Շարուկ ակներ

Զրույց՝ նվիրված Մաքսիմ Հովհաննիսյանի 90-ամյակին․ «Շարուկ ակներ»

«Հայություն» թերթի խմբագրությունում Ալիս Հովհաննիսյանի ծանոթությունն իր պատմվածքներում երկու հազար տարեկան սոսի ծառի սոսափով ժամանակի ծայրածոպերն իրար ագուցած, լեռնապարերի ուսերով ձիերի վարգը երկնամերձ ափեր հանած, մեղրահաց Արցախի ու նրա բնիկ ժողովրդի մասին իրական փաստերն ու գեղարվեստական մտածողությունն ի մի բերած հեղինակի՝ Մաքսիմ Հովհաննիսյանի հետ էր։ Այդ հանդիպումը հետագայում գեղեցիկ շատ հանդիպումների առիթ պիտի դառնար։ Ապա մատը ժամանակի քունքին դրած երկու հեղինակ պիտի կիսեին իրենց գեղագիտական ու հրապարակախոսական գաղափարները, կյանքի հանդեպ խոկումներն ու ազգային երազանքները։

Ալիս Հովհաննիսյանն Արցախ այցելելիս անպայմանորեն պիտի հյուրընկալվեր Մաքսիմ Հովհաննիսյանի տանը, ընտանեկան ջերմ միջավայրում պիտի քննարկեին գրական ու մշակութային, երկուսի հետաքրքրությունների շրջանակում իրենց տեղն ամրագրած ազգային, հանրային, պետական ու քաղաքական հարցեր։ Եվ ամեն անգամ իրար պիտի ներկայանային սեփական գործերի նոր հրապարակումներով կամ ձև ու բովանդակություն ստացող նոր նյութերով։

Արձակագիր, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության արձակի բաժնի վարիչ Ալիս Հովհաննիսյանն ասում է, որ մեր մեծ գրողները մարգարեանալու հատկություն ունեն, և Մաքսիմ Հովհաննիսյանն այս առումով բացառություն չէր։ Միաժամանակ ընդգծում է, որ, իր կարծիքով, արցախյան գրականության նահապետի և հայ գրականության հանճարներից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի լեզվի, ոճի, գաղափարների նմանություններն աղերսվում են։

Back to top button