ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արտենիում չմշակվող հողեր շատ կան, պատճառը ցածր բերքատվությունն է

Թալին համայնքի Արտենի գյուղում ոռոգման խնդիր չկա, բայց ցածր է բերքատվությունը: Պատճառը հողերի ցածր որակն է: Բացի քարքարուտներից, կան նաև գերնորմատիվային հողեր, որտեղ շատ են վնասատուները: Գյուղացիներն ինքնուրույն են փորձում լուծել խնդիրը: Հողի լեզուն հասկանալու համար տարիներ շարունակ տարբեր մշակաբույսեր են աճեցնում, պտղատու այգիներ են հիմնում, բայց անարդյունավետությունից ելնելով, քանդում են: Գյուղի երիտասարդները ձգտում են ապրել ու աշխատել քաղաքում:

Անձրևները դադարել են, Արտենիում սկսել են հարթեցնել դաշտամիջյան ճանապարհները: Գյուղատնտեսական աշխատանքներն այստեղ մեկնարկում են հացահատիկային ու կերային մշակաբույսերի վար ու ցանքով: Գյուղացիները գրեթե ամեն ինչ մշակում են, բայց բերքատվությունը կախված է հողերի որակից.

«Գոմաղբով, պարարտանյութով հողը հարստացնում ենք, տնային պայմաններում ենք ստանում: Գոմաղբը մեկ տարի մնում է, հետո ջրի հետ խառնում տալիս ենք հողին, կամ չոր վիճակում փռում դաշտերի վրա: Մենք լոլիկ, վարունգ, ձմերուկ ենք մշակում, 3 հեկտար վարելահող ունեմ, 2 հա՝ պտղի այգի: Նորատունկ այգի եմ հիմնել. սալորի ու խնձորի տնկիները երկու տարվա են, ծիրանը՝ հինգ և տասը»:

Արտենի գյուղում նախկինում խնձորի ու խաղողի այգիներն ավելի շատ են եղել, բերքն էլ իրացվել է տեղում՝ Արտենիի գինու գործարանում: Երբ արտադրությունը դադարեցվել է, գյուղացիները կանգնել են բերքի իրացման խնդրի առջև ու աստիճանաբար քանդել են այգիները: Ցածր բերքատվության ու իրացման ցածր գնի պատճառով հիմա էլ են նույն քայլին դիմում:

«Ես այս տարի 1 հա խնձորի այգին լրիվ քանդել եմ, որովհետև օգուտ չեմ ստացել, բերք չի եղել: Պատճառը չգիտեմ ինչն է, խնձորը մեր տարածքում նորմալ բերք չի տալիս: Եթե ես խնձորի այգին պետք է ամենաքիչը 14 անգամ բուժեմ, 100 դրամով վաճառեմ, ապա վերջնահաշվարկում ինձ մնում է ծախսի 10 տոկոսը: Բացարձակ ձեռք չի տալիս, դրա համար էլ մի հեկտար խնձորի այգին քանդել եմ»:

Գյուղացիները դժգոհում են նաև կրծողներից՝ մկները վնասել են ծառերը: Արտենիում հողի կադաստրային արժեքը ցածր է՝ 4-րդ կարգի հողեր են, քարքարուտներում բերքատվությունը նույնպես ցածր է: Հողի մշակների կարծիքով կառավարությունը հողի որակական հատկանիշները ստուգելու և բերրիությունը բարձրացնելու նպատակով պետք է ծրագրեր մշակի:

«Այստեղ մի նրբություն կա, որ մինչև այսօր մեր պետության ոչ մի մասնագետ չի եկել ու ասել. գյուղացի, գիտես, այս հողը տարել, ստուգել ենք և այս հողի մեջ, օրինակ, միայն կարելի է ծիրան աճեցնել, այս մյուս հողի մեջ՝ խնձոր: Մենք ուղղակի մեր հողերում ինչ ասես աճեցնում ենք՝ ձմերուկ, պոմիդոր, հետո բողոքում, որ բերք չտվեց, չեղավ, չստացվեց: Ուրեմն, այդ հողի մեջ բերք չի աճում, այսինքն՝ եթե այս հողում մենք պետք է ծիրանի տնկիներ դնեինք, դրել ենք խնձոր»:

Հողերի որակի բարձրացումը գյուղացուն կպահի գյուղում՝ ամուր կապելով հողին, որով կկանխվի ներքին միգրացիան՝ գյուղից դեպի քաղաք: Սա ևս պետության քաղաքականության մի մասը պետք է լինի, կարծում են գյուղացիները:

«Ես չեմ տեսել ինչ-որ մի կազմակերպություն կամ կառավարության կողմից ուղարկված ներկայացուցիչ գա, մեր հողերն ուսումնասիրի ու հասկանա, թե ինչ է կատարվում հողի հետ: Վերջը, մենք այսքան տարի օգտագործել ենք: Հնարավոր է, որ այլևս որակազրկված է, իսկ որակավորման համար թող մեզ սուբսիդիա տան, որ հողը մշակենք ու մնանք գյուղում: Ոչ թե մյուսների նման թողնենք գյուղն ու գնանք քաղաք: Հիմա քաղաք են գնում բոլոր երիտասարդները: Տղաներն արդեն բանակում են պլանավորում գյուղում չմնալու մասին»:        

Բացի այդ, Արտենիի ոռոգելի հողերի զգալի մասը գերնորմատիվային է: «Թալին ՋՕԸ»-ը հողօգտագործողների հետ սկսել է ոռոգման պայմանագրեր կնքել: Ցանկացած մշակաբույսի համար կա ոռոգման սահմանված չափ, ըստ որի էլ կնքվում է պայմանագիրը, բայց վճարվում է ոռոգման քանակով՝ ասում է «Թալին ՋՕԸ»-ի Արտենիի տեղամասի հաշվապահ Աստղիկ Խաչատրյանը.

«Պայմանագրերը հիմնականում կնքում ենք 5 տարին մեկ անգամ, բայց երկրորդ հավելվածն ամեն տարի փոխում ենք, այսինքն՝ փոփոխվում է իրենց հողի տեսքը՝ ցորեն, գարի, առվույտ: Հողերի ոռոգման նորման կարող է մեկ անգամ ոռոգելով ավարտվի, քանի որ շատ են հարամիները: Մայր ջրանցքի կողմի հողերը մեծամասամբ հարամիներով են և հողի վիճակը մի քիչ այն չէ: Գերնորմատիվային հողեր են, ջուր շատ են պահանջում, բայց ջուրօգտագործողը կարող է երկու անգամ ջրել, կարող է՝ վեց անգամ»:

Հողերը նպատակային օգտագործելու և ոռոգման հավելյալ ծախսերից խուսափելու համար գյուղացիներն ինքնուրույն են փորձել գտնել լուծումը, ասում է Արտենիի վարչական ղեկավար Մանուշ Շատոյանը.

«Արտենիում ոռոգման ջրի խնդիր չկա, քամիներն են ուժեղ, դրա համար բոլոր հողերը համարվում են գերնորմատիվային, քամուց անմիջապես չորանում են: Հարամիներ լինում են, բայց փակում են: Ես լսեցի, որ անիվներ են տանում, լցնում, խցանում են մի կերպ, որ փակեն: Երբեմն-երբեմն լինում են հարամիներ, երբեմն առվի հունն են փոխում, միջոց գտնում են, էլի»:

Արտենիում չմշակվող հողեր շատ կան, պատճառը անարդյունավետությունն է, ինչպես նաև սեփականատերերի բացակայությունը: 730 տնտեսությունից 50-ի դռները փակ են, հողերն անմշակ են կամ մասամբ հարևան-բարեկամներն են մշակում:

Back to top button