Կյանքին ասել այո՛

Զոհվածների ցանկում կարդացի անունս ու հավատացի, որ զոհվել եմ․ Հարութ Գևորգյան․ «Կյանքին ասել այո՛»

Հարութ Գևորգյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 6-ին Գորիսում։ 2013-ին ընդունվել է Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարան՝ մասնագիտանալով կապի միջոցների շահագործման ոլորտում։ 2017 թվականին իր մասնագիտությամբ ծառայության է անցել Արցախի հանրապետության Ջրականի շրջանի զորամասում։

Հենց այս զորամասում էլ Հարութը դիմավորեց 2020-ի սեպտեմբերի 27-ը։ «44-օրյա պատերազմն ինձ համար մի քանի ժամ տևեց, քանի որ հենց առաջին օրը վիրավորվեցի թևի ու մեջքի հատվածներում։ Երևան տեղափոխվելուց հետո, երբ հիվանդասենյակում աչքերս բացեցի, սկսեցի հետաքրքրվել ՝ ի՞նչ է կատարվում։ Անընդհատ կարդում էի նորությունները։ Զոհվածների ցանկում կարդացի նաև իմ անունը ու հավատացի, որ զոհվել եմ։ Մահը շատ իրատեսական էր, չէի հավատում, որ ողջ եմ մնացել»,-պատմում է Հարութը։

2020-ի սեպտեմբերի 27-ը Հարութի համար վերջին օրն էր ոչ միայն պատերազմի դաշտում, այլև բանակային կյանքում։ Պատերազմից հետո տևական ժամական ապաքինման փուլում էր, հետո մասնակցեց ծրագրավորման դասընթացների, այժմ այդ ոլորտում աշխատում է։ Նկարահանումն ավարտելուց ու տեսախցիկն անջատելուց հետո Հարութը մի տեսակ ազատ շունչ քաշեց ու ավելի անկաշկանդ սկսեց պատմել․ «Ինձ «զոհված» ճանաչելուց հետո գումարտակի անձնակազմը մի քանի օր փնտրել է դիակս։ Ստացվում է այնպես, որ զորամասի հրամանատարի տեղակալը ևս վիրավորվում է, և նրան բերում են նույն հիվանդասենյակ, որտեղ ես էի։ Զրուցում ենք ու միանգամից զանգահարում եմ գումարտակի հրամանատարին։ Ջայնս լսելով արձագանքում է՝ դու ո՞ղջ ես, Քալաշյանը մեռավ քեզ փնտրելով»։

Բարեբախտաբար զոհերի ցանկում ծնողները որդու անունը չէին կարդացել, երբ կարդացին, Հարութն արդեն կապի էր դուրս եկել։ Ի դեպ, մեր հերոսը հրաշքով փրկվել է նաև 2023-ի ապրիլին տեղի ունեցած սարսափելի ավտովթարից։ Ինչպես ասում է՝ բժիշկները այս անգամ էլ այն աշխարհից հետ բերեցին։

Back to top button