Ժամանակի վկան

Մշակույթը պահպանել փոխանցելով և վերստեղծելով․ Արմինե Տիգրանյան․ «Ժամանակի վկան»

44-օրյա պատերազմի ընթացքում բռնի տեղահանության ենթարկված արցախահայերի մշակութային իրավունքը բացարձակապես չի իրացվում։ Էթնիկ զտման ու բռնի տեղահանության ադրբեջանական քաղաքականությունը բացասական անշրջելի հետևանքներ է թողնում արցախահայության մշակութային ժառանգության վրա՝ առաջացնելով նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բազում խնդիրներ։

ԵՊՀ Մշակութաբանության բաժնի ասպիրանտ, դասախոս, «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի գիտաշխատող Արմինե Տիգրանյանն այս թեմայով զեկուցում է ունեցել «Թաթուլ Կրպեյանի անվան Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողովի՝ 2023 թ․ ապրիլյան նստաշրջանում։

Թեմայի առաջին հատվածն առանձին հաղորդումով հեռարձակվել է հունիսի 17-ին։ Հաղորդումը կարող եք լսել Հանրային ռադիոյի պաշտոնական կայքէջի «Ժամանակի վկան» հաղորդաշարի հարթակում։

Այս հաղորդման շրջանակում Արմինե Տիգրանյանի հետ հանգամանալից կներկայացնենք զավթված հայկական տարածքներում ադրբեջանական հայատյաց քաղաքականության աղետալի հետևանքները պատմա-ազգագրական, կրոնական, էթնոմշակութային, սոցիալ-հոգեբանական և այլ հարակից ուղղություններով։

Ինչո՞վ են միմյանցից տարբերվում ժողովուրդները։ Ազգագրության մեջ հստակ ձևակերպում կա․ որոշակի տարածքում պատմականորեն ձևավորված կայուն  համախմբությունը, որն օժտված է ընդհանուր, համեմատականորեն կայուն լեզվական, մշակութային ու հոգեկան առանձնահատկություններով, ինչպես նաև սեփական միասնության և նման այլ կազմավորումներից տարբերվելու գիտակցությամբ (ինքնագիտակցությամբ), որը պահպանել է տեղային մշակույթի, լեզվի, սովորույթների որոշակի առանձնահատկություններ, կոչվում է ժողովուրդ։ Այս ձևակերպումից պարզ երևում է, որ ժողովուրդ եզրույթում յուրաքանչյուր բաղադրիչի անտեսումը, խարխլումը կամ բացառումը միտված է միասնական համակարգի վերացմանը։ ժողովրդին զրկելով այս տարրերից որևէ մեկից կառաջացնի հնարավորություն քայքայելու միասնությունը, որն էլ հղի է իսպառ վերացման սպառնալիքով։

Ադրբեջանական պետական քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ միտված է խաղաղության կեղծ թեզի ներքո խարխլելու հայկականության միասնական համակարգը։ Այժմ առանձին օրինակներով տեսնենք, թե դա ինչպե՞ս իրականացրեց թշնամին զավթված հայկական պատմական տարածքներում։

Ոչ նյութական մշակութային ժառանգության իրացման իրավունքից զրկում․ օրինակ՝ հայրենազրկման հետևանքով փառատոնների չկայանալը։

Նռան փառատոնը նույնպես չի կայանում։ Տարօրինակն այն է, որ արցախյան ձեռագրերում, որմնանկարներում, խաչքարերի վրայի զարդանախշերում նուռը որպես հայկական մշակույթի տարր առկա է հնագույն ժամանակներից, երբ դեռ ադրբեջանցի էթնոնիմ և առավել ևս Ադրբեջան պետություն գոյություն չուներ։ Բայց այսօր Ադրբեջանը սեփականացնում է նաև նռան մշակույթը։

Այսօր զավթված է նաև Շուշիի շրջանը և այնտեղ իրականացվող խնոցու փառատոնը այլևս պատմություն է։ Տարբեր վայրերում ապաստանած շուշեցիներն ինչպե՞ս հարեն խնոցի, որտե՞ղ, ինչպե՞ս հավաքվեն։

Հայաստանում թթու ամեն տեղ էլ պատրաստում են, բայց Հադրութում հնուց եկած թթվի ուրույն մշակույթն այսօր արդեն կարելի է համարել անհետացման եզրին։

Ոչ նյութական մշակութային ժառանգության բաղկացուցիչ տոները, տոնախմբությունները նույնպես չեն իրականացվում ներկայումս Ադրբեջանի կողմից զավթված  հայկական բնակավայրերում։

Արցախահայության համար կարևոր նշանակություն ունի նաև ոչ նյութական մշակութային ժառանգության տարր համարվող ժնգյալով հացը, որի իրացման ամբողջական մշակույթը նույնպես խարխլվել է մարտակերտցիների հայրենազրկման հետևանքով։

Իսկ հադրութցիները զրկվել են միասնաբար ձավարով կուրկուտ և տոնական խաշիլ պատրաստելու խոհանոցային գործառույթից նույնպես։

Հադրութցիները չեն կարող իրացնել նաև հին ժամանակներից սերնդե-սերունդ փոխանցված թթի դոշաբի, ինչպես նաև թթի օղու պատրաստման մշակույթը։

Արցախում, ինչպես և Հայաստանի տարբեր շրջաններում, թոնիրը հնագույն ժամանակներից ունեցել է պաշտամունքային ծիսական նշանակություն։

Վտանգված են նաև արցախահայության մշակույթի կարևոր բաղադրիչները՝ գորգագործությունն ու կարպետագործությունը։

Հադրութի հանրահայտ տնջրի ծառը նույնպես զավթված է, որի պատճառով սրբազան ծառի հետ կտրվել է հոգեկան կապը։ Հադրութի 47 գյուղերի բարբառն ու լեզվամտածողությունը նույնպես կորստյան վտանգի տակ են։

Այս ամենին հավելենք նաև ադրբեջանական զեղծարարությունը, կեղծ ինքնության ստեղծման քաղաքականությունը, հայկական հուշարձանների, եկեղեցիների, խաչքարերի ավերումն ու զեղծումները։

Ամփոփելով հաղորդումը ևս մեկ անգամ հիշեցնենք մշակութային ոչ նյութական ժառանգության գլխավոր գործառույթը․ մշակույթը պահպանել հնարավոր է այն փոխանցելով և վերստեղծելով։

Back to top button