ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ծիածան գյուղում ծաղկի բիզնեսը եկամտաբեր է

Կոճղարմատավոր ու պալարավոր խոտաբույսերի դասին պատկանող ալստրոեմերիա ծաղիկները շուկայում մեծ պահանջարկ ունեն և համեմատաբար ավելի մատչելի գներով են վաճառվում: Այդ ծաղիկների մշակմամբ մեծամասամբ զբաղվում են Արմավիրի մարզի Խոյ համայնքում: Ծիածան գյուղի տնամերձ հողամասերում ծաղկի ջերմոցները շատ են: Եկամտաբեր մշակաբույսի աճեցման համար ոչ մի թիզ հող ազատ չեն թողնում և ամբողջ տարին բավարարում են շուկայի պահանջարկը:

Վերջին տարիներին ծաղկի շուկան գրավել է  ալստրոեմերիան՝ պերուական շուշանը: Խոյ համայնքի տնամերձ հողամասերի ջերմոցները լի են այս  ծաղկի բազմագույն տեսակներով: Տեղացիները լավ են հասկացել հարավամերիկյան քմահաճ բույսի պահանջներն ու նպաստավոր պայմաններ ստեղծել աճի համար:

Պերուական շուշանը Հայաստանում աճեցնում են պարտեզային բույսի պես՝ կտրոններով: Ծիածան գյուղում Գագիկ Նազարյանը տևական ժամանակ զբաղվում է ծաղկի մշակությամբ. կտրոնները հողն են դնում գարնանը կամ աշնանը և երեք տարի շարունակ դրանից քաղում բացված ծաղիկները։

«Սա անցյալ տարի ենք դրել, բայց 3-4 տարի կարող է մնալ, հետո արդեն, որ տեղը փոխում ենք, ավելի լավ է աճում ու ծաղկում: Դրա համար քանդում ենք, տեղը նորից փորում, պարարտացնում և ուրիշ տեսակի ծաղիկ դնում: Կարող ենք նաև ուրիշ տեղ աճեցնել»:

Նոր սորտեր էլ են բերում Կրասնոդարի երկրամասից, Հոլանդիայից ու այստեղ աճեցնում:

Գագիկ Նազարյանը ջերմոցները հիմնել է տնամերձ երկու հողամասերում: Առավոտից իրիկուն խնամում է ծաղիկները, հետևում աճին: Ոռոգում է իր փորած ջրհորից։

«Գրեթե 7մ խորություն ունի ջրհորը, բայց պետք է մի քիչ էլ խորացնենք, որովհետև խնդիրներ կան՝ ջուրը պակասել է, թեև  հովացման ժամանակ ջրի մի մասը հետ է գալիս, հետադարձով լցվում է, որպեսզի  հերիքի»:

Ջերմոցներում կարևոր նախապայման է կայուն ջերմաստիճանի պահպանումը, ձմռանը տարբեր միջոցներով է ջեռուցում՝ էլեկտրական տաքացուցիչներով, փայտե վառարանով ու հեղուկ գազով, իսկ ամռանը հովացման տարբեր մեթոդներ կիրառում, պոլիէթիլենային թաղանթները պատում են կաթի ու կավճի լուծույթով:

«Հովացման համակարգով հետադարձ ջուրը թափում ենք մեծ առուն և գնում, հողերն է ոռոգում, իսկ երբ մեզ պետք է լինում, տեղ ենք սարքել, բացում ենք, ջերմոցի մարգերը ջրում: Այսինքն՝ երկու գործը միաժամանակ ենք անում: Մյուս կողմում էլ ենք սարքելու, որ բացի կաթիլայինից ծաղիկները մարգային ձևով ոռոգվեն: Երբ հովացնում ենք՝ ծաղիկը չի փջում, բացվում է նորմալ: Իսկ այն տարիներին, երբ հովացում չունեինք՝ բերքը կորում էր, մեծ մասը փչանում էր»:

Հիմնականում մարգային եղանակով են ջրում, որպեսզի բույսը ծարավը հագեցնի, իսկ կաթիլայինը միացնում են գերխոնավությունից խուսափելու, թունաքիմիկատներ ու պարարտանյութ տալու նպատակով: Ծաղկի տարբեր սորտեր  ջերմության նկատմամբ տարբեր դրսևորումներ են ունենում։

«Հիմա կան պահանջված սորտեր, բայց ցածրիկ են. ինչքան լույսի քանակը մեծանում ու շոգ է լինում, բույսը  գնալով  կարճանում է, որի հետևանքով գինը իջնում է: Եթե նոր սորտեր են բերում, մենք դրանցով  փոխում ենք, նորացնում: Նույն ձևով  սպիտակ սորտն է՝ շատ է իջնում, իսկ այն մյուս սպիտակը, հակառակը՝ շատ է բարձրանում: Կարճերն աստիճանաբար փոխարինում ենք բարձր սորտերով: Իսկ եթե նոր կապույտ գույնի ծաղիկներ են բերում, սրանք ենք փոխարինում կապույտով»:

Խոտազգի ծաղիկների մեջ լինում են նաև բերք չունեցող ցողուններ, որոնք հեռացնում են: Այս դեպքում վարձու աշխատողներ են բերում: Օրավարձը տարբեր է, մինչև կեսօր նրանք աշխատում են 6000 դրամով, իսկ երեկոյան աշխատելու դեպքում գինը բարձրանում է:

Back to top button