ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Սահմանազատումը կսկսվի Տավուշից․ կառավարությունը գույքագրում է խնդիրները

Արդեն հստակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կսկվի Տավուշի մարզից։  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հաստատում տեղեկությունը, թե սա Ադրբեջանի պահանջն է, բայց պնդում է, որ գործընթացը Տավուշից սկսելն ընդունելի տարբերակ է նաև հայկական կողմի համար: Վիճելի մասերն այնտեղ ավելի քիչ են՝ ասել է Սիմոնյանը, նաև նկատել՝ գործընթացը պետք է շարունակվի սահմանվի ողջ երկայնքով՝ Վրաստանից մինչև Իրան։ Կառավարությունն այժմ գույքագրում է Տավուշի գյուղերի խնդիրները: Թե որ փուլում է աշխատանքը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

Մոտ 10 օր առաջ Հայաստանի վարչապետը Տավուշում էր։ Սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը քննարկել էր սահմանազատումը Տավուշից սկսելու հարցը: Նոր ասելիքով հանդիպում տավուշեցիների հետ դեռ նախատեսված չէ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասում է, որ այս փուլում տարբեր գերատեսչություններ՝ վարչապետ Փաշինյանի հանձնարարականով, գյուքագրում են այն բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ սահմանազատման և տարածքների որոշակի փոփոխության արդյունքում:

«Պետք է խնդիրը գույքագրել, հասկանալ նախ՝ խնդիր կա, թե ոչ, հետո եթե խնդիր կա՝ ինչ խնդիր է, դրա լուծման ուղիները որոնք են: Հիմա մենք խնդիրներն ենք գույքագրում: Շատ խնդիր կարձանագրենք, շատ խնդիր կլուծենք, քիչ կարձանագրվի՝ քիչ կլուծենք: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ անլուծելի խնդիրներ կարձանագրվեն: Սահմանին մոտ անցնող տարածքներում տարբեր ենթակառուցվածքներ կարող են անցնել, կարող է լինել գյուղի ջրագիծ, օրինակ, կամ էլեկտրահաղոդրդման գիծ, կամ գազատար: Հիմա պետք է հասկանանք սահմանագծման և սահմանազատման գործընթացից հետո, երբ սահմանապահները կկանգնեն, որտե՞ղ են կանգնելու, յուրաքանչյուրը ինչ որ չափով հետ են գնալո՞ւ, իրար մոտ են կանգնելո՞ւ, այդ ինչ-որ չափը որքա՞ն է, կառաջանա՞ չեզոք գոտի, թե՝ ոչ: Եթե կառաջանա չեզոք գոտի դրա տարածքում կհայտնվի՞ ինչ-որ ենթակառուցվածք, թե՝ ոչ: Կա պարզ կազմակերպչական աշխատանք, որը մի շարք գործոններից է բաղկացած»:

Սահմանագծման և սահմանազատման գործնական փուլի ժամկետների առումով Սանոսյանը շատ տեղեկություններ չունի, քանի որ համապատասխան հանձնաժողովի անդամ չէ: Ինչ վերաբերում է Փաշինյանի այցից հետո քննարկումներին և որոշումներին, Սանոսյանն ասում է, որ կառավարությունում պարբերաբար քննարկումներ  են կազմակերպվում, մարզպետը և մարզպետի աշխատակազմն անընդհատ կապի մեջ են բնակչության հետ։ Ասում է՝ եթե նոր առաջարկներ լինեն, կտեղեկացնեն բնակչությանը:

Վրաստանից մինչև Իրան գործընթացը պետք է շարունակվի՝ այս դիտարկմամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատի ունի ՀՀ սահմանների ամբողջական վերականգնումը: Չի հաստատում տեղեկությունը, թե սահմանազատումը հենց Տավուշի մարզից սկսելը Ադրբեջանի պահանջն է, բայց պնդում է, որ սա ընդունելի տարբերակ է հայկական կողմի համար:

«Որովհետև մեզ համար էլ այդ մասում շատ ու շատ տեղեր պարզ են և մեծ հաշվով, այնտեղ շատ մեծ վեճ չկա: Մնացած մասերում վեճ կա: Մեր ուզածն այս պահի դրությամբ սահմանը ստանալն է, այսինքն՝ սահմանի կետը ստանալն է և այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնական է, որ Ադրբեջանի զորքերը պետք է հայելային հետ քաշվեն և դա պետք է տեղի ունենա ամբողջ սահմանի երկայնքով: Որտեղ որ Հայաստանն է առաջ, Հայաստանը պետք է հետ քաշվի: Խոսքը մի քարտեզի մասին է, որտեղ կա ստորագրություն Ադրբեջանի և Հայաստանի կողմից: Այսինքն՝ ես որ ասում եմ, որ մենք մետր առ մետր գիտենք Վրաստանից մինչև Իրան ընկած մեր սահմանը, ես խոսում եմ իրավաբանորեն լեգիտիմ հիմքեր ունեցող քարտեզի մասին»:

Ալեն Սիմոնյանը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ և որ թվականի քարտեզի մասին է խոսքը:

Պաշտոնյաներն այս սպահի դրությամբ չեն կարող հստակ ասել՝ արդյո՞ք սահմանազատման գործընթացն ամբողջովին կլուծի Տավուշի մարզի 31 գյուղերի կենսական նշանակության հողերի վերադարձը Հայաստանին կամ, օրինակ, Ջերմուկից և Հայաստանի այլ օկուպացրած տարածքներից ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն:

Գնել Սանոսյան․ «Տավուշում մենք ունենք հողեր, որոնք ըստ այդ քարտեզների, այդ պրոցեսի, ենթադրվում է, որ պետք է վերադարձվեն մեզ»:

Ալեն Սիմոնյան․ «Ես չեմ կարող նման երաշխիքների մասին խոսել, բայց կարող եմ ասել, որ մենք այդ պրոցեսը բնական է, որ պետք է հայելային տրամաբանության մեջ տանենք և ես կարծում եմ, որ մենք այս պրոցեսի շնորհիվ կունենանք սահմանի ամբողջական ուրվագիծը»:

Ադրբեջանը մինչդեռ պաշտոնապես չի ընդունել Հայաստանի պահանջները 31 գյուղերի կենսական նշանակության հողերի վերադարձի առնչությամբ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնայնը անընդունելի և անգամ սադրիչ է համարում հարցի այնպիսի ձևակերպումը, ըստ որի՝ Հայաստանը նոր պատերազմից խուսափելու համար գնում է տարածքային նոր զիջումների: Թեև չի բացառում, որ 4 գյուերը չփոխանցելու դեպքում Ադրբեջանի կողմից հարձակման հնարավորություն կա:

«Հասարակ, ամենապարզ օրինակը. արդեն երկու տարի է «միջանցքի» մասին էր խոսվում չէ՞: Բա ինչո՞ւ դրա հետ կապված զիջման չգնացինք, որովհետև ակնհայտ է՝ դա մեր իրավասության գոտում է: ՀՀ-ում որևէ գյուղ Տավուշում չկա, որ քննարկման ենթակա է որևէ մեկին հանձնելու մասին: Կոնկրետ սահմանի տեղը ՀՀ-ն գիտի բոլոր թվականների քարտեզներով՝ սովետական Հայաստանի ստեղծումից սկսած վերջացրած Հայաստանի անկախացմամբ: Տավուշի բնակիչները գիտեն, որ այս գծից այն կողմ միշտ եղել է ՀՀ և Հայաստանի բոլոր իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունները, շատ լավ իմացել են, և մենք էլ բոլորս Վրաստան գնալուց միշտ տեսել ենք այդ ճանապարհը, այդ կտորը և նույնիսկ ինչ-որ ժամանակ կագնում և ցույց էինք տալիս, որ այ այնտեղ արդեն Ադրբեջանն է: Այնպես որ, մենք որևէ նոր բանի մասին չենք խոսում: Ես հասկանում եմ, որ ընդդիմությունը հերթական ֆալստարտն է անում և փորձում է դրա վրա ինչ-որ բան գեներացնի»:

Տավուշի մարզի այժմյան սահմաններից 4 գյուղ Ադրբեջանին փոխանցելու մասին խոսակցությունները և գյուզքագրման գործնական աշխատանքները սկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած սահմանազատման հարցերով հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո: Թե երբ և որտեղ կկայանա հաջորդ հանդիպումը, իշխանության ներկայացուցիչները դեռ տեղեկություններ չունեն:

Back to top button