Էկոսֆերա

2022 թվականի հուլիսը պատմության ընթացքում ամենաշոգ ամիսների եռյակում է․ «Էկոսֆերա»

Արբանյակային տվյալները ցույց են տվել, որ հուլիսը եղել է աշխարհում գրանցված ամենաշոգ ամիսների եռյակում: Միջին ջերմաստիճանը 0.4 աստիճանով գերազանցել է 1991-2020 թվականների տվյալներին։

Հարավարևմտյան Եվրոպայի համար հուլիսն ամենատաքն է եղել ողջ պատմության ընթացքում: Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներում գրանցվել է 40 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճան։

Ընդհանուր առմամբ, տվյալները ցույց են տվել, որ հյուսիսային կիսագնդի ցամաքի մեծ մասում ջերմաստիճանը միջինից բարձր է եղել, մինչդեռ, Կենտրոնական Ասիայում և Ավստրալիայում ճիշտ հակառակը՝ ջերմաստիճանն իջել է նորմայից ցածր:

Փորձագետները զգուշացրել են, որ չափազանց բարձր ջերմաստիճանի ժամանակաշրջանները կարող են կրկնվել։ Ավելին, դրանք հաճախակի և երկարատև են լինելու, քանի որ մոլորակն աստիճանաբար տաքանում է:

Անցյալ ամիս Արևմուտքում գրանցվել է ցածր տեղումների ռեկորդ, իսկ մայրցամաքի հարավ-արևմուտքում և հարավ-արևելքում գրանցվել են երաշտներ: Փորձագետների կարծիքով՝ այս պայմանները նպաստել են անտառային հրդեհների տարածմանն ու սրմանը։

Դիտարկումները նաև ցույց են տվել, որ Անտարկտիդայում ծովի սառույցի ծավալը հասել է իր ամենացածր ցուցանիշին՝ վերջին 44 տարվա ընթացքում միջինից 7%-ով ցածր: Այս փաստն անհանգստացնում է մասնագետներին։

Back to top button