ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ում պայքարում են օտարերկրյա հնարավոր միջամտության դեմ

ԱՄՆ-ում ընտրություններից առաջ աշխատում են բացառել օտարերկրյա հնարավոր միջամտությունները՝ հասարակությանը զերծ պահելու նաև վտանգավոր դարձող ապատեղեկատվական արշավներից։

Մեր թղթակիցն ԱՄՆ-ում խոսել է ընտրական ոլորտի մասնագետների, ժողովրդավարությունն ամրապնդող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր  վստահեցրել են, չնայած ներքին ու արտաքին բազմաթիվ փորձերին, ամերիկացիների գերակշիռ մասը կասկած չունի երկրի ժողովրդավարական ընտրությունների նկատմամբ։

ԱՄՆ-ի ընտրական համակարգի ապակենտրոնացումն  ապահովում է բացառել ընտրությունների արդյունքների վրա ազդելու հնարավորությունը, նման կարծիք են հայտնում ընտրական ոլորտի փորձագետները։

ԱՄՆ-ում սկսված ընտրարշավում նահանգները յուրովի են աշխատում, որոշ վայրերում ընտրության նոր կանոնակարգեր են սահմանվել, իսկ անվտանգության մարմիններն անցել են շուրջօրյա ռեժիմի՝  նոյեմբերյան ընտրությունները զերծ պահելու օտարերկրյա հնարավոր միջամտությունից։

Դևիդ Գրեհեմ, The Atlantic–ի լրագրող, ԱՄՆ, մարտ, 2024

Հյուսիսային Կարոլինայում, որը համարվում է այսպես կոչված չկողմնորոշված նահանգներից, երբ պարզ չէ, թե ընտրություններում հանրապետականներին թե դեմոկրատներին ավելի շատ ձայն կտրվի, ժողովրդավարությունն ամրապնդող կազմակերպությունները շուրջօրյա աշխատանք են տանում՝ ընտրությունների հանդեպ վստահությունը բարձրացնելու և ապատեղեկատվությանը դիմագրավելու ուղղությամբ։

Ընտրական հարցերով փորձագետ Էն Վեբը Հանրային Ռադիոյի հետ զրույցում ասում է՝ նահանգում կիբերհարձակումների հնարավորությունը գրեթե զրոյացված է։

«Մենք՝ հասարակության ներկայացուցիչներս, բազմաթիվ հնարավորություններ ունենք ընտրությունների ընթացքին հետևելու, ցույց տալու, որ մեր ընտրություններն ազատ պայմաններում են անցնում։ Ամենադրականը մեր ընտրական համակարգում դա թափանցիկություն է։ Մենք ունենք դիտորդներ քաղաքական ուժերից, կազմակերպվում են բաց հանդիպումներ  ընտրությունների հաշվարկին համընթաց։ Ընտրական համակարգը պարբերաբար կատարելագործում ենք՝ հանրային քննարկումներ ապահովելով։ Ամեն ինչ արվում է, որպեսզի ընտրողը վստահ լինի՝ ընտրությունները անցնում են ազատ և արդար»։

ԱՄՆ-ի նահանգային ընտրական հանձնաժողովներում և՛ նախնական, և՛ հիմնական ընտրությունների օրերին պարբերաբար ասուլիսներ են կազմակերպվում, ներկայացվում են վերջին տվյալները, ապատեղեկատվությունը և գրանցված խախտումները։ Հասարակությանը կոչ է արվում վստահելի աղբյուրներից օգտվել։

Ի դեպ, այդ նպատակով ԱՄՆ-ի կիբերանվտանգության և ենթակառուցվածքների գործակալությունը նոր կայք է բացել՝  Rumor vs. Reality, որտեղ ընտրությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններ են ներկայացվում:

Այս ամենին զուգընթաց ԱՄՆ-ում քաղաքական դաշտն այս ընտրությունների շեմին խիստ բևեռացված է։ Դա, ինչպես նշում են լրագրողները, ազդեցությունն է ունենում նաև մեդիադաշտի վրա։ The Atlantic հայտնի պարբերականի լրագրող Դևիդ Գրեհեմը, որ նախորդ ընտրությունների լուսաբանման համար արժանացել է քաղաքական լրագրության Թենորի մրցանակին, ասում է․

«Այսօր քաղաքական գործիչներից հարցազրույց վերցնելը լրագրողներիս համար գլխավոր խնդիրն է, քանի որ  ամերիկյան մեդիան մասնատվել է, իսկ կուսակցականը՝ ավելացել։ Եւ քանի որ նրանք (թեկնածուները) ունեն ընտրողների հետ ուղիղ խոսելու այլ ուղիներ, ավելի է դժվարանում մեկնաբանություն ստանալը։ Բայդենը մի քանի հարցազրույց է տվել, Թրամփն ընդհանրապես չի ուզում խոսել մեզ հետ, կամ նախընտրում է խոսել բարեկամ-լրագրողների հետ․․․»։

Նշվում է, որ ամերիկյան ընտրություններում օտարերկրյա, մասնավորապես ռուսական միջամտությունն արվում է ապատեղեկատվության միջոցով․ փորձ է արվում սրել հասարակության միջև եղած բևեռացումը։ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն Կոնգրեսի ուշադրությունն է հրավիրել ապատեղեկատվության սպառնալիքի վրա։

Back to top button