ԿարևորՀասարակություն

Լսելն այլևս երազանք չէ․ ժամանակակից սարքեր՝ լսողության խանգարումներ ունեցողների համար

Արդեն 6 տարի է՝ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և ամերիկահայ բարերարներ Արմեն և Հայկուհի Կավուկչյանների համագործակցությամբ իրականացվում է «Հայաստան. լսողության աջակցություն» նախաձեռնությունը։ Այդ ծրագրով լսողական սարքեր են տրամադրվում լսողության խանգարումներ ունեցող այն մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով չեն ընդգրկվել աջակցության այլ ծրագրերում: Հնգօրյա ծրագրի շրջանակներում տարեցներին կտրամադրվեն հիմնականում միջին դասի, իսկ ավելի երիտասարդներին՝ բարձրակարգ թվային լսողական սարքեր։

Ճարտարցի 22–ամյա Աստղիկի մոտ լսողական խնդիրներն ախտորոշվել են դեռ նորածնային հասակից։ Արցախում լսողական խնդիրներով երեխաների համար դպրոց չլինելու պատճառով նա տեղափոխվել է Երևան ու այստեղ սկսել ուսումը։ Անցած դժվարին ուղին ու առողջության համար պայքարն էլ որոշել են հետագա մասնագիտությունը։ Ապագա սուդոմանկավարժ է, տիրապետում է ժեստերի լեզվին։ Հիմա էլ լսողությունից նեղվելու դեպքում բերանի շարժումներով է հասկանում խոսքը։

«Երկրորդ դասարանից մինչև 6–րդ դասարան չէի կարողանում նախադասություն կազմել։  2–րդ դասարանից սկսել եմ նախադասություններ կազմել, սակայն բառապաշարս աղքատ էր։ Հիմա էլ եմ ունենում դժվարություններ մարդկանց հետ՝ լսելու հետ կապված, շրթունքներն եմ ընդհանրապես կարդում, ոչ թե լսում, որովհետև լսողական սարքս այնքան էլ լավը չէ, բայց ուշադրություն չեմ դարձնում, որ այդ խնդիրն ավելի չխորանա»։

Լավ լսողություն ունենալն այժմ Աստղիկի համար երազանք չէ։ Այսօրվանից ձայների բոլոր ելևէջները պարզ լսելի են նրան։ Հայ և ավստրիացի մասնագետները Արաբկիր ԲԿ–ում փորձարկում են Աստղիկի լսողական նոր սարքը։

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և ամերիկահայ բարերարներ Արմեն և Հայկուհի Կավուկչյանների համագործակցության արդյունքում արդեն 6 տարի է՝ իրականացվում է «Հայաստան․ լսողության աջակցություն» նախաձեռնությունը։ Աստղիկի նման շուրջ 6000 անձ այս ծրագրով լսողական սարք է ստացել։ Դրանք տրամադրվում այն մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով չեն ընդգրկվել պետական աջակցության ծրագրերում, ասում է Արաբկիր ԲԿ–ի տնօրեն Արա Բաբլոյանը․

«Մենք հիմնականում փորձում ենք այնտեղ օգտակար լինել, որտեղ որ համապատասխան ծառայությունները չեն կարողացել լիարժեք իրականացնել իրենց առաքելությունները։ Հիմնադրամը լսողության խնդիրներ ունեցող մեր ամերիկացի բարեկամների հետ, հայ համայնքի ներկայացուցիչների հետ դրել է այս ծրագիրը, որ այն հատվածը բնակչության, որը չունի արտոնություններ օգտվելու պետական պատվերից, նույնպես կարողանա ունենալ լսողական սարքերն ու դրանց պարագաները»։

2021թ-ից նախաձեռնությունը շարունակվել է՝ առանձին ուշադրության կենտրոնում ունենալով 44-օրյա պատերազմի մասնակիցներին, որոնք լսողության խնդիրներ են ձեռք բերել  ռազմական գործողությունների ժամանակ, ասում է ծրագրի համակարգող Լուսինե Բաբայանը․

«2021 թվականից սկսվեց տրամադրվել շատ բարձրորակ թվային լսողական սարքեր, նորագույն տեխնոլոգիաներով և 240 անձ, հիմնականում զինվորականներ ստացան այդպիսի լսողական սարքեր»։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասում է, որ իրենց գերատեսչությունը նույնպես ունի աջակցող միջոցների տրամադրման ծրագիր լսողական խնդիրներ ունեցող անձանց համար, սակայն կա շահառուների հստակ խումբ, իսկ այս ծրագիրը ծածկում է դրանցից դուրս մնացածների կարիքները։ Այս պահի դրությամբ նախարարությունն ավելի քան 540 աջակցող միջոց է տրամադրել․

«Այն նվիրյալ մարդկանց ջանքերը, որ տարիներ ի վեր ներդրվել են, և ի դեմս Արա Բաբլոյանի, գալիս են փոխլրացնելու այն բոլոր ծրագրերը, որոնք որ հիմա կան։ Ես հաջողություն եմ մաղթում այս կարևոր նախաձեռնությանը։ Եվ շատ կարևոր է, որ սա միայն բարեգործություն չէ, այլ նաև գիտելիքի ու արժեքի ստեղծում է։ Սա ստեղծում է նոր ենթակառուցվածքներ, նոր գիտելիքներ և հնարավորություն կտա մեր մասնագետներին էլ ավելի զարգացնելու ոլորտը»։

Նախաձեռնությանը մասնակցում են բազմաթիվ կամավորներ Լոս-Անջելեսից ու Հայաստանից: Ծրագիրը բացառիկ է նրանով, որ ապահովում է նաև հետխնամքի ծառայություն՝ սարքերի անսարքությունների շտկում, մարտկոցների տրամադրում, այցելուների շարունակական վերահսկողություն։

Back to top button