ԿարևորՀասարակություն

Հնարավոր չէ, որ նկարիչները կամ գրողները զրկվեն իրենց շենքերից․ Նիկոլ Փաշինյան

Հնարավոր չէ այնպիսի սցենար, որ նկարիչները, գրողները կամ ստեղծագործական մյուս միությունները զրկվեն իրենց շենքերից: Այսօր Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի՝ Դատախազության կողմից միությունների սեփականությունը վիճարկելու վերաբերյալ հարցին: Փաշինյանն ընդգծել է՝ նպատակը մարզական ու ստեղծագործական միություններին պատկանող գույքը պետությանը վերադարձնելն է, որպեսզի դրանք զերծ մնան տարատեսակ կոմերցիոն օտարումներից: Դատախազությունը հարցի քննությունը սկսել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մարզական միություններից մեկին պատկանող «Սպարտակ» մարզադաշտը վաճառվում է։

«Եվ մենք իրավական վերլուծություն արեցինք և տեսանք որ կա մեծ պրոբլեմ, իսկ որն է այդ պրոբլեմը որ խորհրդային միության ժամանակ մարզական ու ստեղծագործական միությունների գույքը ավտոմատ կերպով, ինչ–որ ընթացակարգերով համարվել է այդ միությունների  սեփականությունը, մինչդեռ այն եղել է հայկական խորհրդային սովետական հանրապետության սեփականությունը, այսինքն եղել է պետության սեփականությունը: Եվ դա օրենքի կոպտագույն խախտում է և մենք այսօր միանշանակ և աներկբա պետք է լուծենք այդ հարցը: Հետևաբար ոչ հնարավոր չէ, որ նկարիչները կամ ստեղծագործական մյուս միությունները զրկվեն այդ շենքերից, որովհետև կարող է լուծում լինի, որ օրինակ դրանք տրվեն անհատույց, անժամկետ օգտոգործման, բայց այդ բոլոր գույքերը, որոնք միությունները ստացել են կառավարությունից ու պետությունից, թեկուզ անցման շրջանում, պետք է վերադարձվի պետությանը ու բացառվի այդ գույքերի օտարումը առանց հանրային կամ օրենսդրական վերահսկողության»,– շեշտել է վարչապետ Փաշինյանը:

Գրողների միության շենք

Նկարիչների ու գրողների միություններում շաբաթներ առաջ են ստացել դատախազության ծանուցումը և տեղեկացել, որ մի քանի տասնամյակ իրենց պատկանող շենքերի սեփականության իրավունքը վիճարկվում է Վարչական դատարանում։ Նախօրեին «Ռադիոլուրը» զրուցել է Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի ու Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի հետ։

«Կառավարության որոշում է եղել, որով էլ սեփականության իրավունքը տրվել է նկարիչների միությանը գույքը տնօրինելու համար։ Եղել է քաղաքական որոշում»,– ասում է Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։  

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյան

«Ես չգիտեմ, ինչ թերությունների մասին է խոսքը․ այն ժամանակ 1999թ ինչ թուղթ, որ ուզել են, տարել տվել են, այն ժամանակ Հրանտ Մաթևոսյանն է եղել նախագահ, ինքն էլ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է։ Հետո հո մասնավորեցված չի, հո մասնավորին չի պատկանում, սա հասարակական կազմակերպությանն է հենց առաջին օրվանից, դեռ Ավետիք Իսահակյանի օրոք, նույնիսկ իր գումարներն են ներդրվել այս շենքը կառուցելիս, մեր գրողների տպագրած գրքերի հոնորարներն են ուղղվել շենքը կառուցելու ֆոնդին․ մենք նրանց առաջ ինչպե՞ս ենք պատասխան տալու։ Մի օր էլ կգան կասեն հաջողություն ձեզ, ուր ուզում եք գնացեք, այս շենքը վաճառելու ենք, կամ չգիտեմ՝ ինչ ենք անելու»,– կարծում է Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը Վարչական դատարան է դիմել՝ Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների շենքերի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով։ Դատախազությունը պնդում է, որ 1990-ականներին Աբովյան 16 ու Բաղրամյան 3 հասցեներում գտնվող շենքերն ապօրինաբար են սեփականաշնորհվել ու տրամադրվել միությունները ներկայացնող հասարակական կազմակերպություններին։

Back to top button