ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գրողներն ու նկարիչները հասցեն փոխել չեն պատրաստվում․ դատախազությունը վիճարկում է շենքերի սեփականության իրավունքը

ՀՀ գլխավոր դատախազությունը Վարչական դատարան է դիմել՝ Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների շենքերի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով։ Դատախազությունը պնդում է, որ 1990-ականներին Աբովյան 16 ու Բաղրամյան 3 հասցեներում գտնվող շենքերն ապօրինաբար են սեփականաշնորհվել ու տրամադրվել միությունները ներկայացնող հասարակական կազմակերպություններին։

Ստեղծագործական միություններում այս պնդումներից զարմացած են․ ինչ անօրինությունների մասին է խոսքը, եթե 2 շենքներն էլ ի սկզբանե գրողների ու նկարիչների միջոցներով և հենց գրողների ու նկարիչների համար են կառուցվել։ Պնդում են՝ հետևողական են լինելու, որ ստեղծագործական միությունների հասցեներն անփոփոխ մնան։

«Շաբաթներ առաջ դատախազությունից թուղթ ենք ստացել, թե կադաստրի կոմիտեն 90-ական թվականներին անօրինականություններ է իրականացրել Հայաստանի նկարիչների միության շենքի սեփականության վկայականը նկարիչներին տրամադրելիս»:

Ստացած ծանուցումը իրար է խառնել Աբովյան 16 հասցեն: Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ թե 25 տարի առաջ ինչ ու ինչպես է արվել, չգիտեն, հաստատ է մի բան՝ Միության շենքը նախորդ դարի 50-ականներին կառուցվել է հենց նկարիչների համար ու տասնամյակներ հետո սեփականության իրավունքով տրվել նկարիչներին։

«Կառավարության որոշում է եղել, որով էլ սեփականության իրավունքը տրվել է նկարիչների միությանը գույքը տնօրինելու համար։ Եղել է քաղաքական որոշում։  Ես չեմ կարող ասել, ինչ անօրինությունների մասին է խոսքը, կամ եղե՞լ է անօրինականություն, թե ոչ, քանի որ գործը ուսումնասիրման փուլում է։ Այն փաստաթղթերը, որ մենք ունեցել ենք, ունեցել ենք կառավարության որոշմամբ, և ես չեմ կարող ասել՝ կառավարության որոշումը ճի՞շտ է եղել, թե՞ սխալ»,– ասում է Սուրեն Սաֆարյանը։

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյան

Միության իրավաբաններն այս պահին ուսումնասիրում են գործը։ Սաֆարյանն ասում է՝ անհանգստացած են անորոշությունից, չգիտեն՝ իրենց ինչ է սպասվում։ Նկարիչների միության շենքից բացի դատախազության խոշորացույցի տակ է հայտնվել նաև Գրողների միության շենքը։ Երկու դեպքում էլ Դատախազությունը դիմել է վարչական դատարան սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով: Դատախազությունն ուսումնասիրել ու պարզել է, որ օրինակ Նկարիչների միության՝ Աբովյան 16 հասցեում գտնվող շուրջ 2400 քմ մակերեսով շենքի սեփականության իրավունքը «Նկարիչների միություն» ՀԿ–ին է տրվել Կառավարության 1998թ համապատասխան որոշման հիման վրա, մինչդեռ 1990թ–ի մեկ այլ՝ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» օրենքով արդեն սահմանվել էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների ու կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ սեփականությունն է։ Դատախազության տրամադրած տեղեկանքում կարդում ենք․

«Վկայակոչած իրավական ակտերի վերլուծությունից հետևում է, որ բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը 1990 թվականին ընդունված օրենքի ուժով համարվել էր պետական սեփականություն, ինչի հետևանքով առաջացել էր դրանց հաշվառումն ու հետագա օգտագործումը կազմակերպելու անհրաժեշտություն, ուստի Կառավարության վերոհիշյալ որոշմամբ պետական գույքի նկատմամբ կարող էր գրանցվել բացառապես պետության սեփականության իրավունքը, ինչը բացառում էր պետական գույքի նկատմամբ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունը»,– ասվում է Դատախազության տարածած տեղեկանքում:

Գրեթե նմանատիպ հիմնավորում կարդում ենք նաև Գրողների միության շենքին վերաբերող կետում։ Դատախազությունը մասնավորապես  պնդում է, որ1990թ գործած օրենքի ուժով այս շենքերի՝ պետության տնօրինումից դուրս գալն անհիմն ու անօրինական է եղել։ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն էլ Կառավարության որոշումներն է մեջբերում, տարակուսում՝ ինչու է դատախազությունը որոշել հետ շրջել 25 տարվա անիվը ու թերություններ փնտրել Կառավարության որոշման մեջ։

«Ես չգիտեմ, ինչ թերությունների մասին է խոսքը․ այն ժամանակ 1999թ ինչ թուղթ, որ ուզել են, տարել տվել են, այն ժամանակ Հրանտ Մաթևոսյանն է եղել նախագահ, ինքն էլ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է։ Հետո հո մասնավորեցված չի, հո մասնավորին չի պատկանում, սա հասարակական կազմակերպությանն է հենց առաջին օրվանից, դեռ Ավետիք Իսահակյանի օրոք, նույնիսկ իր գումարներն են ներդրվել այս շենքը կառուցելիս, մեր գրողների տպագրած գրքերի հոնորարներն են ուղղվել շենքը կառուցելու ֆոնդին․ մենք նրանց առաջ ինչպե՞ս ենք պատասխան տալու»,– ասում է Գրողների միության նախարարը։

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյան

Դատախազությունից ծանուցագիր առայժմ այս երկու միություններն են ստացել, չնայած Միլիտոնյանը վստահ է, մյուս ստեղծագործական միություններն էլ կհայտնվեն թիրախում։

«Փաստորեն ՀՀ–ում ինչ սեփականաշնորհվել է, դրա անունը կարող է լինել հասարակական կազմակերություն, ձեռնարկություն կամ միավորում, բոլորին տանելու են վարչական դատարան։  Թող բոլոր կառույցները պատրաստվեն, որ վաղն այս ուղտը իրենց դռանն էլ է չոքելու»,– կարծում է Միլիտոնյանը։

Միություններում անհանգստացած են, չգիտեն՝ ինչ կլինի շենքերը պետականացնելուց հետո։ Միլիտոնյանը մտավախություն ունի, եթե նույնիսկ գրողներին պատկանող շենքը գրողներին մնա, ստիպված կլինեն պետությունից վարձակալել։

«Մի օր էլ կգան կասեն հաջողություն ձեզ, ուր ուզում եք գնացեք, այս շենքը վաճառելու ենք, կամ չգիտեմ՝ ինչ ենք անելու։ Մարդիկ, ժողովուրդը, արվեստագետները բոլորն էլ կասկածում են, բազմաթիվ զանգեր ենք ստացել, որ ձեր ձեռքից խլելու են, մեկն ասում է՝ դեսպանություն են սարքելու, մյուսն ասում է՝ 10 հարկանի շենք են սարքելու, այսպիսի վիճակ է»։

Գրողների միությունը շաբաթվա վերջին նաև համաժողով կհրավիրի, իրենց՝ 4 պատից զրկող հարցը ավելի մանրամասն ու բոլորի հետ քննարկելու միության հետագա քայլերը որոշելու համար։ Պնդում են՝ հետևողական են լինելու, որ ստեղծագործական միությունների հասցեներն անփոփոխ մնան։

Back to top button