Ազդ անցյալից

Պաղպաղակից մինչև մանկական սնունդ․ «Ազդ անցյալից»

Շոկոլադի, կոնֆետների և այլ անուշությունների խելակորույս բումը շարունակվում էր նաև հայկական մամուլում: Արտադրողներ, հրուշակագործ-արտադրողներ, խանութներ, որտեղ միաժամանակ կարելի էր մի տաք շոկոլադ ըմպել կամ սառը պաղպաղակ լպստել:

Հրուշակագործները փոխում էին ոչ միայն մարդկանց  քիմքի համի, այլև սկսում էին թելադրել  հանդիսությունների  կազմակերպման նոր  ուղղություն, թրենդ, ինչպես կասեն հիմա:

 Յակոբ Տիլիմէթինեան եւ ընկ.

Վաճառատանս մէջ  կ՛ծախուին հարսնիքի համար ամէն տեսակ շաքարեղէններ և ըմպելիներ, ինչպէս նաև երեկոյթներու և անուան տօնախմբութեան օրերու համար տեսակ տեսակ շաքարներ և ըմպելիներ: Անուշեղէններու  յատուկ գործարան մ՛ալ  ունենալով վաճառատունս  յանձնարարուած անուշներն և զանազան շաքարեղէնները մեծ ուշադրութեամբ կ՛պատրաստուին: 

Համաձայն հին զրույցների, առաջին անգամ պաղպաղակի նախատիպը՝ սառեցված ալյուրով  կաթը, պատրաստել են չինացիները, Մարկո Պոլոն էլ  այն բերել  է Իտալիա, Եկատերինա  Մեդիչին պաղպաղակը ծանոթացրել է ֆրանսիացիներին, իսկ  Թոմաս Ջեֆերսոնն էլ  ջանք չի խնայել այն Ամերիկայում հանրահռչակելու համար: Վերջինս  անգամ  իր բաղադրատոմսն ուներ.  2. Շիշ ընտիր սերուցք, 6 հավկիթի դեղնուց, կես բաժակ շաքար, վանիլին և պատրաստման նրբությունները:

 Պզտիկ այսքրիմ քօնը կը ծախենք  40 սէնթ մէկ պօքսը,- տասը պօքսէն աւելի  գնողին՝  35 սէնթ պօքսը:

Ծանուցում է Բոսթոնի «Ազգ»-ը 1907 թվականի համարներից մեկում:Սերուցքային պաղպաղակներից զատ, շատ մեծ պահանջարկ ունեին նաև մրգային սորբեթները:Ֆրեզնոյի հայկական «Սիսուան» թերթը   գովազդել է The Lark շաքարեղենի և պաղպաղակի տան արտադրանքը:

 The Lark, դհը Լարք, առաջնակարգ  որակ ներկայացնող շաքարեղէններու և թարմ պտուղներէ շինուած սընտէյ  պաղպաղակի և ընպելիքներու տունը: 1212 Ճէյ փողոց, սինէմային դիմացը:

 1860-ականների կեսերին շվեյցարացի դեղագործ  Հենրի Նեսթլեն ստանում է մանկական   կաթնային խառնուրդի դարակազմիկ բաղադրությունը: 1866-ին հիմնված Շվեյցարաագլիական ընկերությունը թողարկում է խտացրած կաթ երեխաների համար: Հայկական, հատկապես Պոլսի, հայկական մամուlում  Նեսթլե ընկերության մանկական սննդի գովազդներն անպակաս են: «Ճակատամարտ» թերթը առաջամարտիկներից է: նկ.անուշ 25

 Ինչո՞ւ համար հասարակութիւնը կը նախընտրէ մէկ քաշ թարմ կաթին տեղ գնել տուփ մը Նէսթլէ կաթը: Որովհետեւ  մէկ  քաշ թարմ կաթը  յաճախ խարդախուած, 40 դահեկան կ՛արժէ, մինչդե 35 դահեկանով կ՛ունենայ տուփ մը Նէսթլէի կաթ, որմէ կ՛ստանայ մէկ քաշ իսկական կաթ,անաղարտ իր սերով եւ ասկէ զատ կըպարունակէ նաեւ շաքար: Նկ.անուշ  11

Մինչ մանկական կաթնային կամ ոչ կաթնային սնունդի շուկայում հայտնվելը,  շատ փոքրիկներին կերակրում էին կենդանիների  կաթով, նույնիսկ առանց եռացնելու:  Գդալով բոլորովին հարմար չէր դա անել, իսկ բաժակով էլ փոքրիկները դեռ չէին կարողանում  խմել: Գյուտի կարիք կար: Եվ 1841 թ. Մասաչուսեթցի Չարլզ   Ուինդշիլը հորինեց ապակե շշով մի հարմարանք՝ այսօրվա մակական շշերի նախնին:    

Ոմանք կը վարանին վճարելու մէկ տուփ  Ֆարին լաքթին Նէսլէի,  արժէքը թէեւ շատ աժան: Ինչո՞ւ ուշանալ  քանի որ ձեր զավակին առողջութիւնը եւ լաւ կազմաւորութիւնը կախում ունին թերևս այս սնունդէն՝ որու լաւ արդիւնքներու  մասին ձեր բժիշկը եւ ձեր բարեկամները կը վկայեն: Բոլոր նպարավաճառներուն քով պիտի գտնէք տուփը 50 դահեկանի փոխարէն:

«Աւետիս. Պատիւ ունինք տեղեկացնելու մեր յաճախորդներուն թէ՝ շատ  թարմ  Նէսթլէ շաքարոտ կաթը ժամանած է: 30 դահեկանի ծախու հանուած կաթի  տուփերը կը կրեն սեւ պիտակ «Nid d’oiseau»:  

Ուշադրութեամբ կարդալ Նէսթլէ ընկերութեան հետաքրքիր ազդը.

Նէսթլէ ընկերութիւնը պատիւ ունի ծանուցանել իր արտադրութեանց բազմաթիւ սպառողներու, թէ իր ծախուած բոլոր ապրանքներու գիները իջեցուցած է – կաթ, չոքօլա, գառամէլներ. 48 տուփ կաթ պարունակող սնտուկը, ներկայիս կը ծախուի 13 օսմանեան ոսկիի, հետեւաբար հանրութիւնը դիւրաւ կրնայ  ծախու առնել մէկ տուփ մը կաթը առ առաւելն 20 ղրուշի բոլոր նպարավաճառներու քովէն: Նէսթլէ ընկերութիւնը  յարգոյ հասարակութեան ուշադրութիւնը կը հրաւիրէ,Նէսթլէ անունով ծախու հանուած ուրիշ մառքաներու  վրա: Ապահով ըլլալու համար թէ Նէսթլէ է առածնիդ, յիշեցէք որ Նէսթլէ  ընկերութան բոլար ապրանքներուն վրայ կայ գործարանին մառքան  Le Nid: Զգուշացէք միշտ Նէսթլէի ինքնակոչ արտադրութիւններէն որոնք Բոյնի մառքան չեն կրեր:

Նեսթլէ ընկերությունը վաճառքի առումով միշտ նորարար քայլերի է դիմել: Օրինակ՝ կազմակերպելով «Նէսթլէ կաթի պիտակներու» մրցում՝ խոստանալով հազար  ոսկի պարգեւ:

Հազար ոսկի պարգեւ, մեծ մրցում «Նէսթլէ կաթ»-ի.

Նէսթլէ ընկերութիւնը պատիւ ունի հաղորդելու իր բազմաթիւ յաճախորդներուն թէ յառաջկա ապրիլ 1 էն սկսեալ պիտի ձեռնարկէ վերստին «Նէսթլէ կաթի պիտակներու» իր  մրցոմին: Ով որ երկոտասնեակ մը պիտակ ներկայացնէ Ընկերութեան գրասենեակները Ղալաթիա, Մոմհանէ փողոց, իրեն պիտի տրուի թուագրեալ  գուբոն մը որ պիտի մասանկցի վիճակահանութեան և որուն պարգեւնրեը պիտի տրուին ժողովրդեան հետեւեալ պայմաններոն».Նէսթլէ ընկերութիւնը իր միցանակին արժէքը կը հատուցանէ ապրանքով՝ կաթ, Շօքոլա կամ Ալիւր: Սակայն և այնպէս եթէ շահողը չուզէ ապրանք ստանալ իբր մրցանակ, անոր համարժէք գումար մը պիտի  վճարուի իրեն:….Ասկէ զատ 50 օսմ. Ոսկի մրցանակ  պիտի տրուի անոր որ ամէնէն շատ պիտակ պիտի բերէ:

     Բայց Նեսթլէն շուկայում մրցակիցներ ուներ:

Իտալական կաթով ալիւր. Բոլոր առողջապահական ցուցահանդէսներու մէջ մեծամեծ վարձատրութեանց արժանացող  այս մանկական  դիւրամարս ուտեստն գործածաող  բոլոր ծնողք իրենց տղոց առողջութենէն կատարելապէս գոհ մնացած են, ինչպէս որ փորձով հաստատուած է շատոնց ի վեր: Տղայք ախորժակով կուտեն զայն և կը մարսեն առանց ամենափոքր դժուարութեան: Տկար տղոց աւելի աղեկ է տալ farine lacte’e phosphor- ferrugineuse, որ կը պարունակէ միանգամայն  երկաթ ու փոսփոր: Կ. Պոլսոյ միակ ներկայացուցչութիւն Վիքթօր Շնուր:  

Պոլսի «Կաւռօշ»-ը   սննդային հավելումների, դեղ-կոնֆետների գովազդի գեղարվեստական ոճ է ընտրել:  

 Լաքթին, աշխարհիս վրայ միակ բիւրկաթիքը. անուշահամ պօնպօններ

 -Բարե՛ւ Թորոս, ի՞նչ ունիս:

-Աման, վա՛յ, վա՛յ, ո՛ւֆ, փորիկ..

-Ըսէ ճանըմ աղբարիկ:

-Փորըս ամա՛ն,

Երկու օր եղաւ, մարի՛կ… չելլար կոր:

-Ի՛նչ կեցեր ես յուսահատ:

Չառնե՞ս Լաքթին  քանի մ՛հատ:

Փնտռել բոլոր դեղարանները և մթերանոցները:  

Heudebert ընկերության պատմությունը սկսվեց 1850, երբ ֆրանսիական Նանտում ամուսնացան հրուշակագործ Լոֆեռը և օրիորդ Ութիլը.

-Ա՛խ, ի՛նչ թոմպուլիկ զաւակ ունիք, շիտակը կը նախանձիմ  կոր…

-Նախանձելու ոչինչ կայ, եթէ դուք ալ զաւակնիդ Heudebert-ով սնուցանէք.Կը գտնուի բոլոր դեղարանները:

Մայրեր, ամէնքդ ալ կը փափագիք կայտառ, առողջ տեսնել Ձեր պէպէքը՝ ուրեմն՝ farine lacte’e Heudebert,- կարդում ենք «Հայկական սինեմա»-ում:

Պէպէքներու միակ սնունդը. Առողջ և կայտառ պէպէքները միմիայն farine lacte’e Heudebert   կ՛ուտեն: Կը գտնուի դեղարանները:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ  հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button