Մոռացված ֆիլմերի ստվերները

«Նռան գույնը»․ ոչնչացման դատապարտված և փրկված ֆիլմը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 70-ականների սկզբին «Հայֆիլմ» կինոստուդիայում փակ կուսակցական ժողովի ընթացքում ընթերցվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ոչնչացման հրամանը։ Նման հանձնարարականը, մեղմ ասած, անակնկալի է բերում ներկաներին։

Մենք սովորաբար չենք նկատում ինչպես է մեր ապրած ժամանակը դառնում պատմություն։ Այդպես պատմություն դարձավ 60-70-ականների կինոն, իսկ այդ պատմության հեղինակները մարդիկ են, որոնցից մեկն էլ հանճարեղ և ցավոք, կյանքի օրոք չհասկացված կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն է, որի 100-ամյա հոբելյանը լրացավ օրերս։

Սերգեյ Փարաջանով

Հայ միջնադարի վերջին տաղերգու Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» ֆիլմը Փարաջանովը նկարահանեց «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Ֆիլմ, որը համաշխարհային ճանաչում բերեց հայկական կինոյին։ Բայց քչերին է հայտնի, որ աշխարհի էկրաններին ներկայացվող «Նռան գույնը» կինոյի պատասխանատուների որոշմամբ դատապարտվել էր ոչնչացման։ Այդ որոշումը, բարեբախտաբար, իրականություն չի դարձել «Հայֆիլմի» արտադրական բաժնի այն ժամանակվա պետի տեղակալ Հայկանուշ Ներսիսյանի շնորհիվ։ Հենց այդ պատմության կծիկն էլ նրա օգնությամբ կփորձենք բացել մեր հաղորդման ընթացքում։

Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետն ավարտելուց հետո, Սերգեյ Փարաջանովն աշխատանքի է ընդունվում Կիևի՝ Դովժենկոյի անվան կինոստուդիայում, որտեղ էլ նկարահանում է մի քանի գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր։ Փարաջանովին համաշխարհային ճանաչում է բերում «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարը, որը էկրան է բարձրացել1964 թվականին և ցնցել է ողջ կինոաշխարհը։ Այս ֆիլմի հաջողությունից երկու տարի անց Փարաջանովը «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատելու հրավեր է ստանում։ «Հայֆիլմ»-ում Փարաջանովի հայտնվելուց հետո փոխվում է ստուդիայի սովորական առօրյան։

Հայկանուշ Ներսիսյան

«Փարաջանովը ձգողական մեծ ուժ ունեցող արվեստագետ էր, որի շուրջը անդադար հավաքվում էին նրա երազներին ու հեքիաթներին հաղորդակցվել ցանկացողները», -ասում է Հայկանուշ Ներսիսյանը։

Անկանխատեսելի բնավորությամբ հայտնի Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումները սկսեց 1966-ին և ավարտեց 1968 թվականին։ Նկարահանման ընթացքում իր նպատակին հասնելու համար նա շատ պահանջկոտ էր և հաճախ էլ վիրավորում էր նկարահանման խմբի անդամներին՝ չխնայելով նույնիսկ իր ամենավստահելի գործընկերներին։

Փարաջանովի վիրավորական արտահայտություններից անմասն չի մնացել նաև կինոկոմիտեի նախագահը։ Այդպիսի միջադեպերից Փարաջանովի և ղեկավարության հարաբերությունները շիկացան այն աստիճան, որ նախքան ֆիլմի՝ էկրան բարձրանալը, կինոկոմիտեի նախագահի որոշմամբ ֆիլմը ներկայացվեց մտավորականության հասարակական քննարկման։ Չնայած ժամանակի առաջադեմ մտավորականների քննարկման արդյունքում «Նռան գույնը» դրական կարծիքներ հավաքեց, այնուամենայնիվ, որոշվեց, որ երեք ժամ տևողությամբ նախնական տարբերակը պետք է կրճատվի։

«Այդ ցուցադրությանը ներկա էին արվեստի, գրականության ոլորտի մարդիկ, և երբ ցուցադրվեց երեք ժամ տևողությամբ նախնական տարբերակը, դիտումին հաջորդած քննարկման ժամանակ հնչեցին և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ: Քննարկման ընթացքում որոշվում է, որ նախնական տարբերակը պետք է կրճատվի»,- շարունակում է Հայկանուշ Ներսիսյանը։

1968 թվականին՝ Մոսկվա կինոթատրոնում, տեղի ուենեցավ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան։ Այլ մոտեցմամբ, սիմվոլների լեզվով և խորը փիլիսոփայությամբ նկարահանված նոր ֆիլմի ելքը միջազգային էկրան արգելվեց։

«Ժողովրդին նման կինո հարկավոր չէ»,— միահամուռ պնդում էին պետկինոյի աշխատակիցները։ Ֆիլմի շուրջ տեղի ունեցող քննարկումներից, վիճաբանություններից հետո մոսկովյան պետկինոյի չինովնիկները կինոռեժիսոր Սերգեյ Յուտկևիչին հանձնարարում են վերամոնտաժել կինոնկարը։

Ըստ պաշտոնական վարկածի՝ «Նռան գույնը» ֆիլմը Յուտկևիչի վերամոնտաժումից հետո միջազգային էկրան բարձրանալու թույլտվություն ստացավ։ Սա ըստ պաշտոնական վարկածի, բայց գոյություն ունի մեկ այլ՝ ոչ պաշտոնական վարկած, որի համաձայն «Նռան գույնը» ֆիլմը պետք է ոչնչացվեր։ Այդ պատմության մասին խորհրդային տարիներին հասկանալի պատճառներով լռում էին, սակայն այսօր արդեն առանց կաշկանդվելու Հայկանուշ Ներսիսյանը պատմում է այն, ինչ տարիներ շարունակ արգելված էր հանրայնացնել։

«Պետկինոյից հրաման եկավ, որ «Նռան գույնը» ֆիլմը պետք է ոչնչացվի։ Ոչնչացման գործընթացն էլ հանձնարարվեց ինձ։ Այդ հանձնարարականը ստանալուց հետո ես որոշեցի, որ չեմ կարող նման բան անել։ Այդ քայլին չգնալու երկու դրդապատճառ ունեի առաջինը՝ Փարաջանովի հանդեպ ունեցած իմ ակնածանքը, երկրոդը եղբորս՝ Դավիթ Ներսիսյանի ֆիլմում մարմնավորած կերպարներն ու նկրահանումներից հետո մոնտաժային գործընթացի ժամանակ ներդրած ջանքերն էին»,-հուզմունքով հիշում է Հայկանուշ Ներսիսյանը։

Դավիթ Ներսիսյան օպերատոր, լուսանկարիչ, գունահամադրող։ 1965-80 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ «Նռան գույնը» ֆիլմում հանդես է եկել տարբեր դերակատարումներով։ Նկարահանումներից հետո ժապավենները Կիև հասցնելու և երևակելու պատասխանատու աշխատանքը Փարաջանովը վստահում է Դավիթ Ներսիսյանին։

«Ես խնդրում ու աղաչում էի «Հայֆիլմի» այն աշխատակիցներին, որոնք ի պաշտոնե կարող էին կանխել այդ անարդար որոշման իրագործումը։ Նրանք վախեցած ասում էին, որ հրամանը չկատարելու այլընտրանքը դատական պրոցեսի մեջ ներքաշվելն է։ Ես որոշեցի գնալ «Հայֆիլմի» գլխավոր ինժիների մոտ, որը նույնպես մեծ ակնածանք ուներ Փարաջանովի նկատմամբ։

-Ռոբերտ Միգրանիչ ես չեմ այրելու ֆիլմը և ձեր օգնության կարիքը ունեմ։ Դուք պիտի օգնեք ինձ  որոշակի քանակի արծաթ հանձնելու գործընթացում»,- ասում է Հայկանուշ Ներսիսյանը և ավելացնում, որ խորհրդային տարիներին ֆիլմերի այրումից հետո ժապավեններում գոյություն ունեցող արծաթը «Հայֆիլմի» աշխատակիցները մշտապես հանձնում էինք վերադասին։

Ռոբերտ Միգրանիչն առաջարկեց այրել հնդկական կրկնօրինակված ֆիլմի ժապավենը, հավաքել նախատեսված արծաթի քանակը և այդ խորամանկ քայլի արդյունքում էլ պահպանել «Նռան գույնը» ֆիլմի ժապավենները։

Սայաթ-Նովային նվիրված այս ֆիլմը համաշխարհային կինոյում նոր խոսք էր։ Ցավոք, ֆիլմի՝ էկրան բարձրանալու ճանապարհը լի էր բազմաթիվ խոչընդոտներով։ Բայց վարձույթ դուրս գալուց հետո էլ այն երկար չապրեց էկրաններին։

«Նռան գույնը» ֆիլմի նկարահանումներից հետո Փարաջանովը գրեթե 15 տարի վտարվեց կինոարտադրությունից։ Կյանքի վերջում Սերգեյ Փարաջանովը «Վրացֆիլմում» նկարահանեց ևս երկու՝ «Սուրամի ամրոցի լեգենդը» և «Աշուղ Ղարիբ» ֆիլմերը։ Հետո նա եկավ Հայաստան և «Հայֆիլմ» կինոստուդիայում սկսեց ինքնակենսագրական ֆիլմի նկարահանումները։ Սակայն դրանք ընդհատվեցին նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով։

«Սերգեյ Փարաջանովը «Հայֆիլմում» իրեն հարմարավետ և երջանիկ էր զգում, որովհետև նրա համար չկային ստեղծագործական չիրականացվող ցանկություններ։ Անգամ, եթե «Հայֆիլմի» տնօրենը զբաղված էր և շատ-շատ արվեստագետներ ստիպված օրերով սպասում էին նրա ընդունելիությանը, Փարաջանովի համար բաց էին ոչ միայն տնօրենի, այլև «Հայֆիլմի» ցանկացած արտադրական բաժնի դռները։ Որովհետև նա երևույթ էր ոչ միայն հայկական, այլև համաշխարհային կինոյում»,- ասում է Հայկանուշ Ներսիսյանը։

Կինոյում նոր ձևի ու գեղագիտության հիմնադիր Սերգեյ Փարաջանովը արվեստագետ էր, որից սովորում էին շատերը։ Նա այլախոհ էր, որի նկատմամբ բռնության և ճնշումների պակաս չէր զգացվում։ Բայց այդ ամենի հետ Փարաջանովն ապրեց, արարեց և եկող սերունդներին ժառանգեց միայն իրեն բնորոշ ռեժիսորական ոճում նկարահանված ֆիլմեր, որոնց ցուցադրությունն ու հանրահռչակումն այս հոբելյանական տարվա շրջանակներում մեր գնահատանքի ու երախտագիտության տուրքն է մեծ վարպետի տաղանդին ու ստեղծագործական մեծ, անկրկնելի ժառանգությանը։

Back to top button