ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բելառուսը հրաժարվել է ներմուծել Արարատի «Այրում» գինին, ոչ թե Երևանի «Արարատ» կոնյակը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Արարատի կոնյակի գործարան» ընկերությունում ստուգումներ է սկսել։ Վերահսկողական միջոցառումները կապված են Բելառուսի առողջապահության նախարարությունից ստացված նամակի հետ, որում նշված է, որ ձեռնարկության արտադրանքում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումներ կան: 

Բելառուսի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Արարատի կոնյակի գործարանում արտադրվող «Այրում» նռան գինու բաղադրության մեջ լաբորատոր հետազոտության արդյունքում ազարուբին (E122) ներկանյութ է հայտնաբերվել: Բելառուսը ժամանակավորապես դադարեցրել է «Այրում» գինու ներկրումն ու շրջանառությունն իր շուկայում:

Հայկական ոգելից խմիչքի ներմուծումն արգելող Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատ քաղաքի կոնյակի գործարանին և  ոչ մի կապ չունի Երևանի կոնյակի գործարանի և այդ ընկերության արտադրած ARARAT կոնյակների հետ։  Բելառուսի գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Տարասենկոյի որոշմամբ՝ արգելվել է հայկական «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումն ու իրացումը։ Բելառուսի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այդ գործարանի արտադրանքում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումներ են հայտնաբերվել:

Ըստ այդմ Արարատի կոնյակի գործարանում արտադրվող  «Այրում» նռան գինու բաղադրության մեջ լաբորատոր հետազոտության արդյունքում ազարուբին (E122) ներկանյութ է հայտնաբերվել : Ըստ այդ որոշման՝ Բելառուսը ժամանակավորապես դադարեցրել է այդ գինու ներկրումն ու շրջանառությունն իր շուկայում։ Եթե իսկապես գինու մեջ սինթետիկ ներկանյութ կա, որը վնասում է առողջությունը, ոչ միայն Բելառուսի կողմից պետք է արգելվի, այլև մեր ներքին շուկայում պետք է արգելվի դրա վաճառքն ու առհասարակ արտադրությունը, կարծում է  տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Դա ազդանշան է։ Եթե այդ  նույն ապրանքը այստեղ սպառվում է, և հայտնաբերված խախտումները համապատասխանում են իրականությանը, պետք է այստեղ էլ արգելվի։ Բայց եթե կեղծ ահազանգ է, դա պետք է հերքի նախևառաջ արտադրողը, ապա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս հաղորդագրությունը դիտարկել է որպես ահազանգ և սեփական ստուգումներն է սկսել Արարատ քաղաքի կոնյակի գործարանում։  Մինչ տեսչական մարմինը փորձում է պարզել,  թե «Այրում» նռան գինու ո՞ր խմբաքանակում է հայտնաբերվել անհամապատասխանությունը, արդյո՞ք ստուգվել են այլ խմբաքանակներ ևս, սննդագետ Դավիթ Պիպոյանը արձանագրում է՝ քանի դեռ մեր երկրում սննդային հավելումների մոնիթորինգ չի կատարվում, նման խնդիրներն անխուսափելի են։

«Դու չունես քո սեփական հետազոտությունը, որ հակափաստարկով հանդես գաս։ Մեր ցանկացած հոդված, ցանկացած աշխատանք ամփոփելիս հստակ գրում ենք, որ սննդամթերքի անվտանգության խնդիրները ոչ միայն հանրային առողջապահական նշանակություն ունեն, այլև գերկարևոր նշանակություն ունեն արտահանման տեսանկյունից։ Երկիրը պետք է կարողանա ապահովել փաստական հենքը։ Եթե պետական կառույցը մոնիթորինգ իրականացրած լիներ, շատ ավելի հստակ պատկեր կունենային՝ արդյո՞ք հնարավոր է նմանատիպ խնդիր, թե՝ ոչ»։

Մինչ սննդագետը արտադրությունից մինչև պատշաճ մոնիթորինգ և ռիսկի գնահատում շղթայում խնդիրներն է մատնանշում, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ արդեն ուժի մեջ է սննդային հավելումների, բուրավետիչների, տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության մասին կանոնակարգումը։ Տեսչական մարմնի իրականացրած փոփոխություններով կրճատվել է թույլատրելի սննդային հավելումների ցանկը և ավելացվել նոր հավելումներ։   

Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանից արտահանվող սննդամթերքում խնդիրներ են հայտնաբերվում։ Անցած տարի էլ «Ռոսսելխոզնադզորը» հայկական արտադրության կաթնամթերքում  էր խախտումներ գտել։ 

Ի դեպ՝ Բելառուսի հետ առևտրաշրջանառությանը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ 3 տոկոսով նվազել է՝ կազմելով 182 մլն դոլար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ Հայաստանից հիմնականում Բելառուս է արտահանվում  տեխնիկա, ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, ներմուծվում է ադամանդ, կաթնամթերք, տեխնիկա, անտառանյութ։

Back to top button