ԿարևորՀասարակություն

Մանկապարտեզ չունենալու դժվարությունները խանջյանցինները կրել են շուրջ 30 տարի

Արմավիր համայնքի Խանջյան գյուղում  փետրվարից սկսվել է մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը: Գյուղի երկհարկանի մանկապարտեզի գործունեությունը դադարել էր 1995թ: Դպրոցի շենքի վթարայնության պատճառով  այդ տարիներին  մանկապարտեզի շենքը հարմարեցվել էր դպրոցի պահանջներին: 2013-ից կրթօջախը տեղափոխվել էր նորակառույց շենք, իսկ մանկապարտեզի շինությունը մատնվել էր անուշադրության: Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է գյուղի մանկապարտեզի շենքը՝ 435 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի  30 տոկոսը վճարելու է համայնքը:

Չնայած տևական անձրևներին՝ Խանջյան գյուղի կենտրոնում չի դադարում շինարարական եռուզեռը: Գյուղացիները հետևում են աշխատանքի ընթացքին. վերակառուցվում է գյուղի մանկապարտեզի շենքը:

«Ամբողջ գյուղն է հետևում և ուրախանում: Նայում ենք, տեսնում, որ շինարարական ընթացքը նորմալ է ու շատ լավ: Ասում են՝ մինչև տարվա վերջ պատրաստ կլինի: Դե, հիմա շինարարություն է, կարող է եղանակները մի քիչ խանգարում են, բայց դե  գործը շատ լավ առաջ է գնում»:

Գյուղացիների անթաքույց ոգևորությունն իր պատճառներն ունի. Խանջյանի մանկապարտեզը 30 տարի չի գործել, որը լրացուցիչ հոգս էր դարձել սեզոնին հողի հետ կռիվ տվող գյուղացիների համար: Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում երեխաների խնամքի հարցը մնում էր առկախված:

«Գյուղում ամենաառաջին խնդիրը մանկապարտեզն է, որ չկա: Դա քիչ չէ, ամենադժվար բանն է, որ մանկապարտեզ չկա: Բավականին երկար ժամանակ է, որ չի գործում: Արդեն երկու տարի ես  մեր երեխաներին տանում ենք կողքի գյուղի՝ Լուկաշինի,  մանկապարտեզ»:

Խանջյան գյուղի վարչական ղեկավար Սահականուշ Արոյանի տեղեկացմամբ՝ գյուղում հաշվառված է շուրջ 80 մանկապարտեզահասակ երեխա, որից 40-ը հաճախում է Լուկաշինի մանկապարտեզ: Նախադպրոցական տարիքի երեխաների մի մասը նախնական կրթութունը ստանում է Արմավիր քաղաքի մանկապարտեզներում ու  զարգացման կենտրոններում: Գյուղից դուրս երեխաներին մանկապարտեզ տանելը նույնպես դժվարություն է ծնողների համար։

«Հիմա մենք առավոտյան աշխատանքի գնանք, թե մանկապարտեզ: Գյուղացին ժամը 5-6-ին գնում է դաշտ, մանկապարտեզն էլ ժամը 9-ին է բացվում: Ուրեմն, մենք դաշտի աշխատանքը  պիտի թողնենք, գանք տուն, որ երեխային մանկապարտեզ տանենք, իրիկունն էլ, երբ հովն ընկնում է ու պիտի աշխատենք՝ գնում երեխաներին տուն ենք բերում: Դժվարություն է»:

Լուկաշին գյուղի մանկապարտեզ է հաճախել նաև Մերին: Գյուղի կենտրոնի երկհարկանի կիսավեր շինության մասին միայն մեծերից է լսել, որ նախկին մանկապարտեզի շենքն է: Ինքն էլ է ցանկանում, որ գյուղը բարեկարգվի, գեղեցկանա, մանկապարտեզի շենքը կառուցվի ու երեխաներն իր պես ուրիշ բնակավայրի մանկապարտեզ չգնան:

«Առաջինը՝ վերանորոգել են այգին ու շրջակա ճանապարհները: Այգում տեղադրել են ցայտաղբյուր, ծառեր են տնկել, երեխաների համար կարուսելներ կառուցել: Ես Լուկաշինի մանկապարտեզ եմ գնացել, մեր հայրիկներն էին մեքենաներով մեզ տարել, բերել: Լուկաշինի մանկապարտեզում  մեր գյուղից շատ երեխաներ կային»:

Այլ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատություններ տանելու հնարավորություն չունեցող ծնողները սպասել են մինչև երեխաներին կընդունեն Խանջյանի դպրոցում գործող նախակրթարան: Սակայն համոզված են, որ նախակրթարանը նախապատրաստում է դպրոցին և չի կարող փոխարինել մանկապարտեզին.

«Միայն նախակրթարանի հարցը չի, մինչև դա, որ երեխան գնա մանկապարտեզ, երեխայի զբաղվածության հարց է լուծվում, թե չէ ամբողջ օրը տանը նստած է: Դա է հարցը, որ ամեն դեպքում երեխան կտրվեր փողոցից ու գնար մանկապարտեզ, շատ լավ կլիներ: Այնտեղ երեխան սովորում է կարգուկանոն, թե չէ տանը ինչքան էլ ուզում ես արա, ինքը դա չի սովորում:Մանկապարտեզում կսովորի այլ երեխաների հետ շփվել, շատ բան է փոխում»:

Խանջյանի մանկապարտեզի վերակառուցման խնդրի լուծումը տրվել է անցած տարի սուբվենցիոն ծրագրով, իսկ շինարարական աշխատանքները մեկնարկել են մեկ ամիս առաջ: Վերակառուցումից հետո մանկապարտեզում կգործի 3 խումբ՝ 90 երեխայի համար:

«Ամբողջ գյուղը շատ շնորհակալ է կառուցման համար: Քանի՜ տարի ես իմ թոռներին տարել եմ Հոկտեմբերյան (Արմավիր քաղաք), վեց տարի տարել-բերել եմ: Հիմա, փառք աստծո, կառուցվում է: Տանը մանկապարտեզի մի թեկնածու թոռ ունեմ, մինչև կառուցվի երեխան՝ կհաճախի, նորածին է»:

Խանջյան գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման արժեքը 435 մլն դրամ է, որի 30 տոկոսը վճարելու է խոշորացված Արմավիր  համայնքը, 70 տոկոսը՝ պետական բյուջեն: Համաֆինանսավորմամբ նախատեսված է մանկապարտեզի համար ամբողջական գույքի ձեռք բերում՝ 23 մլն դրամ ընդհանուր արժեքով:

Back to top button