ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մասնակցային բյուջետավորմամբ Արմավիր համայնքում կիրականցվի 3 ծրագիր

Արմավիր համայնքում մարտի 15-ին ավարտվել է մասնակցային բյուջետավորման ներկայացված 4 ծրագրերի էլեկտրոնային քվեարկությունը։ Արդյունքներն արդեն ամփոփվել են, համայնքի բնակչության մեկ տոկոսի հավանությանն է արժանացել 3 ծրագիր. մեկն՝ Արմավիր քաղաքում, երկուսը՝ Լենուղի և Մյասնիկյան գյուղերում: Արմավիր համայնքի ավագանին հաստատել է ծրագրային առաջարկներն ու այն իրականացնելու որոշում կայացրել:

Արմավիր համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացն աստիճանաբար մտնում է իրականացման փուլ: Հանրային քննարկման ներկայացված՝ բնակչության 4 առաջարկները փետրվարի 22-ից մինչև մարտի 15-ը Արմավիրի համայնքապետարանի էլեկտրոնային կայքում դրվել էին քվերակության: Համայնքի բնակիչներն իրենք էին որոշելու, թե որ առաջարկությանը հավանություն տան: Չորս ծրագրերից մեկը ներկայացրել էր Գայանե Հարոյանը՝ նախաձեռնող խմբի ու «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից: Երիտասարդները ցանկացել են ավելի հրապուրիչ դարձնել մարզկենտրոնի հրապարակը և մշակույթի տան ու համայնքապետարանի միջև ընկած տարածությունը վերածել այգու:

«Մենք դիտարկել ենք այն խնդիրը, որ մարզկենտրոնի հրապարակը այդ տարածքի ամայի ու վատ լինելու պատճառով կորցրել է իր գրավչությունը: Ունենում ենք շատ հյուրեր, այցելուներ, բայցի այդ, դա նաև հարմար տարածք է քաղաքի բնակիչների հանգստի ու ժամանցի կազմակերպման համար: Մենք նախատեսել ենք այնտեղ կառուցել խաղահրապարակ, շատրվանայաին համակարգ, ճեմուղի, ամֆիթատրոն, որտեղ միջոցառումներ կկազմակերպվեն»:

Այգու կառուցման համար մոտավոր հաշվարկով անհրաժեշտ է շուրջ 130 մլն. դրամ: Նոր մշակույթի ներդրման նպատակով «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կամավորները Արմավիր, Մյասնիկյան և Սարդարապատ բնակավայրերում իրազեկել են մասնակցային բյուջետավորման գործիքակազմի մասին և հորդորել ակտիվորեն քվեարկել:

Գայանե Հարոյան. «Շրջայցի ընթացքում մենք միայն մեր ծրագրի մասին չենք տեղեկացրել, այլ հանգամանալից ներկայացրել բոլոր 4 ծրագրերը: Մարդկանց տրամադրել ենք տեխնիկական աջակցութուն՝ համայնքապետարանի կայքում գրանցվելու համար, որովհետև գրանցումը կարևոր նախապայման է հետագայում քվեարկությանը մասնակցելու համար»:

Մասնակցային բյուջետավորման ներկայացված առաջարկություններն ընդունվում են, եթե քվեարկել է բնակչության մեկ տոկոսը: Արմավիր քաղաքի հրապարակամերձ այգու կառուցման առաջարկը էլեկտրոնային քվեարկությամբ ստացել էր 1082 քվե: Հավանության էր արժանացել նաև Լենուղի գյուղի վարչական ղեկավարի նստավայրի՝ նախկին համայնքապետարանի շենքի մասնակի նորոգման առաջարկը:

Ծրագիրը ներկայացրել էր գյուղի հնաբնակներից Հրաչյա Ներսիսյանը. «Ես առաջարկել եմ գյուղապետարանի վարչական շենքի վերանորոգում, որը գտնվում է սոսկալի վիճակում: Այսինքն՝ պետք է փոխվեն տանիքը, դռները, պատուհանները: Շենքը կառուցվել է 1960-ական թվականների վերջերին, շահագործման հանձնվել՝ 1972-1973 թվականներին, որից հետո այդտեղ որևիցէ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել»:

Այս ծրագրի նախնական արժեքը գնահատվել է 10 մլն դրամ, քվեարկել է 1075 բնակիչ: Երրորդ ծրագիրը Մյասնիկյան գյուղի մշակույթի տան դիմացի այգու հիմնանորոգմանն է վերաբերում՝ 977 քվեով առաջարկությունն անցել է: Գյուղամեջ համարվող տարածքը տեղի բնակչության հանգստի վայրն է: Տարածքն անբարեկարգ է, և Սարգիս Հովսեփյանն առաջարկել է տեսքի բերել հրապարակը՝ մայթեր կառուցել, լուսավորություն անցկացնել, նստարաններ տեղադրել ու խաղահրապարակ կառուցել: Ծախսը 15 մլն դրամի սահմաններում է:

Մասնակցային բյուջետավորման ընթացակարգով շուտով այս ծրագրերը կյանքի կկոչվեն։ Դրանց ընդհանուր արժեքի 20 տոկոսը վճարելու է համայնքը, մնացածը՝ կառավարությունը: Առցանց քվեարկությամբ անհրաժեշտ քանակի քվե չէր ստացել Արմավիրի Հերացու փողոցի բարեկարգման առաջարկը, որի հետ կապված այլ ծրագրեր կան:

Այդ մասին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը դեռ չցանկացավ խոսել. «Երեք ծրագրերի մասով արդեն նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման մրցույթ է հայտարարվել: Նախագիծն ունենալուց հետո պլանավորում ենք շինարարական աշխատանքներն արագ սկսել, այսինքն՝ կհրապարակենք շինարարական մրցույթ ու արագ կսկսկենք շինարարական գործընթացը: Հերացու փողոցի բարեկարգումը չի ստացել բնակչության մեկ տոկոսի հավանությունը, բայց դա չի նշանակում, որ Հերացու փողոցը դուրս է մնացել Արմավիրրի համայքապետարանի ուշադրությունից: Հերացու փողոցի հետ կապված Արմավիրի համայնքապետարանն այլ պլաններ ունի: Երբ որ դա ռեալ լինի՝ այդ ժամանակ էլ դրա մասին կխոսենք»:

Մասնակցային բյուջետավորման նպատակով Արմավիր համայնքին սուբվենցիաների շրջանակում տրամադրվելու է 500 մլն դրամ: Այս գործիքակազմով բնակչությունը մասնակցում է համայնքային խնդիրների լուծմանը։ Այդպես անհամեմատ ավելի արագ են լուծվելու խնդիրները, քան սուբվենցիոն ծրագրերով, որտեղ ներկայացվում են լայնածավալ աշխատանքներ՝ մեծ բյուջեով:

Back to top button