Շարուկ ակներ

«Արյան պես տաք»․ գիրք՝ սիրո և հայրենյաց․ «Շարուկ ակներ»

Արմեն Ավոն հրատարակել է երկրորդ գիրքը՝ «Արյան պես տաք» վերնագրով։ Տաք՝ ինչպես երիտասարդությունը, ինչպես հայրենի օջախը, ինչպես զգացումները, որոնցով ապրում ու առաջնորդվում է։ Տաք՝ ինչպես բնազդն ու ենթագիտակցությունը, որոնք հարատև պայքարի մեջ են, բայց իրար չեն խանգարում, ճիշտ հակառակը՝ երբեմն ներդաշնակվում ու ամբողջացնում են պայքարելու, դիմադրելու ազդակները։ Արյան պես տաք հույզերից Արմեն Ավոն բանաստեղծություններ է քամում՝ քամու շնչին տալով օդապարուկների զվարճալի թրթիռները, նստվածքում թողնելով ծանր խոհերը, որպես ուղերձ ու ասելիք։

Արմեն Ավոյի ստեղծագործական տարածքում անզիջում ամրագրված են հայրենիքն ու երկիրը, և նրանց բացակայությունից իրեն պատեպատ զարկող կռունկը մոռացել է կարոտի երգը։ Ուրցի անուշ բույրից արբեցած երիտասարդ բանաստեղծն անմեռ մարտիկներին երգ է ձոնում՝ հուշերի հետքով մատուռի ճամփան բռնած։ Սրբատան կիսաբաց դռնով ներս է մտնում նա, խորանին թեքված անխուճապ աղոթում, և բանաստեղծական տողով կարոտը մեղմած, մտքերի մրրիկով տեղափոխվում օդապարուկից բարձր՝ թռչելով հեռու, փնտրելով ոչ այն է՝ հայրական տունը, ոչ այն է՝ ժամանակավոր կացարանը։

Արմեն Ավոն բառերով է տուն կառուցում, այդ տունն ապաստարան է ժամանակավոր, որտեղ տարաբախտ թափառում է հույսի վերջին պատառը՝ կամուկացի մեջ թողնելով հանուն նրա զոհվելու, հանուն նրա ապրելու անվերջանալի երկընտրանքը։

Back to top button