Ազդ անցյալից

Հաճույք և բալասան միաժամանակ. «Ազդ անցյալից»

  • Փափկաճաշակ անձերու համար…
  • Կզօրացնէ, կը բժշկէ…
  • Մարսողութիւնդ գեշ է՝ խմէ աս  …

Բաբելոն, Եգիպտոս, Պարսկաստան, Հայաստան, Մեքսիկա՝ ալկոհոլային խմիչքների առաջին արտադրողները դեռևս մեր թվարկությունից հազարամյակներ առաջ: 

19-րդ դարի հայկական մամուլում ոգելից խմիչքների բազմաթիվ գովազդներ կան: Բայց հիմնականում դրանք բնութագրվում են ոչ միայն իբրև հաճույքի աղբյուր, այլ,  նախևառաջ, իբրև բալասան տարբեր անհանգստությունների և հիվանդությունների համար: Եվ այսպես 1898 թվական, Կոստանդնուպոլիս, «Բյուզանդիոն»: 

«Թէ հաճոյք եւ թէ բժշկութիւն. Որչափ մարդիկ կան, որ ուրիշներուն մեծ ախորժակով ուտելը տեսնելով ախ կ՛քաշեն, և քանիներ, որ թեեւ սեղան կ՛ընստեն, բայց իրենց ստամոքսէն վախնալով պատառ մը բան չկերած՝ տխուր տրտում  ետ կը քաշուին: Թշուառներն ինչպես համարձակին ախորժակով ուտելու երբ սեղանէն մեկնելէ վերջ ստամոքսնին կ՛թթուին, կ՛այրին, կ՛զգայռեն (կենիրմէք) և կերածնին չ՛կրնալով մարսել, անտանելի նեղութիւններ կ՛կրեն: Այս անձինք եթէ ամէն ճաշէ առաջ  Տէժարտէնի աշխարհահռչակ գարեջուրէն1-2  գաւաթ խմեն, թէ շատ կ՛ախորժին և թէ ստամոքսի ամէն հիւանդութիւններէ կ՛փրկուին, ախորժակնին կ՛բացուի, և կերածնին շուտով կ՛մարսեն, ստամոքսնին չի թթուիր , քուներնին կ՛կանոնաւորուի և արտաքոյ կարգի ոյժ կ՛ստանան: Փափկաճաշակ անձանց և ստամոքսի ցաւ ունեցողներուն կ՛յանձնարարուի որ փոխանակ ստորին գարեջուրներով ստամոքսնին խանգարելու, Տէժարտէնի գարեջուրէն գործածեն, որ ստամոքսնին առողջ պիտի պահէ: Այս «Էքոթրէ տը Մալթ ֆրանսէ Տէժարտէն» անուամբ կ՛ծախուի ամէն դեղարաններու, դեղավաճառանոցներու և մեծ նպարավաճառանոցներու մէջ: Տէժարտէն անունը չկրող շիշերը կեղծ են»:

Անկեղծ ասած այս գարեջրի մասին տեղեկություն չգտա ֆրանսիական կամ բելգիական գարեջրերի կատալոգներում: Հավանաբար հայերն տարադարձության մեջ սխալ  կա: Բայց կա Քսենոֆոնի վկայությունը հայկական գարեջրի մասին առ այն, որ Ալեքսանդր Մակեդոնացին,  Հնդկական արշավանքներից հետո այս կողմերով անցնելիս, սիրտը հովացրել է տեղական ախորժալի գարեջրով, որի մեջ «գարու հատիկներ էին լողում»։ Շատ հետո Քսենոֆոնի, այսպես ասած, ցուցմունքի հիման վրա Կարմիր Բլուրի տարածքում պեղումներ են սկսվում։ Հայտնաբերվում են կավե սափորներ սևացած գարու սերմերով և այլ ապացույցներ հայկական գարեջրի հնագույն պատմության մասին: Իսկ 19-րդ դարի վերջին` 1892-ին, Երևանում Հրազդան գետի ափին հիմնվում է Հայաստանի առաջին գարեջրի գործարանը՝ Ավետյանցի «Զանգան»: Այստեղ արտադրվում էր համբավավոր «Բոկ» գարեջուրը։

Իսկապե՞ս խմիչքը, հատկապես գարեջուրը կարող է նաև բուժիչ հատկություն ունենալ: Լսենք գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանին:

Գարեջուրը  դիտարկվում է որպես ալկոհոլ, որն ունի լրջագույն կողմնակի էֆեկտներ: Երբ բժշկին հարցնում եք ալկոհոլի մասին նա հիշում է բորոր այն հիվանդներին, բոլոր այն հիվանդությունները,  որոնք առաջացել են  ալկոհոլի չարաշահման հետևանքով:   

Բուժական ազդեցությունը լուրջ բան է: Կա հիվանդություն, դեղը տալիս ես ու չկա էդ հիվանդությունը: Գարեջուրը նման ազդեցություն չունի: Գոյություն չունի մի հիվանդություն, որ դուք կտաք գարեջուր և այդ հիվանդությունը կդադարի գոյություն ունենալ:

Հայտնի է, որ հնում վանքերում նույնպես արտադրվել են խմիչքներ, այդ թվում գարեջուր:      Իմիջիայլոց գարեջուրը երկնային հովանավոր էլ ունի՝ սուրբ Արնոլդը: Ճիշտ է, Բելգիայում: Բայց անցնենք առաջ՝ Պոլիս «Բյուզանդիոն» 1898թվական:

 

«Նուրրի գինի «Իօտ»-ով  և «թանէն»-ով պատրաստուած է. արիւնը կ՛մաքրէ և կազմուածքը կ՛զօրացնէ: Կ՛բժշկէ անկարողութիւնն, անարիունութիւնը, տժգունութիւնը, խոյլը, թոքի հիվանդութիւններն ու հիւծախտի սկզբնաւորութիւնը: Խիստ քաղցրահամ է եւ եթէ ձկան իւղի տեղ գործածուի անկէ կրկնապատիկ աւելի ազդեցութիւն առաջ կ՛բերէ: Կ՛ծախուի Թուրքիոյ ամէն դեղրաներուն մէջ»:

19-րդ դարի թերթերը շարունակում են գովերգել խմիչքների դարմանիչ հատկությունները՝ հղում անելով բժիշկների վկայություններին: Պոլիս,«Հայրենիք», 1893թ.

 «Զուտ օղի Պրուսայի մէջ խաղողէ եւ ելակէ պատրաստուած, ինչպէս նաև Մաստիքա, Անճէլիքա և ուրիշ օղիներ: Սոյն օղիները, որոնց անխարդախութիւնը երաշխաւորեալ է ականաւոր բժշկաց մասնաւորաբար Տօքթոր Իւթիւճեան էֆենդիի կողմէ, ախորժակը բանալու, ստամոքսը շտկելու նման կարգ մը յատկութիւններէ զատ սա մեծ առաւելութիւնն ալ  ունին, որ գիշերը ամենեւին ջուր չեն խմցներ: Գոց շիշերով կը ծախուին ի ստորեւ նշանակեալ տեղերը: Շիշը 5 ղրուշի բացի ելակի օղիէն»:

Ինչո՞ւ էին երկու դար առաջ խմիչքները վաճառվում հատկապես  դեղատներում: Լսենք գաստրոնէնտերոլոգ Հայկ Մանասյանին:

19-րդ դարի կեսերին դեղատները պատրաստում էին տարբեր թմրանյութեր պարունակող լուծույթներ, ըմպելիքներ, որոնք ներկայացվում էին որպես առողջարար կամ օգտակար: Ամենաճչուն օրինակը կոկայինի օգտագործումն էր կոկա կոլայի պատրաստման մեջ, որն ի սկզբանե թմրամիջոց դեղ էր դեղատներում պատրաստվող: 

Ալկոհոլը թմրամիջոց է, առաջացնում է հաճույք և առաջացնում է կախյալություն:

Ալկոհոլը բերում է նրան, որ առաջին հերթին ենթաստամոքսային գեղձը, լյարդ, և ոչ միայն այս օրգանները ախտահարվում են, նաև առաջացնում է սննդային խանգարումներ, հանգեցնում է վիտամինների պակասի, լուրջ կողմնակի ազդեցություններ ունի: Բայցևայնպես կենցաղում չափավոր օգտագործելով , հետաքրքիր է, լիցքաթափում է, քիչ թմրեցնում է:

Այդ գինին շատ դուրեկան համ ունի, 25 տարի շարունակ գործ է ածվում՝ հետևեալ դիպվածներում. ԱԽՈՐԺԱԿԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹԵԱՆ, ՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ՑԱՒԵՐԻ և առհասարակ ԱՆԿԱՆՕՆ ՄԱՐՍՈՂՈՒԹԵԱՆ ժամանակ:

Պէպսին «Բուդօ» ճանաչված է Փարիզի բժշկական Ակադեմիայից և արժանացաւ առաջին մեդալների ՓԱՐԻԶԻ աշխարահանդիսում 1867 թ., ՎԻԷՆՆԱՅԻ 1873 թ. ՖԻԼԱԴԷԼՖԻԱՅԻ 1876 թ. և ՓԱՐԻԶԻ 1878 թ.: Paris: Hottot—Boudault, 7, Avenue Victoria

«Ստամոքսային ցաւեր. Պէպսինեան գինի «Բուդօ»․

Գլխաւոր պահեստը ԹԻՖԼԻՍՈՒՄ՝ Բարձրագոյն հաստատված  կովկասեան ընկերութեան դեղատան ապրանքների վաճառման, Դէպօ Շահ-Պարոնեանցի, Գրիվնակի և այլ դեղատներում»: 

Նորմանդիայում, Ֆեքանի աբբայություն սուրբ Բենեդիկտի վանքում 1510 թ. վանահայր Դոն Բերնարդո Վինչելլին ստեղծում է 40% թնդության Բենեդիկտին լիկյորը: Համտեսից հետո լիկյորի ստեղծիչը զմայլված բացականչում է ՝ Deo Optimo Maximo՝ «Հզորագույն և կատարյալ Աստծուն» և շշերի պիտակներին դաջում  DOM տառերը: Եվ ահա 3 դար անց Պոլսո «Հայրենիք» թերթում հայտնվում է այս խմիչի գովազդը:

         «Պէնէտիքթին Ֆէքանի Աբբայարանին ( Ֆրանսա)

Համով, զօրացուցիչ, մարսողական: Բոլոր ըմպելիքներու լաւագոյնը. Յանձնարարեալ ամենէն ականաւոր բժիշկներէն: Շիշերու վրայ գտնուելու է Ընդհանուր տնօրենին ստորագրութիւնը»: Դեռ  կանդրադառնանք  գովազդված խմիչքներին:  

Շնորհակալություն  աշխարհի ամեն անկյունում  Հայ տպարաններ և  մամուլ  հիմնած երախտավորներին  նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի  հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button