Երևանի ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների ծրագրերում որքանո՞վ են տեղ գտել բնապահպանական խնդիրները։ Ի՞նչպես են կուսակցությունները տեսնում դրանց լուծումները։ Այս թողարկմանն անդրադարձել ենք կուսակցությունների ծրագրերի բնապահպանական կետերին։
ԿԸՀ-ի պաշտոնական կայքում մի շարք կուսակցություններ, որոնք առաջադրել են թեկնածու՝ Երևանի ավագանու ընտրություններին, ներկայացրել են ծրագիր։ Կուսակցություններից առաջինը «Հանրային ձայնն» է։
Ծրագրում , մասնավորապես, նշված է․ Էկո համակարգի վերականգնում, համատարած ծառատունկ, Բուսաբանական այգու հիմնովին վերանորոգում և վերականգնում, ժամանակակից և կենսաբազմազանությամբ հագեցած միջավայրի ապահովում։ Արդյունքում՝ ժամանակակից ու ինքնատիպ բուսաբանական այգի, հանրային վայրերում ժամանակակից բիո զուգարանների տեղադրում, շենքերի բակերի և հարակից տարածքների կանաչապատում՝ գազոնային հատվածի ավելացում, շինարարական փոշու դեմ պայքար, Երևան քաղաքի կանաչ գոտու ավելացում, Կասկադի վերին հատվածի աշխատանքների ավարտ։
Մեկ այլ կետով կա անդրադարձ նաև աղբահանության խնդիրներին։ Կուսակցությունն առաջարկում է նաև Նուբարաշենում աղբի վերամշակման գործարանի ստեղծում։ Խստագույն տուգանք հասարակական վայրերում աղբի նետման, ինչպես նաև ոչ թույլատրելի վայրերում աղբի կուտակման համար։ Աղբամանների տեղակայման կետերի վերանայում և աղբահանության գործընթացի հաճախականության ավելացում։
Հաջորդ կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն առաջարկում է Կանաչ տարածքների բարելավման և ընդլայնման, մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման և հողերի էրոզիայի կանխման նպատակով առաջիկա երկարաժամկետ ծրագրերով որդեգրելու ենք գիտականորեն հիմնավորված հետևյալ քաղաքականությունը։
Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչները, որոնց համաձայն՝ մեկ անձին ընկնող կանաչ տարածքների նվազագույն մակերեսը 9 քմ է, կուսակցությունը նպատակ ունի առաջիկա 5 տարիների ընթացքում Երևանի կանաչ տարածքներն ավելացնել՝ հասնելով և անցնելով նվազագույն շեմը։ Այսպիսով՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Դալմայի այգիներում առկա 200 հա-ից ավելի տարածքում հիմնելու են նոր քաղաքային այգի՝ բացառելով որևէ կառուցապատում այդ տարածքում, Նորքի նախկին այգիներում առկա շուրջ 10 հա տարածքում տնկելու են անտառ՝ ստեղծելով բուֆերային գոտի և մասնակիորեն վերականգնելով այդ տարածքի կանաչապատ հատվածը, վերականգնելու են «Փարոսի» անտառտնկարկը՝ որպես ամբողջական էկոհամակարգ, Հրազդան գետի վրա տեղադրելու են ևս երկու աղբաորսիչ սարք, որոնց նախագծումն ընթացքի մեջ է, կառուցապատումների պարագայում շինթույլտվությունների պարտադիր պայման են սահմանելու կանաչ տարածքների և խաղահրապարակի առկայությունը՝ սահմանված նորմերին համապատասխան։ Կա անդրադարձ նաև օդի աղտոտվածությանն ու կլիմայի փոփոխությանը։
Նախընտրական քարոզարշավին մասնակից «Արդար Հայաստան» կուսակցությունն էլ պատրաստվում է Երևանը դարձնել «այգի-քաղաք»։ Կուսակցությունը վարելու է Երևանը «այգի-քաղաք» վերածելու քաղաքականություն՝ ներդնելով որակապես նոր բնապահպանական հայեցակարգ:
Դալմայի այգիներից մնացած 238 հա կվերածեն խոշոր այգի-անտառի, որտեղ կլինեն լողավազան-լճակներ՝ քաղաքացիների ամառային հանգստի ապահովման համար։ Հինգ տարվա ընթացքում մայրաքաղաքում և նրա շուրջը կտնկեն 1 միլիոն ծառ։ Թե որտե՞ղ և ինչպե՞ս են տնկվելու մեկ մլն ծառերը, մանրամասներ չկան նշված։ Հիմնադրելու են քաղաքային անտառ՝ հնարավորինս այն համապատասխանեցնելով բնական անտառի պայմաններին, որում կտեղադրվեն հայկական բոլոր թագավորությունների արքաների արձանները։ Կընդլայնեն բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները։ Քաղաքի բոլոր վարչական շրջաններում կստեղծեն խոշոր հանգստի գոտիներ։ Մեկ այլ հետաքրքիր կետ, որին հանդիպեցինք թռչունների կենդանաբանական այգու կառուցումն է։
Կկառուցեն բնապահպանական ստանդարտներին համապատասխանող նոր աղբավայր՝ նպաստելով Երևանի աղբահանության, սորտավորման և վերամշակման խնդիրների լուծմանը՝ դարձնելով աղբը շահութաբեր, ինչպես զարգացած երկրներում է:
Իսկ ահա «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացրած ծրագրում բնապահպանական հատվածը բավականին սեղմ է։ Կուսակցությունը խոստանում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի արմատական փոփոխություններ: Ինչպես նաև աղբահանության հարցի վերջնական կարգավորում և աղբի վերամշակման գործարանի կառուցում: Մեկ այլ կետով էլ առաջարկվում է քաղաքի լայնամասշտաբ կանաչապատում։
Հաջորդն՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն է։ Տեսնենք, թե ինչ բնապահպանական փոփոխություններ է պատրաստվում իրականացնել՝ երևանցիների վստահությունը նվաճելուց հետո։ Կուսակցությունն առաջարկում է «կանաչ Երևան» ծրագիրը, որը ենթադրում է՝ վարչական շրջաններում հանրային այգիների հիմնանորոգում և վերակառուցում, անտառապատ և այգեպատ հատվածների վերականգնում և նոր նպատակային այգիների հիմնում՝ Դալմա, Նորք, Մալաթիա-Սեբաստիա։ Կուսակցությունը խոստանում է Երևանին վերադարձնել քաղաքի թոքերը՝ աստիճանաբար և հաստատուն քայլերով, քանի որ օդի աղտոտվածության պատճառներից մեկը հենց փոշին է, որի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը խիտ կանաչապատումն է։ Երևանում պետք է վերականգնվեն 90-ականներին հատված անտառները՝ ապահովելով թարմ և մաքուր օդ ողջ քաղաքի համար։ Ապրելու երկիրը ևս պատրաստվում է խորհրդանշական այգի հիմնել՝ Արքաների պատմական պուրակ։ Երևանը պետք է ունենա այգի, որը խորհրդանշում է մեր պետականությունն ու դրա պատմությունը, պետք է նվիրված լինի պատմության ընթացքում մեր պետականության խորհրդանիշերին՝ արքաներին և թագավորներին։ Իսկ թե ինչպիսի արտաքին տեսք և ձևավորում կունենա պուրակը, որոշելու են Երևանցիները։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրում շրջակա միջավայրին առնչվող կետերը քիչ են։ Աղբահանության մասով խոստանում են արմատապես փոխել աղբահանության համակարգը՝ ներդնելով տարանջատված աղբի հավաքման սկզբունքը։ Աղբահանության ժամանակացույցի փոփոխությունը պետք է հաշվի առնի քաղաքային երթևեկության առանձնահատկությունները։ Անհրաժեշտ է ներդնել աղբի վերամշակման ժամանակակից համակարգ։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքում կարծում են, որ պետք է վերջ դնել Երևանը «բետոնի անտառի» վերածելու քաղաքականությանը՝ առաջնային դիտարկելով կանաչ քաղաքային տնտեսվարման սկզբունքները, որը ներառում է նաև էներգախնայողական ու բնապահպանական մոտեցումների ներառումը ռազմավարության մեջ, կանաչ գոտիների ընդլայնումը՝ շեշտադրելով նաև բակային տարածքների բարեկարգումն ու կանապատումն այդ հաշվարկներով ևս։
Այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը, հաջորդիվ կներկայացնենք մասնակից մյուս կուսակցությունների ծրագրերի բնապահպանական հատվածները։