ՀարցուԳԻՏԱփորձ

Վրեժը սա՞ռն են մատուցում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Վրեժը մի չափ ունի, որ մեզ ինչ-որ բաներ հաղթահարելու մոտիվացիա է տալիս, բայց մի դոզա կա, որից ավելն արդեն ինքնաոչնչացնող, ապակառուցողական է»։

Երբ մանրակրկիտ դիտավորությամբ տակնուվրա են արվում մարդկանց հույզերը, մարդիկ սկսում են պարպել չլուծված վրեժի պոռթկումը ձեռքի տակ ընկած բոլոր մեթոդներով․

«Ես մեկ-մեկ ուսուցիչների եմ հանդիպում, որոնք, օրինակ, Վարդանանքի դասն այնպես են անցկացնում, կարծես փղերը հենց նոր Արաքս գետն անցան»։ 

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։
Այսօր պարզելու ենք՝ վրեժը սա՞ռն են մատուցում։

***

Վիրավորանքը հեշտ չեն մոռանում։ Դա անելն ավելի բարդ է, երբ վիրավորվելու պահին վիրավորողից ու վիրավորվածից բացի այլ ականատես էլ է լինում։ Խնդրի մասշտաբները հատում են թույլատրելիի սահմանը, երբ սա տեղի է ունենում ոչ թե անհատական, այլ խմբային մակարդակում․ պետությունը՝ պետությանը՝ աշխարհի աչքի առաջ։ Եվ եթե ցավը չի հասցնում ամբողջովին մթագնել միտքը, դա անում է վրեժը։

Սա զգացողությունների դասական հերթափոխն է։ Սակայն ժողովուրդների ներկա պահի հույզերն ուսումնասիրող հոգեբանները, անցյալի հույզերն ուսումնասիրած պատմաբանները կարծում են՝ վրեժը սառը, այն էլ՝ փոքր չափաբաժնով մատուցվող ուտեստ է։

Ի՞նչ անել մասշտաբային վիրավորանքի հետ, վրեժը տալիս է գործելու մոտիվացիա՞, թե՞ խլում սթափ դատելու ունակությունը, ունի՞ արդյոք այն կիրառման առողջ չափաբաժին․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Ճապոնիայի վրա ատոմային ռումբ գցեցին․ ի՞նչ եք կարծում, հարակիրիի մշակույթ ունեցող ժողովուրդը, պատվո կոդեքս ունեցող ժողովուրդը, որը զարմանում էր՝ ինչպես են մոնղոլները 10 հոգով մի սամուրայի վրա հարձակվում, այդ ժողովուրդը չէ՞ր կարող 2-րդ համաշխարհայինից մինչև այսօր իր ամբողջ գործունեությունը կառուցեր ավազե ամրոցների, վրեժների, պաթոսների վրա, կարող էր։ Բայց տեսնելով, որ Սախալինը իրենը չի, որ Կուրինյան կղզիները իրենը չի (դա էլ իր հայրենիքն է) առավոտից երեկո գնացել, աշխատել է։ Ի՞նչ Ճապոնիա ունենք այսօր»։

Պատմաբան Զոհրապ Գևորգյանին վրեժի զգացումը խորթ չի։ Այն խիստ մարդկային, բնական է եղել բոլոր ժամանակներում, քանի որ միշտ են եղել հաղթողներն ու պարտվողները, և այդ դերերը փոխելու ցանկությունը։ Եվ թեև տվյալ պահին հեշտ է կորել վրեժից աչքերի առաջ առաջացող մթության մեջ, պատմական հեռավորությունից գույներն ավելի նոսր են․

«Պատկերացնենք՝ աշխարհի ամենահայատյաց մարդը հիմա նստել, նայում է երկու լուր։ Մի դեպքում մի հայ ստանում է Օսկար՝ ամենևին ոչ ցեղասպանության մասին ֆիլմի համար, մյուս դեպքում տեսում է՝ մի քանի հոգի աշխատանքային ժամին Երևանի կենտրոնում հայհոյում են, օրինակ, Թուրքիային։ Հիմա էդ ամենահայատյացը ո՞ր դեպքում ավելի դիսկոմֆորտ կզգա։ Ես էս օրինակը շատ եմ բերում, բայց իրականում իր մեջ մի տեսակ մանկամտություն էլ կա էլի»։

Վրեժը բորբոքողը հաճախ հենց թշնամին է՝ ասում է Գևորգյանը։ Եթե այդ զգացումը կարող է փոփոխության հիմք և խթան դառնալ, ապա ինչու՞ պետք է թշնամին շահագրգռված լինի դա անել։ Պատմաբանի կարծիքով՝ վրեժն ավելի շատ մթագնող, քան մոտիվացնող գործառույթ ունի․

«Նրանք ի՞նչ են անում․ միանգամից ամեն ինչ մի օրում չեն անում, շատ սիմվոլիկ են անում, հերթով են անում, դրոշից հետո զինանշան են հանում, զինանշանից հետ դրոշ են հանում, մի փողոցի անուն են փոխում, մի արձան են հանում, խաչքար են հանում․ էս ամբողջը նրանք անում են հերթով, որ հնարավորնս ավելի մանիպուլացնեն»։

Այս ծայրահեղության ճիշտ հակառակ կողմում մյուսն է՝ անտարբերությունը։ Ընդ որում՝ ոչ պակաս վտանգավոր։ Ուրեմն ինչպե՞ս վրեժը դարձնել զենք, որը ինքնասպանության համար չի ծառայի։ Լուծումը տեղավորվում է խիստ չարչրկված մի բանաձևում՝ զարգացում ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ` հանուն ինչ-որ բանի․

«Վրեժը մարդկային շատ նորմալ զգացողություն է, բայց վրեժը չդարձնենք այն հենման կետը, որով մենք ինչ-որ նպատակներ պետք է ունենանք։ Եւ այդ նպատակների մեջ խմբագրում չենք անում։ Ես չեմ ասում, որ չեմ ուզում ինչ-որ մի օր Ամարասը էլի լինի հայկական, դա կյանքիս ամենամեծ երազանքներից է»։

Բայց սկզբում՝ փոխել մարդուն, որը կարող է այդ երազանքն իրականացնել։

«Մենք ազգովի գիտենք՝ ինչ է նշանակում Ձեր բարձրացրած հարցը։ Որովհետև երբեմն անցյալից մեզ հետ ներկա ենք բերում այնպիսի ապրումներ, զգացումներ, հուզեր, որոնք արդիական չեն, բայց շարունակում են մեզ տանջել, տառապեցնել։ Եվ ընդհանրապես շատ հետաքրքիր է մարդու բնությունը․ շատ բաներ պատահում են մեր ծնվելուց առաջ, բայց մեր կյանքում դառնում են շատ ավելի կարևոր, քան այն ամենը, ինչ պատահում է մեր ծնվելուց հետո։ Մեր ժողովրդի պարագայում կան այդպիսի շատ պատմական հանգամանքներ»։

Բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ վրեժի մասին զրույցը սկսվեց ցեղասպանությունից։ Այդ տրավմատիկ փորձառության բեռը մեր հոգեկան աշխարհի ոչ այնքան սարթ ուսերին է։ Իհարկե՝ ավելի թարմ վրեժխնդրության առիթ էլ ունենք։ Բայց նախկինում եղածի հետ մեր վարվեցողությունը խոսուն ցուցիչ է․

«Եթե մենք Արևմտյան Հայաստան ենք երազում, ահա մենք ունեինք Արցախի հսկայական տարածքներ, ինչու՞ չբնակեցրինք և չզինեցինք բավականաչափ, որ ի վիճակի լինեինք մեզ պաշտպանել։ Մենք հոգեբանության մեջ այդպես տերմին ունենք, ասում ենք՝ վեհացնող ինքնախաբեություն։ Չեմ ուզում այդ ֆենոմենի մեջ գտնվենք։ Ունեինք հնարավորություն, համարենք, որ Արցախը մի կտոր Արևմտայն Հայաստան էր, ինչո՞ւ չկարողացանք էդ մի կտորը պահել»։

Եթե նախորդ՝ ծանրակշիռ հիմքով առաջացող վրեժը անպտուղ էր, ուրեմն այժմ ևս պետք է մտածել՝ ինչպես ուղղորդել և ինչ գործողությունների մեջ դնել այն՝ արդյունք ստանալու համար։ Հոգեբանի խոսքով՝ միայն վրեժով ապրելը վերացնում է ապրելու ավելի լավ հնարավորություն ստեղծելու կարողությունը։ Բայց այսօր առկա բացասական հուզերը հնարավոր է և պետք է արդյունավետ օգտագործել․

«Մենք մի ազգ ենք, որ միավորվում է միայն տրավայի շուրջ, միակ օրը, որ բոլորս միավորված ենք, ցեղասպանության հիշատակի օրն է, միակ օրը, որ ընտանիքները կոնֆլիկտից հետո հանդիպում են, երբ ընտանիքներից մեկում դժբախտ դեպք է պատահում, մոռանում են, որ իրենք կոնֆլիկտ են ունեցել, հավաքվում են, գնում են թաղման արարողությանը մասնակցելու։ Մենք տրավմայի շուրջը հավաքվող ազգ ենք, և էսօրվա տրավման, որ ազգովի ապրեցինք՝ կորցրինք Արցախը, ես մտածում եմ, որ լավ հնարավորություն է»։

Հայաստան եկած ռեսուրսն օգտագործել զարգացման համար, զարգացած լինելով՝ լուծել այն վիրավորանքի հարցերը, որին վիրավորողից ու վիրավորվողից բացի այլ մարդիկ էլ են ականատես եղել։

«Վրեժն ունի մի բացասական առանձնահատկություն․ այն կարող  է շղթայական ձևով անընդհատ մի կողմից մյուսին անցնել։ Որևէ բանի մեջ մաքսիմալիզմը վտանգավոր է հոգեբանական տեսանկյունից։ Բայց կորուստները, տրավմաները ունեն նաև մի յուրահատկություն, որ կարող են տանել մեզ դեպի հետտրավմատիկ սթրեսային խանգարում, կարող ենք գնալ խանգարման, ազգով իրար, կոպիտ ասած, միս կրծել, որովհետեւ չես կարող թշնամուն հակահարված տալ, այդ նեգատիվ վրեժխնդրությունը կարող ես թոթափել քո ընտանիքի, շրջապատի, կոլեգաների ներսում, բոլոր բացասական հույզերը կարող ես այնտեղ շպրտել, որտեղ քիչ վտանգավոր է»։

Սթրեսի հետ վարվելու մյուս տարբերակը հետտրավմատիկ աճի ճանապարհն ընտրելն է։ Ասում է՝ աճի հնարավորություն կա։ Այս թեզը դասագրքային, տեսական մակարդակից գործնական կյանք են բերել Գերմանիան, Ճապոնիան, որոնք հետպատերազմյան խորը ճգնաժամը հաղթահարելով կարողացել են գտնել վերելքի ճանապարհը։ Մասնագետները ասում են՝ սա է վրեժը․ սառը, հավասարակշռված։

Այս ճանապարհին մեկ այլ կարևոր քայլ հոգեբանը ևս առանձնացնում է․ ուրացնող վրեժից բացի չտրվել մեղքի կործանիչ զգացողությանը․

«Մեր հոգեկանի մասսայական անգիտակցության մեջ կա մի այդպիսի զգացում, որը չգիտակցված մեղավորությունն է, և այդ մեղավորությունն է, որ ուղղորդում է մեզ դեպի այն ամենը, ինչը միշտ չէ, որ կոնստրուկտիվ է։ Ես չեմ ասում, որ մենք պետք է մոռանանք ամեն ինչ։ Բայց մի բան պարզ է՝ վրեժի, մեղքի, բոլոր տեսակի անցանկալի հուզական այն զգացումները, որոնք շարունակում ենք պահպանել մեր մեջ, առաջին հերթին մեզ են վնասում»։

Ցավը վարվեցողության կանոններ է թելադրում։ Հաճախ՝ ոչ ի նպաստ մեզ։ Ստացվում է՝ մարդը պետք է կրկնապատկի ջանքերը մի կողմից այդ ցավն ընդունելու, դրան առերեսվելու, մյուս կողմից՝ դրա բերած կողմնակի բացասական հուշումներին չտրվելու համար։

Back to top button