ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Հայկական ծնեբեկի արտահանում՝ «պերուական մոդելով»․ խոշոր տնտեսվարողը լուծում ունի

Հայաստանում բարձրարժեք մշակաբույս համարվող ծնեբեկի մեծածավալ արտադրությունը համեմատաբար նոր երևույթ է։ Դրա մշակությամբ զբաղվող ընկերություններից ամենախոշորը արտադրանքի 70%-ն ուղարկում է ռուսական շուկա։ Հայկական ծնեբեկով հետաքրքրված է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, սակայն, մատակարարման համար մեծ խմբաքանակ է պահանջվում։ Խոշոր տնտեսվարողը հարցի իր լուծումն է առաջարկում։

Մսային համով, բայց բույսից եփվող ապուր․ ասվածը հնարավոր է ծնեբեկի միջոցով։ Բույսի բերքատվությունը տարվա մեջ 2 ամիս է, բայց, համաշխարհային շուկայում այն պահանջված է կլոր տարին։

Հայաստանում ծնեբեկի մեծածավալ արտադրությունը համեմատաբար նոր երևույթ է։ Կան դրա ցանքով զբաղվող տնտեսվարողներ, որոնցից խոշորագույնը 2014թ.-ից Սյունիքի Տեղ գյուղում հիմնված, 2023թ.-ից էլ Կոտայքի  Արա գյուղում ընդլայնված «Դավթյան Ֆարմս»-ն է։

Ծնեբեկը նուրբ բույս է՝ մշակումից մինչև պահպանում լուրջ ջանքեր է պահանջում, բայց գործը եկամտաբեր է՝ ասում է ընկերության համասեփականատեր Սերգեյ Դավթյանը։

Արտաքին շուկայում «քիչ և թանկի» փոխարեն «շատ և էժան» արտադրանքով ներկայանալու համար նա հայաստանյան «ծնեբեկագործների» համար մշակել է միավորվելու ծրագիր։

«Նպատակն է՝ առաջիկա 5 տարվա մեջ հիմնենք մինչև 200 հեկտար ծնեբեկի ցանքատարածություն։ 1 հեկտարի բերքը տարեկան 4-6 տոննա է։ Մեր ընկերության մասնաբաժինը լինելու է 20-30 հեկտար։ Տնտեսվարողների թիվը չենք սահմանափակում։ Տարբեր ռեգիոններում ենք ուզում հիմնել ցանքատարածություններ։ Նախ՝ քաղն է տարբեր ժամանակներում լինում, հետո մենք դրա հաշվին կարող ենք սեզոն երկարացել և շուկայում ավելի երկար ժամկետով երևալ»։  

Եթե ծովի մակարդակից 800 մետր բարձր Մեղին էլ, կրկնակի անգամ բարձր Ապարանն էլ միանա «200 հեկտար ծնեբեկ» ծրագրին, նախաձեռնողի հաշվարկով, Հայաստանից թարմ, սառեցված ու վերամշակված վիճակում տարեկան հնարավոր կլինի արտահանել 1000 տոննա ծնեբեկ։

«ԵԱՏՄ շուկայում ենք արդեն խորը սառեցումով ներկայացել, դրա նմուշներն ուղարկել ենք նաև Գերմանիա, Դուբայում մասնակցել ենք ցուցահանդեսի։ Եթե «թարմի» պահպանման ժամկետը մեր տեխնոլոգիաներով 1-1.5 ամիս է, «խորը սառեցման» դեպքում կարողանում ես 1-2 տարի պահպանման ժամկետ ապահովել»։

Սյունեցի ֆերմերին հաջողվել է ստանալ նաև  ծնեբեկի ալյուր։ Թանկարժեք և բացառիկ այդ հումքն աշխարհում պահանջված է խմորեղենի և հրուշակեղենի արտադրությունում։

«1-2 տարի ժամանակ կպահանջվի, ունենալու ենք «թարմի»  համար բարձր կարգի սառնարանային տեխնոլոգիաներ, սառեցման համար տեխնոլոգիաներ, ալյուր արտադրելու համար չորանոցներ, մարինացում անելու համար՝ մարինացման արտադրամաս»։

Կառավարության 927-Լ որոշմամբ՝ «Հայաստանում ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման» համար մատչելի վարկի հաշվին սեփական ցանքատարածությունը կրկնակի ավելացրած «Դավթյան Ֆարմս»-ի հիմնադիրը մանրամասնում է՝ ծնեբեկը բերքատվության փուլ է մտնում 1-2 տարվա ընթացքում։

-Եթե այս գարնանը հիմնենք, 2024թ.-ին անցնում է իր վեգետացիան, նորմալ աճ է տալիս, 2025թ.-ի գարնանից սկսվում է բերքահավաքի փուլը։  Սեզոնից կախված տարբեր գներ ունի։ Օրինակ, մայիս ամսին համաշխարհային շուկայում ծնեբեկը լցված է լինում, հունիսի կեսից սկսում է դեֆիցիտը։

այակական ծնեբեկի մրցակիցները միջազգային շուկայում որո՞նք են։

-Ամենախոշոր մրցակիցը Պերուի արտադրանքն է, որը համակարգվում է ասոցիացիաներով, հատուկ պետական ծրագրով։ Պետությունը կոնկրետ իր ապրանքի համար այլ պետության տարածքում գնորդ է փնտրում։ Դուբայում ամենաշատը Պերուի ծնեբեկն են վաճառում։ Եթե մենք վաճառում ենք 100-200 արկղ, իրենք վաճառում են պալետներով՝ 1 պալետի մեջ 1 տոննա։

Համընդհանուր ուժերով մեծ քանակ ձևավորելու համար Սերգեյ Դավթյանը պատրաստ է ապագա գործընկերների հետ կիսվել մշակության սեփական փորձով։ Կարծում է՝ մշակաբույսի համար Հայաստանի հողերի մեծ մասը պիտանի է՝ ընդերքի թթվայնությունը՝ PH-ը համեմատաբար չեզոք է։

«Մենք մեր սածիլը հիմնականում տեղայնացնում ենք, ինքներս ենք արտադրում, որովհետև տեղայնացմամբ ավելի է ապահովագրվում հետագա բերքատվությունը»։

Կոճղարմատավոր 1 բույսի բերքատվությունը տևում է 15-20 տարի։   Բերքի ծավալը պիկին է հասնում 7-10-րդ տարվա ընթացքում։

Ծնեբեկի «պերուական մոդելը» փորձելու և ընդհանուր խմբաքանակով դրսի շուկային ներկայանալու համար գործարարն առաջին քայլն է անում։

«Հիմնում ենք ասոցիացիա, որը կհամալրի բոլոր ծնեբեկ արտադրողներին»։

Back to top button