Սփյուռքի ձայնը

«Հրայր Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը խրախուսում է ազգային արժեքների տարածումը․ «Սփյուռքի ձայնը»

Հայրենադարձների ինտեգրման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար Երևանի կենտրոնում՝ Հանրապետության 37 հասցեում, վերջերս Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո և «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ բացվեց Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը:

Բացի այդ, «Հրայր Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը խրախուսում է ազգային արժեքների ներկայացումն ու տարածումը, ինչպես նաև համաշխարհային տարբեր հարթակներում դրանց մասին խոսելն ու ներկայացնելը։ Այդ նպատակով հիմնադրամը հատկացնում է դրամաշնորհներ, որոնցից կարող են օգտվել թե՛ հայաստանցի, թե՛ սփյուռքահայ անհատները իրենց հետաքրքիր ու ինքնատիպ գաղափարներով:

«Կենտրոնը, որի հիմնման գործընթացին իր աջակցությունն է ունեցել նաև մեր հիմնադրամը, արդեն ունի հագեցած աշխատակազմ։  Այն շաբաթվա աշխատաքնային բոլոր օրերին պատրաստ է ընդունել սփյուռքահայերին, որոնք, կարծում եմ, գալով Հայաստան կամ այստեղ ապրելով բախվում է մի շարք հարցերի՝ կապված փաստաթղթերի, կեցության, աշխատանքի, մաքսային ծառայությունների, կրթության հետ և այլն։ Կենտրոնի գործունեության առանձնահատկություններից է նաև այն, որ սփյուռքահայերը, որտեղ էլ որ լինեն, օնլայն հարթակի միջոցով կարող են տեղեկանալ, հղել իրեն հուզող հարցերը և պատասխաններ ստանալ»,- ասում է Կորյուն Խաչատրյանը։

Մեղմել սփյուռքհայերի հայրենադարձման գործընթացը, սա է կենտրոնի հիմնական նպատակը, ասում է Կորյուն Խաչատրյանը։

«Մեկ պատուհանի գործընթացը կօգնի սփյուռքահայերին իրենց բոլոր հարցերն ուղղել մեկ տեղ, պատասխանները ստանալ նույն վայրից։ Եվս մեկ առավելության մասին նշեմ․ հաճախ սփյուռահայերը Հայաստանում այս կամ այն հարցը լուծելու ճանապարհին դժվարություններ են ունենում՝ հայաստանյան լեզվական առանձնահատկություններին չտիրապետելու պատճառով։ Հայրենադրաձության և ինտեգրման կենտրոնում այս հարցը նույնպես լուծված է արևելահայերեն, շուտով նաև արևմտահայերեն, իսկ օտարախոս մեր հայենակիցների հետ իրենց հարմար լեզուներով կիրականացվեն հանդիպումները»,- նշում է։ 

Հիմնադրամի տնօրենը նաև ավելացնում է, որ այս հասցեում, կողք կողքի են կենտրոնն ու «Վերադարձ Հայաստան» հիմնադրամն, որը նույնպես հովանավորվում է «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի կողմից։ Այն իրականացնում է աշխատանքի տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի լուծման գործընթաց։

«Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը սփյուռքի հետ աշխատանքի համար բազմաթիվ ծրագրեր է մշակում։ «Հայք Արմենիա» քայլարշավային ծրագիրը, ասում է Կորյուն Խաչատրյանը  հիմնադարամի իրականացրած մեծ ծրագրերից է։ «Հայք Արմենիա» քայլարշավային  արահետների կազմակերպությունն ունի փոքր թիմ, սակայն մեծ նշանակություն։ 2023 թվականի մայիսին հուշագիր ենք ստորագրել ՀՀ տուրիզմի կոմիտեի հետ՝ պաշտոնապես ստեղծելու համար Հայաստանի ազգային արահետը, որն ընդգրկում է 954 կմ տարածք։ Այս ծրագիրը նույնպես հնարավորություն է տալիս սփյուռքահայերին Հայաստանը հայտնաբերել, ճանաչել մեր երկիրը»,-ասում է Կորյուն Խաչատրյանը։

Հիմնադրամի հաջորդ նախաձեռնությունը, որը նույնպես Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ է իրականացվում՝ «Ի գործ» ծրագրի մասնակիցներին հովանավորելն է։ Նրանց, որոնց աշխատանքի կարիքը ունեն տվյալ գերատեսչությունները։

«Մենք  հնարավորություն ենք  տալիս փորձառու սփյուռքահայերին ամբողջ տարին աշխատել գերատեսչություններում՝ լավ պայմաններով։ Այս տարի 11 հոգու ենք ընտրել երկրորդ տարին աշխատելու համար>, ավելացնում է։ Այս ծրագրի կարևոր ուղություններից մեկը՝ մարզային աշխատանքներին սփյուռքահայերի ինտեգրումն է, ինչը դեռ արդյունավետ ու լիարժեք չի իրականացվում։

«Այս տարիների ընթացքում միայն մեկ մասնագետ է ցանկություն հայտնել աշխատել մարզային գերատեսչությունում, սակայն կիսատ է  թողել աշխատանքը։ Այս բացը լրացնելու համար նախատեսում են այցեր ունանալ մարզեր, նաև <Դեպի Հայք> կազմակերպության շնորհիվ, որը նույնպես մեր հովանավորությամբ է գործում, երիտասարդներին ուղղորդել  մարզեր՝ մարզային  կյանքի ու աշխատանքների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար։ Կարծում եմ՝ կստացվի»։

Ի դեպ, «Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը նաև դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում։ Աջակցում թե սփյուռքահայ, թե հայաստանցի անհատներին, որոնք հետաքրքիր մտահղացումներ, երկիրը ներկայացնելու լուրջ և կարևոր ծրագրեր ունեն։ Դրամաշնորհի տրամադրումը ժամկետներ չունի, տարիքային սահմանափակում ՝ ևս։

Back to top button