Երաժշտական եռանկյունի

Գևորգ Հակոբյան. սիրո և թախիծի արիաներ. «Երաժշտական եռանկյունի»

Օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանի հետ մեր զրույցի առիթը նրա նոր ձայնասկավառակի 2023-ի տերեվերջյան շնորհանդեսն էր։

Օպերային հանրաճանաչ արիաների ընտրանին հարստացրեց ոչ միայն հայրենական դասական երգարվեստի ձայնադարանը, այլ նաև համաշխարհային մակարդակով ներկայացրեց մեր դասական վոկալ կատարողական արվեստի ամբողջ փայլը։

Գևորգ Հակոբյանը ծնվել է 1981 թվականին Մեծամորում։ 1999-2004 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանում։ 2003 թվականից Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ է (բարիտոն)։

Առաջին անգան օպերային դերերգով հանդես է եկել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում՝ կատարել է Մոսիի դերերգը (2004 թվական)։ Հայ օպերային արվեստի պատմության մեջ դրամատիկ բարիտոնի երեք առանցքային դերերգերի ամենաերիտասարդ կատարողն է՝ Մոսի 23 տարեկանում, Դավիթ Բեկ 25 տարեկանում և Արշակ Բ 26 տարեկանում։ Երևանի օպերային թատրոնեում նա երգում է նաև Ալեկոյի, Էսկամիլոյի, Ամոնասրոյի և Բարոն Սկարպիայի դերերգերը։

2008 թվականից հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային բեմերում, ինչպիսիք են՝ Հռոմի օպերային թատրոն, Հռոմի Կարակալա Ֆեստիվալ, Թեաթրո Լիրիկո թատրոն, Պալերմոյի Մասիմո, Բոլոնիայի Կոմունալե, Վալենսիայի Լես Արտս, Պետերբուրգի Մարիինյան, Մոսկվայի Մեծ Թատրոն և այլն։

Համագործակցել է աշխարհահռչակ դիրիժորներ Լորին Մաազելի, Վալերի Գերգիևի, Միխայիլ Յուրովսկու, Ալեքսանդր Վեդերնիկովի, Տուգան Սոխիևի, Ռոբերտո Աբադոյի, Նիկոլա Լուիզոտիի, Վալերիո Գալիի, ինչպես նաև երգիչներ Պլասիդո Դոմինգոյի, Մարիա Գուլեգինայի, Լիաննա Հարությունյանի, ռեժիսորներ Ջանկարլո դել Մոնակոյի, Էյմունտաս Նեկրոշիուսի և շատ ուրիշների հետ։

2017 թվականին կայացավ Հակոբյանի առաջնախաղը Մոսկվայի Մեծ Թատրոնում՝ որպես Գրիգորի Գրյազնոյ, Ռիմսկի-Կորսակովի «Ցարի հարսնացուն» օպերայում։ 2018թ.-ին հանդես եկավ Չայկովսկու «Պիկովայա Դամա» օպերայի պրեմիերայում՝ Գրաֆ Տոմսկու դերերգեվ (դիրիժոր՝ Տուգան Սոխիև, ռեժիսոր՝ Ռիմաս Տումինաս)։ Իր առաջնախաղից հետո Հակոբյանը հաճախակի հրավիրվում է Մեծ Թատրոն նշված օպերաներում հանդես գալու համար։

2014 թվականից հանդես է գալիս նաև Գերմանիայում, Քիլի օպերային թատրոնում երգել է Շարպլես՝ Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայում, Կարլո Ջերարդ՝ Ջորդանոյի «Անդրեա Շենյե» օպերայում, Նաբուկո՝ Վերդիի համանուն օպերայում և Բարոն Սկարպիա՝ Պուչինիի «Տոսկա» օպերայում։ 2017 և 2019 թթ.-ին Շտուտգարտի Շտատսօպերայում հանդես է եկել որպես Գրաֆ Տոմսկի Չայկովսկու «Պիկովայա Դամա» օպերայում՝ երգելով 12 ներկայացում և որպես Սկարպիա։

Երգել է Հոնկ Կոնգի Մեծ թատրոնում, Թուրինի օպերային թատրոնի կազմում ներկայացնելով Պաոլո Ալբիանի, Ջ.Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում (դիրիժոր՝ Ռոբերտո Աբադո, 2016 թ., փետրվար)։

Հակոբյանը հանդես է եկել հետևյալ թատրոններում՝ Բոլոնիայի Տեատրո Կոմունալե (Բարոն Սկարպիա, դիրիժոր՝ Վալերիո Գալլի, ռեժիսոր՝ Դանիելե Աբադո), Հռոմի օպերային թատրոն (Սկարպիա, Տոնիո, Ալֆիո), Հռոմի Կարակալա Ֆեստիվալ (Նաբուկո), Շտուտգարտ Շտատսօպեր (Բարոն Սկարպիա, Գրաֆ Տոմսկի), Վալենսիաայի Սոֆիա Թագուհու արվեստների պալատ. (Բարոն Սկարպիա, Տոսկա՝ Լիաննա Հարությունյան, դիրիժոր՝ Նիկոլա Լուիզոտի, ռեժիսոր՝ Դավիթ Լիվերմուր), Պալերմոյի Մասիմո թատրոն (Ալֆիո, Սանտուցա՝ Սոնիա Գանասսի, դիրիժոր՝ Ֆաբրիցիո Մարիա Կարմինատի)։

Աշխարհի տարբեր բեմերում աշխատել է այնպիսի մեծանուն ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Ջանկարլո դել Մոնակոն, Էյմունտաս Նեկրոշիուսը, Մարիո Կորրադին, Իռկին Գաբիտովը, Վիլլի Լանդին և ուրիշներ։

Հակոբյանի ձայնը այսօր աշխարհում հազվադեպ հանդիպող դրամատիկ բարիտոն է, նա համարվում է վերդիական բարիտոն և իտալական օպերաների կատարման մեջ առանձնանում է հատկապես իր իտալական առոգանությամբ և երաժշտական մեկնաբանության իտալական ֆրազեջոյով։ Ռուսական օպերաների դրամատիկ բարիտոնի համար գրված կերպարների կերպման և մեկնաբանման մեջ նա նույնպես առաջատար է։ Այդ մասին են վկայում իտալական և ռուսական թատրոնների նրա բազմաթիվ հրավերները, երաժշտական քննադատների և հանդիսատեսի հիացական արձագանքները։

2010 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ամբիոնում դասավանդում է դասական վոկալ։ 2015 թվականի մայիսին ստացել է դոցենտի կոչում։

Back to top button