է, որ հիմա իր նշած 4 գյուղերն օգտվում են խմելու ջրից, բայց իրենցը՝ ոչ։

«Լուսակն գյուղը ընդամենը 30 տուն է, բայց գիշեր-ցերեկ ջուր ունեն: Իրենց կովերն անգամ առվի՝ արտեզյան ջուր չեն խմում, պետք է Իրինդի ջուրը խմեն, իսկ մենք Իրինդի ջուրն առնում ենք»:

Արտենիում արտեզյան ջուրն են օգտագործում տնտեսության մեջ, սակայն ջրի վարձավճարները դժվարությամբ են հավաքում։

 Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան.

 «Ընդհանրապես ջուր կտրելու հասկացողություն ոչ մեկին չի եղել: Չմուծող բաժանորդների ջրի քանակն է կրճատվել: Օրինակ, եթե ջուրը տրվել է օրական 7 ժամ, ապա մատակարարվել է 3 ժամով: Ընդհանրապես ջուրը չեն կտրել»:

Թալին համայնքի ղեկավարը նշում է, որ այս տարվա 1-ին եռամսյակում արտեզյան ջրի մատակարարման դիմաց չնչին գումար է հավաքվել, բայց քանակի կրճատումից հետո, երկու օրում այդ թիվն ավելացել է: Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս տարի սուբվենցիոն ծրագրով կլուծվի Արտենի վարչական տարածքի խմելու ջրի խնդիրը:

«Ցանցի կառուցման հարցն ենք հիմա սուբվենցիայով ներկայացրել, որպեսզի Իրինդ վարչական տարածքից 2 լիտրով ավելացնեն դեպի Դաշտադեմ, Լուսակն գնացող ջրի քանակը, և Արտենիում բերենք խմելու ջուր: Նոր ջրագիծ է կառուցվելու, հայտը ներկայացվել է կառավարություն, մի քանի օրից կհաստատվի»:

Ծրագրի իրագործումից հետո Արտենիի ջրի ծորակներից արտեզյանի ջրի փոխարեն խմելու ջուր կհոսի: Համենայն դեպս՝ այդպես խոստացել են գյուղացիներին։

Back to top button